Գնդեվազի որոշ բնակիչներ հայտարարել են, որ պատրաստ են հետ վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները

Գնդեվազի որոշ բնակիչներ հայտարարել են, որ պատրաստ են հետ վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները

ԷկոԼուր

Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի որոշ բնակիչներ պատրաստ են հետ վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները: Այս հայտարարությունը նրանք արեցին փետրվարի 9-ին Գնդեվազում տեղի ունեցած Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին վերաբերյալ քննարկման ժամանակ: Ըստ նրանց` մեծ մասն իրենց հողերը ստիպված են վաճառել ընկերությանը հանքավայրի ենթակառուցվածքների կառուցման համար, որովհետև մեծ հողակտորներն արդեն վաճառված էին, եթե իրենք հրաժարվեին, միևնույն է, այդ հողը կճանաչվեր բացառիկ գերակա հանրային շահ, և իրենց ձեռքից կվերցնեին: «Այդ 3-4 միլիոն դրամը մեզ համար ոչ մի նշանակություն չունի մեր ձեռքից վերցված հողերի համեմատությամբ», - ասաց մի գնդեվազցի:

Ելույթ ունեցողներից երկրաբան Հայկարամ Արսենյանը նշեց, որ եթե Ամուլսարի հանքն աշխատի, պայթեցումներից առաջացած փոշին քամու միջոցով կգա դեպի Գնդեվազ և կաղտոտի համայնքի հողատարածքները:

«Կարծում եմ՝ բոլորդ ուզում եք առողջ ապրել և ձեր տանը ապրել: Բայց այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հանքը մեծ վտանգ է մեր առողջության, կյանքի, առավել ևս՝ մեր հետագա սերունդների համար: …Այսօր կշեռքի նժարների վրա է դրված Ջերմուկ հանքաջրաբուժական առողջարանը և հանքը», - իր ելույթում մասնավորապես ասաց Ջերմուկի ավագանու անդամ, բժիշկ Հասմիկ Սարգսյանը:

Քննարկման ընթացքում մասնակիցները վերահաստատեցին Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին դեմ լինելը:

Մանրամասները` Թեհմինե Ենոքյանի տեսանյութում:

 



16:13 Փետրվար 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news