Մինչ օրս դատարանը չի ստացել Բնապահպանության նախարարության դիրքորոշումը Ամուլսարի գործի քննության ընթացքում առաջացող իրավական խնդիրների վերաբերյալ

Մինչ օրս դատարանը չի ստացել Բնապահպանության նախարարության  դիրքորոշումը Ամուլսարի գործի քննության ընթացքում առաջացող իրավական խնդիրների վերաբերյալ

ԷկոԼուր

Գնդեվազցիներն ընդդեմ Բնապահպանության և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների դատական գործընթացում Բնապահպանության (Շրջակա միջավայրի) նախարարության ներկայացուցչի մասնակցությունը ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը պասիվ գնահատեց:

Հունիսի 18-ին Վարչական դատարանում կայացած հերթական դատական նիստին Կարեն Զարիկյանը դիմելով Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցչին՝ նկատեց. «ՀՀ շահերի ներկայացվածության պասիվությունը ձեր գերատեսչությունների պաշտոնական մոտեցու՞մն է, թե ներկայացուցիչների պատրաստվածության խնդիրը»:

ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը ապրիլի 18-ին դիմել էր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, ուղարկելով նամակի օրինակները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դիմումի մեջ մասնավորապես նշված էր. «Բնապահպանության նախարարության ներգրավվումից ի վեր և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ոչ մի կերպ չի մասնակցում գործի քննությանը, գործի ընթացքում քննվող որևէ հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում դատարանը չի ստացել, ի դեպ այդ ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր։ Բնապահպանության նախարարության ներկայությունը դատական պրոցեսին զուտ ֆիզիկական է, ներկայացուցիչները զուտ մասնակցում են դատական նիստերին, մինչ օրս դատարանը չի ստացել Բնապահպանության նախարարության որևէ դիրքորոշում հայցի և դրա քննության ընթացքում առաջացող իրավական բազմաթիվ խնդիրների վերաբերյալ: Իհարկե, դատավարության մասնակցի ներկայացվածության ռազմավարությունը վերջինիս հայեցողության տիրույթում է, սակայն դատարանի Վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով լիազորված է հեռացնելու ներկայացուցչին, եթե տվյալ անձը ունակ չէ դատարանում ներկայացնել կողմին»։

Դիմումին ի պատասխան, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պատասխանել է. «Ձեր գրությամբ հիշատակված վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածը չի կարող Բնապահպանության նախարարությանը վերաբերվել, քանի որ այն վերաբերվում է բացառապես կողմերին՝ հայցվորին կամ պատասխանողին, մինչ դեռ Բնապահպանության նախարարությունը սույն գործով հանդես է գալիս որպես 3-րդ անձ։ Երկրորդ, 2015 թ ապրիլի 2-ին հայցվորները հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան, ինչը դատարանի կողմից ընդունվել է վարույթ։ Վարչական դատարանը հանգել է այն եզրակացության, որ Բնապահպանության նախարարությունը ՇՄԱԳ եզրակացությունը վարչական ակտ չի և հայցադիմումի ընդունումը մերժել է»։

Դատավոր Կարեն Զարիկյանը սակայն հակադարձեց, որ 23-րդ հոդվածը կիրառելի է նաև 3-րդ անձի վրա, այնքանով, որքանով օգտվում է բոլոր կողմերի իրավունքից և կրում է համահավասար պարտականություններ։ Միևնույն ժամանակ հավելեց․ «Ես նախարարի պատասխանից առնվազն տեղեկացա, որ այդ քաղաքականությունը հենց կառույցի և նախարարի դիրքորոշումն է, ինքը քաջատեղյակ է գործի ընթացքից և առնվազն իր տեղեկացվածությամբ է այդ ամենը տեղի ունենում»։

Հիշեցնենք, որ 2015 թ. ապրիլից ի վեր Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի բազմաթիվ քաղաքացիներ և բնապահպանական հասարակական կազմակերպություններ դատական հայց են ներկայացրել ՀՀ բնապահանության նախարարության, ինչպես նաև ՀՀ կառավարության այլ գերատեսչությունների դեմ՝ վիճարկելով Ամուլսարի հանքավայրի շահագործման հիմք հանդիսացող փաստաթղթերը: Մասնավորապես, վիճարկվում է ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հաստատված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը և որպես հետևանք՝ Ամուլսարի շահագործման համար հիմք ծառայող թույլտվությունները:

15:43 Հունիս 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news