ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ֆեյսբուքյան իրենց էջերում հանդես են եկել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հայտարարություններով

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ֆեյսբուքյան իրենց էջերում հանդես են եկել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հայտարարություններով

ԷկոԼուր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ֆեյսբուքյան իրենց էջերում հանդես են եկել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հայտարարություններով:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը գրել է.

«Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով, որի ընթացքում հայտնեցի իմ դիրքորոշումը և մտահոգությունները ELARD կազմակերպության փորձաքննության Ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր հատվածի վերաբերյալ: Ինձ համար դժվար է հավատալ, որ ես ընթերցել եմ նույն զեկույցը, որն ընթերցել է Քննչական կոմիտեն և միանշանակ եկել այն եզրակացության, որ ռիսկերը կառավարելի են: Կարդալիս ես ունեի այն զգացողությունը, որը ես միշտ ունենում էի միջազգային հետընտրական զեկույցներ ուսումնասիրելիս. երբ նախ կարդում ես բոլոր ընտրախախտումների վերաբերյալ փաստերի արձանագրումը, և վերջում կարդում ես մի ամփոփում, որտեղ եզրահանգվում է, որ թեև եղել են գործընթացի որոշակի խախտումներ, բայց ընդհանուր առմամբ, ընտրությունները մեկ քայլ առաջ էին:

Նույն կերպ ELARD-ի փորձագետները զեկույցում տրամադրում ենհանքի շահագործման թույլտվության հիմքում ընկած ՇՄԱԳ-ի արժանահավատությունը կասկածի տակ դնող գնահատականներ ևեզրահանգումներ, սակայն վերջնական ամփոփման մեջ հանգում են այլ եզրակացության: Զեկույցի հետ կապված իմ մտահոգությունները չփարատվեցին և ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է՝ կոնկրետ, առավել ևս շահագործելու, որոշում կայացնելու համար»։

ՀՀ ԱԺ «Իմ քայլ» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գրել էր.

«Սիրելի՛ քաղաքացիներ,
քանի որ Ամուլսարի շուրջ կան որոշակի զգացմունքային տրամադրություններ ու մեկնաբանություններ, առաջարկում եմ վերհիշել մի քանի առանցքային փաստ։

1. Լիդիանը Ամուլսարի շահագործման թույլտվությունը ստացել է ո՛չ թե հեղափոխությունից հետո, այլ տարիներ առաջ, երբ նախորդները հանքարդյունաբերությունը տնտեսության զարգացման գերակա ճյուղ էին դիտարկում: Ի հակառակ դրան՝  ներկայիս իշխանությունը հայտարարել է, որ հանքերի շահագործումը պետք է քայլ առ քայլ նվազի, և մենք մեր տնտեսության զարգացման հենասյուներից ենք դիտարկում նորագույն տեխնոլոգիաները, այլ ոչ թե հանքերը:

2. Ստեղծված իրավիճակը նկատի ունենալով՝ Կառավարությունը Ամուլսարի առնչությամբ որդեգրել է ռիսկերի կառավարման քաղաքականություն։

3. Ստեղծված իրավիճակը խճճված է, ունի բազմաթիվ շերտեր, և մենք պարտավոր ենք հարցին մոտենալ պետության նկատմամբ գերագույն պատասխանատվության, կորուստների և ձեռքբերումների իրական գնահատման դիտանկյունից, գործընթացների և ռիսկերի՝ մեր կողմից կառավարման հնարավորություններից ելնելով։ Բարդ որոշումներ կայացնելու կարևորագույն բաղադրիչը ռիսկերը հաշվարկելն ու վերահսկելն է, իսկ արդյունքներն ու հետևանքները՝ կանխատեսելը:

Հ.Գ. վստահ եմ, որ եթե Կառավարությունը կայացնի Ամուլսարը շահագործելու որոշում, ապա այն լինելու է վերը նշված սկզբունքների հիման վրա»:

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը գրել է.

