Ըստ Սանասարյանի՝ լավ կլինի, որ «բնապահպանության նախարարությունը փակվի»

Ըստ Սանասարյանի՝ լավ կլինի, որ «բնապահպանության նախարարությունը փակվի»

Լարիսա Փարեմուզյան, Հետք

Անկախության 20-ամյակի առթիվ Ալավերդու «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարվեց Ալավերդու պղնձաձուլական գործարանի Կոշաբերդ սարի գագաթը բարձրացված նոր ծխատարի շահագործման մեկնարկի մասին:  

«Վալլեքսի» տոնական միջոցառումներին մասնակցող Հայաստանի «Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանին «Հետքը» խնդրեց կարծիք հայտնել նոր ծխատարի մասին: Վերջինս նշեց, որ դեռևս չի ուսումնասիրել ծխատարի տեղափոխման ծրագիրը: «Միայն անցյալ օրն ինձ ասացին, որ այսօր պետք է այդ խնդիրը քննարկվի: Հենց դրա համար էլ եկել եմ»,- ասաց Սանասարյանը:  

Այնուամենայնիվ, նա նշեց, որ ինչքան խողովակը բարձր է, այնքան թունավոր նյութերը շրջակա միջավայրում ավելի տարածական են լինում: «Կոնկրետ ալավերդցիների համար թունավոր ավելի քիչ նյութեր կտարածվեն,- ասաց Հ. Սանասարյանը և հավելեց,- բայց մենք պետք է հաշվի առնենք, որ այդ տոքսիկ նյութերը հենց այնպես չեն կորչում. նրանք խողովակի բարձրության դեպքում կարող են հասնել մոտակա բնակավայրեր` Օձուն, մնացած գյուղեր, եթե կա անտառային համակարգ, մեծ վնասներ հասցնել և դրանց»: 

Հակոբ Սանասարյանը ծխատարի կառուցման հետ կապված իր կարծիքը հայտնել է «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին: «Դուք ասում եք, որ շուտով միջանկյալ ձևով պետք է Ալավերդիում մի գործարան կառուցվի ծծմբական թթվի արտադրության համար և այդ ընթացքում կարող եք ստանալ հազվագյուտ մետաղներ: Ինչո՞ւ այդ գումարները (խոսքը ծխատարի համար ներդրված 1մլն դոլարի մասին է) միանգամից չդրեցիք այդ գործարանի կառուցման նպատակով կամ չօտագործեցիք նախնական քայլեր կատարելու համար»,- հարցրել է Սանասարյանը: 

Թե ինչ է պատասխանել Վալերի Մեջլումյանը, նա չի ասում: Այդուհանդերձ, Սանասարյանը գտնում է, որ Ալավերդի քաղաքում տիրող էկոլոգիական աղետի գլխավոր պատասխանատուները ոչ թե արդյունահանողները կամ հանքարդյունաբերությամբ զբաղվողներն են, այլ այն մարդիկ, ովքեր տալիս են դրա թույլտվությունը, կամ նրանք, ովքեր ի պաշտոնե հանրապետության քաղաքացիների կյանքի անվտանգության երաշխավորն են: 

«Գլխավոր մեղավորները հանրապետության նախագահը, վարչապետը և նրանց կից ՀՀ բնապահպանության նախարարությունն է, որը շատ հաճախ կանգնում է փողատերերի կողքին և ի վնաս ժողովրդի ու բնության` կիրառում է այսպիսի գործելակերպ»,- ասում է Հակոբ Սանասարյանը: 

Ըստ նրա՝ Ալավերդիում, բացի կազմակերպված արտանետումներից, կան նաև ոչ կազմակերպված արտանետումներ: Խոսքը մասնավորեցնելով՝ Սանասարյանն ասում է, թե նկատի ունի գործարանի ձուլարանի արտադրամասի վառարանից քաղաքի վրա տարածվող թունավոր գազերի արտանետումները: Այս առումով բնապահպանը կարևոր է համարում տարբեր ուսումնասիրություններ կատարող լաբորատորիաների դերը: 

«Այդ լաբորատորիաների հետազոտության արդյունքում պետական պաշտոնյաները և ժողովուրդը պետք է տեղյակ լինեն, թե ինչ օդ են շնչում և ինչ նյութեր են լցվում ջրային համակարգեր: Բայց այդ բոլոր լաբորատորիաները համարյա ոչնչացված են»,- ասում է Սանասարյանը եւ շեշտում, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխնելույզով արտանետվող թունավոր նյութերը ծանր հետևանքներ են թողնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա: 

Ալավերդիում ստեղծված վիճակի համար «Կանաչների միության» նախագահը մեղադրում է նաեւ կոնկրետ Արամ Հարությունյանին. «Բնապահպանության նախարարը թող գա ոտքով շրջի և նայի մարդկանց աչքերին: Այստեղ ապրում են և զավակ ծնում՝ արդեն հիվանդ: Ամոթ է, ամոթ: Այսքա՞ն տգիտություն և այսքա՞ն անխղճություն»: 

Հակոբ Սանասարյանն ասում է, թե ամեն ինչ կարող է անել, միայն թե «բնապահպանության նախարարությունը փակվի, քանի որ Հայաստանի բնությանը և տնտեսությանը այս նախարարությունը միայն վատություն է բերում»: 

Սեպտեմբեր 28, 2011 at 15:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր