«Ամուլսարի հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը». բողոքի ակցիա կառավարության շենքի և «Լիդիան Արմենիա»-ի գրասենյակի դիմաց

«Ամուլսարի հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը». բողոքի ակցիա կառավարության շենքի և «Լիդիան Արմենիա»-ի գրասենյակի դիմաց

ԷկոԼուր

«Ամուլսարի  ոսկու  հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը և այն պետք է դադարեցվի»: Նման ուղերձ - պահանջով այսօր մի խումբ բնապահպաններ բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ կառավարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գրասենյակի դիմաց:

Մասնակիցները պարզեցին «Կյանք, թե՞ հանք», «Ջուր, թե՞ ցիանիդ», «Դուք շահագործում եք, մենք մահանում ենք», «Գնացեք ցիանիդի ծոցը» գրությամբ պաստառներ:

Ակցիան մեկնարկեց կառավարության շենքի դիմաց: Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը թվարկեց Ամուլսարի ծրագրի արդյունքում Հայաստանի ջրային ռեսուրսներին սպառնացող վտանգները: Դրանք մասնավորապես կապված էին Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների, Արփա և Որոտան գետերի ու Սևանա լճի ջրերի ծանր մետաղներով և վտանգավոր նյութերով աղտոտման հետ:

Բնապահպան Ապրես Զոհրաբյանը խոսեց ծրագրի արդյունքում Ջերմուկ առողջարանային քաղաքում տուրիզմի զարգացմանը սպառնացող վտանգների մասին՝ նշելով, որ տուրիստական բիզնեսը շատ ավելի ձեռնտու է Հայաստանին , քան հանքարդյունաբերականը: «Առողջարանային քաղաքից Ջերմուկը վերածվելու է հանքափորների քաղաքի», - հայտարարեց Ապրես Զոհրաբյանը:

 

Ակցիային միացած քաղաքացիները նշեցին, որ ծրագրի արդյունքում պետությունը կարող է ունենալ կարճատև տնտեսական օգուտներ, բայց փոխարենը անդառնալի վնասներ կհասցվի Հայաստանի բնությանը:

«Հանցագործություն է Հայաստանի նման փոքր երկրներում հանքեր շահագործելը, և ոչ միայն միջավայրն է աղտոտվում, այլև առողջ ապրելակերպն է լրիվ վտանգվում», - նշեց գառնեցի ակտիվիստ Արուսյակ Այվազյանը:  

Կառավարության ներկայացուցիչներից ոչ ոք դուրս չեկավ՝ լսելու ակցիայի մասնակիցների բողոքներն ու պահանջները:  

Կառավարության շենքի մոտից բնապահպանները շարժվեցին դեպի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ - ի գրասենյակ՝ «Կանաչ , մաքուր Հայաստան» վանկարկելով: 

Մանրամասները՝ տեսանյութում
 





19:35 Հոկտեմբեր 27, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news