ԷկոԼուր
8 երկրների` Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Չեխիայի, Իտալիայի, Ղազախստանի, Լեհաստանի և Ուկրաինայի ՀԿ ոլորտի ներկայացուցիչներ Չեխիայի Օստրավա քաղաքում ստորագրեցին «Արդյունաբերության հետևանքով օդի աղտոտման մասին» հռչակագիրը:
Հռչակագիրը ստորագրվեց նոյեմբերի 19-ից 21-ը տեղի ունեցած «Պայքար օդի աղտոտման դեմ Եվրոպայի արդյունաբերական քաղաքներում» միջազգային կոնֆերանսի շրջանակներում: Հայաստանից այն ստորագրեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը: Հռչակագիրը հետագայում ներկայացվելու է երկրների կառավարություններին: ԷկոԼուրի հետ զրույցում Օլեգ Դուլգարյանը նշեց, որ Հայաստանի կառավարությանն այն կներկայացվի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո:
Հռչակագրի տեքստում մասնավորապես նշված է.
«Աղտոտվածությունը սահմաններ չի ճանաչում։ Դա անթրոպոգեն դարաշրջանի մեծագույն գոյաբանական խնդիրներից մեկն է, որը վտանգի տակ է դնում մարդկության գոյատևման հարցը։ Համաշխարհային համախառն ներքին արդյունքի 6%-ը կազմում են թունավոր օդը, ջուրը, հողը և աշխատատեղերը։ Աղտոտման հետ կապված մահացության ցուցանիշը 3 անգամ ավելի բարձր է, քան ՁԻԱՀ-ը, մալարիան և տուբերկուլյոզը միասին: Օդի աղտոտվածությունն ինքնին ամեն տարի սպանում է 4,5 միլիոն մարդու։
Մենք կոչ ենք անում մեր կառավարություններին, պետական մարմիններին ու կազմակերպություններին, միջազգային ֆինանսական հաստատություններին, արդյունաբերողներին՝
- Քաղաքացիներին ապահովել տեղեկատվություն ստանալու իրավունքով և հնարավորինս արագ, անվճար տրամադրել բոլոր հրապարակայնորեն մատչելի տվյալները օդի աղտոտվածության և այդ աղտոտվածության` շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցության վերաբերյալ: Օրինակ, բոլոր տեսակի մոնիտորինգի արդյունքներն արտահոսքերի ու արտանետումների, բնակչության առողջական վիճակի, հիվանդությունների և մահացությունների մասին՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները (օնլայն տվյալների բազան, բջջային հավելվածներ և այլն);
- Ապահովել օդի որակի (թողարկման) մոնիտորինգի անկախ, վստահելի և համապատասխան համակարգեր, ինչպես նաև նախազգուշացման համակարգեր և սմոգի կարգավորման համակարգեր;
- Սկսել կամ արագացնել ներդրման և ստանդարտների օգտագործման գործընթացը, որոնք կգործեն Եվրոպական միությունում որպես մի շարք օրենսդրական և տեխնիկական պահանջների առկա լավագույն հավաքածու, ինչը նկատելի դրական ազդեցություն կունենա օդի աղտոտվածության մակարդակի վրա, հատկապես մթնոլորտային օդի որակի, և Եվրոպայում ավելի մաքուր օդի մասին 2008//ECEC 50 հրահանգը ու արդյունաբերական արտանետումների վերաբերյալ 2010/75/EU75 հրահանգը;
- Երկակի ստանդարտներ չկիրառել, հատկապես բազմազգ ընկերությունների կողմից՝ անկախ ազգային օրենսդրությունների առանձնահատկություններից։ Մենք կարծում ենք, որ մարդկային կյանքն ամբողջ աշխարհում ունի նույն արժեքը, և կորպորացիաները պետք է հավասարաչափ ուշադրություն դարձնեն շրջակա միջավայրի պահպանմանը և մարդու առողջությանը ցանկացած երկրում;
- Բարելավել օրենքի կիրառումը՝ ներառյալ պետական և հասարակական հսկողության և աղտոտող նյութերի արտանետումների վերահսկողության գործող համակարգերը և օրենքի խախտման դեպքում համապատասխան տուգանքները։ Ֆինանսավորում չընդունել էկոլոգիապես վնասակար ներդրումների համար հասարակական ֆոնդերից և սատարել միայն այն ներդրումները, որոնք, անկասկած, հանգեցնում են բնապահպանական իրավիճակի բարելավմանը և օգտագործում են լավագույն հասանելի տեխնոլոգիաները;
- Ընդլայնել հասարակության համար մասնակցության հարթակը օդի աղտոտման հետ կապված որոշումների ընդունման գործընթացում, ինչպիսիք են բնապահպանական կամ ինտեգրված թույլտվությունները՝ ներառյալ հանրությանը ներգրավելու ոչ պաշտոնական մեթոդները, ինչպես նաև հանրության կարծիքը հաշվի առնելը։
Մենք խորապես մտահոգված ենք բնապահպան ակտիվիստների հետապնդման դեպքերի աճով և կոչ ենք անում պետական մարմիններին ու մասնավոր կազմակերպություններին անհապաղ կանգնեցնել ցանկացած բռնի գործողություն բնապահպան ակտիվիստների նկատմամբ, կանխել ապագա հնարավոր դեպքերը և մանրակրկտորեն ուսումնասիրել ներկա իրավիճակները։
Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին կոչ ենք անում ուշադրություն դարձնել օդի աղտոտվածության թեմային և համատեղ ջանքերով ապահովել տեղեկատվության մատչելիությունը և այս թեմայի վերաբերյալ նպաստել հասարակության մասնակցությանը որոշումների կայացման գործընթացում»:
Կոնֆերանսի ժամանակ Օլեգ Դուլգարյանը ներկայացրել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի շուրջ ստեղծված էկոլոգիական և սոցիալական իրավիճակը, «SOS Ալավերդի» նախաձեռնության գործունեությունը, նրա ընկալումը հասարակության տարբեր խմբերի կողմից և մարտահրավերները, Ալավերդիում էկոլոգիական և սոցիալական խնդիրների կարգավորմանն առնչվող նոր կառավարության գործունեությունը, ինչպես նաև Հայաստանում թավշյա հեղափոխության ընթացքն ու հաղթանակը: Մասնակիցների կողմից բերվել են շրջակա միջավայրին առանց վնաս հասցնելու մետաղաձուլության Եվրոպայի լավագույն օրինակները:
Կոնֆերանսը կազմակերպել էին չեխական «Արնիկա» բնապահպանական ՀԿ-ն՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Օստրավայի համալսարանի աջակցությամբ:
Դեկտեմբեր 06, 2018 at 16:53