ԷկոԼուր
Ջերմուկի ավագանուն՝ Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին նախկինում ընդունած որոշումը վերացնելու կամ փոփոխելու առաջարկով տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը խախտել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերը: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց իրավաբան Նազելի Վարդանյանը:
«Նախարարությունը իր հանձնարարականում վկայակոչում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ մոռանալով, որ 1-ին մասի համաձայն պետք է վարչական վարույթ իրականացվեր:
Նշված հոդվածի առաջին մասի համաձայն՝ լիազոր մարմինը իրավունք ունի մասնագիտական և իրավական վերահսկողություն իրականացնել՝ ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներով: Այդ կետը խախտվել է: Նախարարությունից ասում են՝ Ջերմուկի ավագանին օրենքի խախտում է արել: Բայց, թե որ օրենքի որ հոդվածն է խախտվել, նշված չէ, ոչ մի հիմնավորում չեն ներկայացրել: Նախարարության կողմից պետք է վարչական վարույթ իրականացվեր, դրա հիման վրա որոշում կայացվեր, պահպանելով սահմանված ժամկետները, ինչը չի արվել: Առանց վարչական վարույթ իրականացնելու՝ առաջարկություն է արվել ավագանու որոշում վերանայելու, ինչը նշանակում է, որ նախարարությունն իրականացրել է ոչ իրավաչափ գործողություններ:
Խախտվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի նաև երկրորդ մասը, որի համաձայն լիազոր մարմինն այդպիսի պահանջ կարող է ներկայացնել որոշման ընդունումից հետո 20 օրվա ընթացքում: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն այդ ժամկետները խախտել է»,-ասաց Նազելի Վարդանյանը:
Նա նշեց, որ Ջերմուկի ավագանու որոշումը տվյալ տարածքում ունի բարձրագույն ենթաօրենսդրական ակտի նշանակություն և չպետք է հակասի ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին: Կառավարությունը վերադաս չէ տեղական ինքակառավարման մարմիններին և իրավունք չունի ավագանու որոշում փոխել: Եթե կառավարությունը համաձայն չէ այդ որոշման հետ, խնդիրը լուծվում է դատական կարգով:
Նազելի Վարդանյանը նաև նշեց, որ ավագանին իր իրավասությունների սահմանում և, ղեկավարվելով «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ 1-ին մասի 3-րդ կետով, հավանություն է տվել Ջերմուկ համայնքի 3000 բնակիչների ներկայացրած հանրագրին: Բացի այդ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը»: Ջերմուկի ավագանին գործել իր իրավասության սահմաններում:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Ջերմուկի ավագանին մերժեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկը՝ վերացնել համայնքի տարածքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին 2018 թ. դեկտեմբերի 18-ին ընդունած որոշումը:
Փետրվար 01, 2019 at 19:29