«Մեր ստացած ժառանգությունը վատն է՝ տասնյակ պոչամբարներ ու հանքեր, որոնք թունավորում են մեր կյանքի ու ջրերի աղբյուրները, ձևախեղում մեր էությունը։
Առանց ռիսկերի հանքեր չեն լինում։

Անհավատալի է, որ մենք կկառավարենք ռիսկեր, որոնք մեր այսօրվա քայլերի արդյունքում մեր սերունդները կժառանգեն թթվայինդրենաժների, թունաբեր անձրևների, պղծված աղբյուրների ու գետերի տեսքով։

Մեր դեմ է աշխատում համաշխարհային հանքարդյունահանող հսկա հրեշը՝ իրեն ծառայող մարդկանցով, ինստիտուտներով,ֆինանսներով, փորձագետներով...

Ու հիմա մենք կանգնած ենք ընտրության առջև՝ հետևենք հանքահենների կողմից մեզ պարտադրված մեր իսկ երկրում գործող օրենքներին և թույլ տանք հերթական երախը բացել մեր սարերում, կամ ջարդենք ընդունված կարգն ու հայտարարենք, որ մեր երկրի տերը մենք ենք։

Էական չէ, թե ինչ ուժեր են ում սատարում, ինչ խարդավանքներ են նյութում միմյանց ու մեր դեմ։
Էականը մեր արժեքն է՝ ազատ, ինքնիշխան, անարատ երկրի ներկան։

Բնական բարոյականության օրենքը վեր է սահմանադրությունից էլ, օրենքներից էլ։
Ամուլսարի պաշարների նկատմամբ հավակնություն ունեցող ընկերությունը ազնիվ չէ մեր ու մեր երկրի հանդեպ։

Որևէ անկախ փորձաքննություն չի կարող հերքել հարյուրավոր վտանգների ու կենսական սպառնալիքի առկայությունը։

Հիմա խնդրանքս բոլորին (հատկապես հայ մարդկանց, ովքեր կամա թե ակամա ծառայում են հանքահեններին)՝ օգնեք, որ կառավարությունը չսխալվի։ Տվեք կառավարությանն այն հիմքերը, որոնցով շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր փորձաքննություն պետք է անցկացվի։

Ամեն մեկիս քայլից հիմա կախված է մեր երկրի ապագան։
Փրկենք Ամուլսարը»։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրել է.

«Սիրելի ընկերներ,
Ինձ ճանաչողները, իմ լրագրողական գործունեությանը գոնե վերջին 15 տարիներին երբեւէ հետեւած մարդիկ իհարկե գիտեն, որ բնապահպանական, հատկապես հանքարդյունաբերության հետեւանքով ծագած բնապահպանական խնդիրները միշտ եղել են իմ ուշադրության կենտրոնում` սկսած Քաջարանի ահռելի պոչամբարների խնդրից, Ալավերդիի, Սոթքի, Թեղուտի բնության անդառնալի վնասներից մինչեւ Ամուլսարի նոր մետաղական հանքի բացման անընդունելի ծրագիր, որի ՇՄԱԳ-ը դեռ տարիներ առաջ կարդալուց հետո հասկացա, որ Հայաստանում առկա այս ոլորտի օրենսդրական կարգավորումներով, կոռուպցիոն ահռելի ռիսկերով, ոլորտը կարգավորող ինստիտուտների թերզարգացած, վերահսկող ողջ համակարգի գրեթե չգոյության պայմաններում հնարավոր չէ ունենալ պատասխանատու հանքարդյունաբերություն։

Այսօր իրավիճակն ավելի բարդ է, ժառանգել ենք մի ծրագիր, որը ոչ միայն բնապահպանական մարտահրավերների առաջ է կանգնեցնում, այլ նաեւ էապես քաղաքական է, միջազգային բազմաթիվ գործընկերների շահերի բախման կիզակետում` ներդրումային միջավայրն ու վարկանիշը վնասելու լուրջ վտանգներով։

Բայց այս ամենին ԵՐԲԵՔ չի կարող ՍՏՈՐԱԴԱՍՎԵԼ Հայաստանի ազգային ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆԸ, իսկ բնապահպանական անվտանգությունը, հատկապես ջրային ռեսուրսների թեկուզ հնարավոր նվազագույն վնասը, ազգային անվտանգության առանցքային դրույթ պետք է լինի։ Որեւէ որոշում կայացնելուց առաջ, հետագայում նաեւ որեւէ նոր հանքի թույլտվություն տալուց առաջ նախ պետք է վերափոխենք ոլորտը կարգավորող ողջ իրավական ու գործառնական համակարգը, վերանայենք ընդերքօգտագործման քաղաքականությունը, ռազմավարությունն ու սկզբունքները, նոր միայն ձեռնամուխ լինենք այս հարցերի քննարկմանը։

