2005թ-ից ի վեր Արթիկի օդային ավազանը անտեսված է

2005թ-ից ի վեր Արթիկի օդային ավազանը անտեսված է

ԷկոԼուր

Թեպետ Արթիկ քաղաքը գտնվում է քարհանքերի փոշու ազդեցության տակ, սակայն այստեղ 2005թ-ից ի վեր մթնոլորտային օդի մշտադիտարկում չի իրականացվել:

Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին «Շրջակա  միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոնից»,  Շիրակի մարզում ուսումնասիրվում է միայն Գյումրիի օդային ավազանը, իսկ Արթիկի օդային ավազանում մշտադիտարկում անցկացնելու համար անհրաժեշտ են պետական հավելյալ ֆինանսական միջոցներ, որը չի տրամադրվում գրեթե 10 տարի:

2005թ-ին նախորդող տարիների ուսումնասիրությունների արդյունքում Արթիկում փոշու խտությունը կազմել է  2.000գ/վրկ, որը բազմակի անգամ գերազանցում է ընդհանուր փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (0.15մգ/մ3 24 ժամում):

«Քաղաքի կառուցապատված տարածքից դուրս գտնվող հյուսիսային, արևելյան և հարավային լանջերը ծածկված են ներկայումս շահագործվող և վաղուց չշահագործվող քարհանքերի թափոններով: Բաց երկնքի տակ գտնվող այս հանքերը հսկայական ծավալների հասնող փոշու աղբյուր են: Արագածից եկող քամիներն այդ փոշին ուղղակի ցրում են շրջակա բուսածածկույթի և քաղաքի վրա: Այդ տարածքներում բուսականությունն իսպառ բացակայում է… Քարարդյունահանման ընթացքում առաջացած մնացորդները կազմում են արդյունահանված տուֆազանգվածի 65%-ից ավելին:  Այդ մնացորդների միայն 30%-ն է օգտագործվում որպես լցանյութ բետոնի համար, մնացածն ուղղակի լքվում է արդյունահանման տարածքում»,- մասնավորապես նշված է «Արթիկ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման 2013-2016թթ. ծրագրում»:

2016թ-ի հուլիսի 1-ի դրությամբ Արթիկի ոչ մետաղական հանքերի համար տրված է 17 ընդերքօգտագործման իրավունք:

Հուլիս 07, 2016 at 17:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր