Արթուր Գրիգորյան` Տեսչական մարմինը գլխատվեց այն ժամանակ, երբ ամփոփվում են Քաջարանի պղնձամոլբդենային հանքավայրում անցկացված ստուգումների արդյունքները

Արթուր Գրիգորյան` Տեսչական մարմինը գլխատվեց այն ժամանակ, երբ ամփոփվում են Քաջարանի պղնձամոլբդենային հանքավայրում անցկացված ստուգումների արդյունքները

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը երկօրյա լռությունից հետո խոսեց իր պաշտոնանկության մասին: «ՍիվիլՆեթ»-ի տաղավարում Գրիգորյանը հայտնեց՝ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը լքելու առաջին մեսիջը եկել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից:

«Մոտ մեկ շաբաթ առաջ տեսչական մարմնի համակարգման գրասենյակի ղեկավարը ինձ փոխանցեց Տիգրան Ավինյանի առաջարկը՝ ներկայացնել դիմում աշխատանքից ազատվելու վերաբերյալ:  Ես ասացի, որ իմ անմիջական վերադասը վարչապետն է, և եթե կա որևէ խնդիր, ապա վարչապետը պետք է ինձ դա ասի: Աշխատանքային խորհրդակցություն էի վարում, երբ իմ օգնականը զանգեց և ասաց, որ կառավարության կայքում դրված է այսպիսի բան: Երբ վարչապետը Հայաստանում չէր, ես չէի կարող ակնկալել, որ այդպիսի որոշում կկայացվի:

Սկզբունքային հարցն այն է, որ պետք է մատչելի կերպով և ազնվորեն խոսել այն հարցերի մասին, որոնց շուրջ կարծիքների անհամատեղելիության պատճառով անհնարին է դարձել իմ աշխատանքը կառավարությունում: Հստակ հիմնավորումներ են պահանջվում, պետք է լինի դիրքորոշում, կոնկրետ հիմնավորում այդ դիրքորոշման, մասնագիտական, քաղաքական պատասխանատվություն և հանրային քննարկում այդ հարցի վերաբերյալ», - ասաց Արթուր Գրիգորյանը:

Նա նշեց, որ տեսչական մարմինը գլխատվում է հենց այն ժամանակ, երբ ամփոփվում են Քաջարանի պղնձամոլբդենային հանքավայրում անցկացված ստուգումների արդյունքները: Գրիգորյանը շեշտեց, որ պատրաստվում էր Քաջարանում հայտնաբերված խնդիրները ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Տեսչական մարմինը պետական շատ կարևոր գործառույթ իրականացնող մարմին է, հզոր կառույց, և երբ կառույցի ղեկավարին հորդորում են աշխատանքից հեռանալու դիմում ներկայացնել, պետք է շատ հստակ հիմնավորումներ լինեն: Պետք է շատ լուրջ քննարկվի՝ ինչպես շարունակել կիսատ մնացած ստուգումները: Քաջարանում 4.5 ամիս ստուգումն ենք անում, դեկտեմբերի 21-ին ենք ավարտվել (ԷկոԼուր՝ հենց այս օրը Արթուր Գրիգորյանը պաշտոնանկ արվեց), որից հետո ունենք աշխատանքային 10-օրյա փուլ այդ հսկայածավալ ինֆորմացիան ամփոփելու ու իրավական գնահատական տալու համար: Այս փուլում գլխատել տեսչական մարմինը որքանով է պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանում, այլ  հարց է:

Քաջարանի վերաբերյալ որոշում կայացնելու պատասխանատվությունը չպետք է թողնել տեսուչների վրա, պետք է լինի կոնկրետ անձ՝ այս հարցի վերաբերյալ իրավական և քաղաքական որոշումներ կայացնելու համար: Այստեղ խնդիրները տարբեր շերտերով են, միայն բնապահպանական չեն: Ես բոլոր խնդիրները պատրաստվում էի ներկայացնել վարչապետին և զուգահեռաբար քննարկել Տիգրան Ավինյանի առաջարկությունն աշխատանքից ազատվելու վերաբերյալ», - նշեց Արթուր Գրիգորյանը:

Մանրամասները՝ Սիվիլնեթի տեսանյութում:

17:08 Հունվար 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news