Բնապահպանները նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին նվեր էին բերել Դեբեդ գետի տիղմը և աղտոտված ջուր Տանձուտի հանքավայրից

Բնապահպանները նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին նվեր էին բերել Դեբեդ գետի տիղմը և աղտոտված ջուր Տանձուտի հանքավայրից

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի նոյեմբերի 23-ի խաղաղ մամուլի ասուլիսին հաջորդեց բնապահպանների աղմկոտ մուտքը նախարարության շենք: Պարզվեց, որ Հայկական բնապահպանական ճակատի 3 ներկայացուցչի թույլ չէին տվել բարձրանալ վերև և մասնացել նախարարի ասուլիսին չնայած նրան, որ մեկ օր առաջ նախարարությունը հայտարարել էր. «Հանդիպմանը հրավիրվում են մասնակցելու ԶԼՄ-ների, բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների ներկայացուցիչներ»։

ՀԲՃ-ի անդամներին հաջողվել է վերև բարձրանալ միայն 1 ժամ անց, երբ ասուլիսն արդեն ավարտվել էր, ԶԼՄ-ների մեծ մասը՝ գնացել: Վերևում էլ բնապահպաններին չհաջողվեց իրենց հարցերն ուղղել նախարարի պաշտոնակատարին. վերջինս հրաժարվեց խոսել տեսախցիկների առջև և դուրս չեկավ իր աշխատասենյակից:

Բնապահպանները նախարարի մոտ դատարկ ձեռքերով չէին եկել: «Մեզ մոտ արդեն կա տենդենց՝ նվեր տալ վատ նախարարներին: Մենք նվեր ենք բերել՝ Դեբեդ գետից վերցված տիղմը, որը լցվել է գետ Թեղուտի և Ախթալայի հանքերից, և Տանձուտի հանքավայրի տարածքից վերցրած ջուրը, որը թթվային դրենաժի հետևանքն է: Այդ հանքը վաղուց չի շահագործվում, բայց թթվային դրենաժի գործընթացը մինչև հիմա գնում է: Մենք Էրիկ Գրիգորյանին մարտահրավեր ենք նետում՝ գնացեք, Տանձուտի հանքավայրի թթվային դրենաժը փորձեք կանխել, հետո նոր խոսացեք Ամուլսարի հանքի թթվային դրենաժի կանխարգելումից, որը հարյուրապատիկ ավելի մեծ ծավալներով է լինելու և տևելու է ավելի երկար ժամանակ», - ասաց ՀԲՃ-ի անդամ Անի Խաչատրյանը:

Նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն էլ հավելեց. «Հիմա կառավարության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ մասնագետները, բնապահպանները, միջազգային տարբեր փորձագետներ պետք է ապացուցեն, որ վտանգ չի սպառնում հանքի շահագործումից: Հակառակը պետք է լինի. հանք շահագործողները և պետական մարմինները պետք է  մեզ ապացուցեն, որ վտանգ չի սպառնում, իսկ այդ ապացույցներն այսօր չկան: Դրա օրինակն էլ Տանձուտն է, որը 100 անգամ փոքր է այսօրվա շահագործվող հանքերից, բայց իրենից դուրս եկող ջրի մեջ ծանր մետաղների պարունակությունը հարյուրավոր անգամներ գերազանցում է նորմաները: Եթե մեր կառավարությունը՝ նախորդ, ներկա, չի ապացուցել, որ այս գործընթացը կառավարելի է, կարելի է այս ջրերը մաքրել և ինչ արժե դա, ինքը իրավունք չունի ոչ մի նոր հանքի շահագործում թույլատրել: Եթե Ամուլսարի մասին առանձին խոսենք, 180 միլիոն դոլլար է պետք միայն ջրերի կառավարման համար, իսկ «Լիդիան»-ի որևէ փաստաթղթում ոչ մի թիվ գրված չէ՝ ինչքան փող են իրենք պատրաստ տրամադրել, որպեսզի այդ աղտոտումը մաքրվի»:

Անի Խաչատրյանը նշեց, որ ցանկանում էին Էրիկ Գրիգորյանին հարց ուղղել. «Արդյոք շահերի բախում չէ, որ նախարարն աշխատել է մի կազմակերպությունում, որը «Լիդիան»-ի համար է աշխատել, այսինքն, նախարարը աշխատել է «Լիդիան»-ի համար: Ուզում ենք դա նախարարից հարցնել, որը «Լիդիան»-ին է պաշտպանում և տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների վերաբերյալ էլ ասում է՝ չկան այդ խախտումները»:

Հիշեցնենք, որ արդեն 5 ամիս է` Ամուլսարի ծրագրի ազդակիր Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները և բնապահպանները փակ են պահում հանք տանող բոլոր ճանապարհները՝ թույլ չտալով շարունակել ծրագրի ենթակառուցվածքների շինարարությունը: Վերջերս հայտնի դարձավ, որ ծրագրի հեղինակ «Լիդիան Ինթերնեշընըլ»-ը ստացել է 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով արագ փոխառության կանխավճար, որը գործածվելու է «ընկերության կողմից որոշակի տեսակի ծախսեր կատարելու համար, քանի դեռ ընկերությունը շարունակում է իր աշխատանքը Ամուլսարի ոսկու հանքի ապօրինի շրջափակումը վերացնելու ուղղությամբ»: Ամուլսարի ծրագրի դեմ պայքարող քաղաքացիներն էլ բաց նամակով դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Միշել Բաչելետին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով պաշտպանել իրենց իրավունքները:

18:21 Նոյեմբեր 23, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news