Մի քանի նախնական դիտարկում.
Այս հարցը երբեք չպետք է դարձնել քաղաքական մանիպուլյացիաների գործիք, դա դարձնողներ ու դրա վրա քաղաքական դիվիդենտներ վաստակողներ անշուշտ կլինեն, սակայն իրապես մտահոգ քաղաքացիները լուծումը կտեսնեն խնդիրների մանրամասնքննարկման, ռիսկերի, այդ թվում նաեւ արբիտրաժում հնարավոր կորուստների վերացման շուրջ մոբիլիզացիայի ճանապարհով, իվերջո, վստահ եմ, որ կասկած չունեք, որ բոլորիս նպատակը մեր պետական, հանրային գերակա շահի պաշտպանությունն է։

ELARD-ի զեկույցը` նշված բոլոր ռիսկերով, մեծ հաշվով նորություն չէր, քանի որ տարիներ առաջ նշված ռիսկերի մասին պարբերաբար միջազգային փորձագետները հնչեցնում էին, բայց կարեւոր է, որ կրկին հստակ շեշտվում է, որ ՇՄԱԳ-ում բազմաթիվ թերացումներ ենառկա, հատկապես ջրային ռեսուրսների վրա ազդեցության, ԹԱԴ-երի հետեւանքների ուսումնասիրության մասով։

Զեկույցից ակնհայտ է դառնում, որ 2016-ին դրական եզրակացություն ստացած ՇՄԱԳ-ում կարեւորագույն փորձաքննություններ տեղչեն գտել, կամ չեն իրականացվել պատշաճ կերպով, որն էլ հենց խիստ կասկածի տակ է դնում քրեական գործի կարճման հնարավոր որոշումը։

Թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ)-ի հետեւանքների մասով ուսումնասիրության լուրջ թերացումների խնդիրը ներկայացվում է նաեւ այս զեկույցում, իսկ ԹԱԴ-ը ամբողջ աշխարհում այսօր ամենամեծ բնապահպանական խնդիրներից է, փակված, լքված հանքերում և հանքավայրերում եթե անգամ հնարավոր է լինում բնապահպանական աղետը վերացնել, ապա ահռելի, միլիարդավոր դոլարների ծախսմամբ միայն։

Զեկույցը հստակ շեշտում է նաեւ, որ հետփակման ընթացքի, տեխնիկական սպասարկման եւ մոնիթորինգի վերացման համար Լիդիանը ընդամենը հինգ տարի է նախատեսել, մինչդեռ վնասները հարյուրամյակներ են լինելու, սա նաեւ միջազգային պրակտիկայում առկա խնդիր է, մեծ է ռիսկը, որ հանքի փակումից հետո ջրերի մշակման ծախսը ընկնի Հայաստանի կառավարության վրա: Ըստ միջազգային փորձագետների, միջազգային պրակտիկայի հարյուրավոր օրինակները փաստում են, որ ընկերության շահույթները նվազում են ծախսերի մակարդակից ներքև, իսկ տեղի (հայկական) ընկերությունը իրեն հայտարարում է սնանկ՝ մի քանի տասնյակ տարիներով ԹԱԴ-ի վերահսկողությունը թողնելով կառավարությանը։ Առկա նախադեպերը հուշում են, որ եթե ՀՀ-ն հետագայում ստանձնի հետեւանքների վերացման բեռը, ընթացիկ ծախսերը հանքի գործունեության դադարեցումից հետո կարող են էապես գերազանցել շահագործման ժամանակ պետության ստացած եկամուտները:

Ամենամեծ մտահոգությունը ջրային ռեսուրսների վրա ազդեցությունն է, որի վերաբերյալ այս զեկույցում հստակ ներկայացված ենբազմաթիվ ռիսկեր, սա կենսական հարց է, նորից եմ շեշտում ազգային անվտանգության խնդիր, որի բոլոր վտանգները հնարավորինս բաց, թափանցիկ, առանց հուզականության ու շահարկումների պետք է քննարկենք, նոր միայն որոշում կայացնենք»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը գրել է.

«ELARD կազմակերպության փորձաքննության գնահատականների վերաբերյալ մնում եմ նույն կարծիքին. Լիդիան ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ում (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) առկա են լուրջ բացեր և թերացումներ, որոնք առհասարակ հարցականի տակ են դնում եղած եզրահանգումների և գնահատականների վստահելիությունը: Բայց կուզենայի հատկապես շեշտել մտահոգությունս հետևյալի շուրջ. ELARD ընկերությանը ներկայացված տեխնիկական առաջադրանքի պայմաններում (ToR) տրվել են հարցեր, որոնց ELARD-ը չէր կարող և իրավունք էլ չուներ պատասխանելու, մասնավորապես` հանքի շահագործումը ազդելու է Սևանա լճի վրա, թե ոչ, ազդելու է Զերմուկի ջրերի վրա, թե ոչ, ազդելու է ջրային համակարգի վրա, թե ոչ:

Այս հարցերին հստակ պատասխան տալու համար ELARD-ը պետք է նոր ՇՄԱԳ աներ, այլ ոչ թե արված ՇՄԱԳ-ը և մի շարք այլ փաստաթղթեր ուսումնասիրեր: Ըստ էության, ELARD-ը կատարել է մեր Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական ՊՈԱԿ- ի գործառույթներից մեկը` այն է ուսումնասիրել ՇՄԱԳ-ը, բացահայտել թերությունները և բացերը: Ինչն էլ կազմակերպությունն արել է և զեկույցի 1-3-րդ գլուխներում հստակ մատնանշել զգալի բացեր ու թերացումներ` թե ելակետային տվյալների և թե դրանց գնահատման մեթոդաբանական հիմքերի և շատ այլ կետերով, որոնք բերում են սխալ հաշվարկների, գնահատումների և անորոշությունների հանքի շահագործման ռիսկերի առումով: Կարդալով վերոնշյալ գլուխներն ամբողջությամբ`որևէ վստահություն չունեմ, որ հանքի շահագործումն անվտանգ է: Այս մասին հայտնել եմ վարչապետին «Իմ քայլը» խմբակցության հետ ունեցած հանդիպման ընթացքում և շարունակում եմ մնալ նույն կարծիքին»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը գրել է.

«Ես իրավիճակը հասկանում եմ այնպես, որ Էլարդի եզրակացությունը եթե ոչ ամբողջապես բացասական է, ապա առվնազն ավելի շուտ բացասկան է, քան դրական։ Այսինքն, այդ եզրակացությունը հիմք չի տալիս պնդելու, որ ռիսկերը կառավարելի են։ Մի խոսքով, քանի դեռ ինձ հակառակում չեն համոզել, դեմ եմ հանքի շահագործմանը։ Անշուշտ, ես փորձագետ չեմ այս հարցում։ Ավելին, ես դեռ շարունակում եմ ուսումնասիրել Էլարդի եզրակացությունը և բաց եմ ցանկացած փաստարկների և նոր ինֆորմացիայի համար։ Բայց այս պահին ինձ հասանելի տեղեկատվության հիման վրա կարող եմ ասել, որ իմ կարծիքը սա է։

Ամեն դեպքում, պետք է շարունակել ուսումնասիրել խնդիրը, լսել փաստարկներ բոլոր կողմերից, քննարկել հնարավոր ելքերը և հետևանքները։ Այդ գործընթացը պետք է հնարավորինս բաց և հասկանալի լինի հանրության համար։ Համոզված եմ, որ անկեղծ ու կառուցողական քննարկումների արդյունքում ի վերջո կգտնենք ամենաօպտիմալ լուծումը։ Եկեք չմոռանանք, որ մենք բոլորս՝ անկախ նրանից հանքին դեմ ենք թե կողմ, մտածում ենք Հայաստանի բարօրության մասին»։

16:05 Օգոստոս 20, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news