Քրեական գործի շրջանակներում կատարված գնահատումը փորձաքննություն չէ. ոչ մի նոր նմուշառում, անալիզներ կամ ուսումնասիրություններ ELARD-ը չի արել. Նազելի Վարդանյան

Քրեական գործի շրջանակներում կատարված գնահատումը փորձաքննություն չէ. ոչ մի նոր նմուշառում,  անալիզներ կամ ուսումնասիրություններ ELARD-ը չի արել. Նազելի Վարդանյան

ԷկոԼուր

Օգոստոսի 15-ին տեղի ունեցած կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարության ներկայացուցիչներն առաջիկայում մանրամասն կուսումանսիրեն Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության` «ELARD»-ի փորձագիտական եզրակացության ամբողջական փաստաթուղթը և դրա արդյունքում կգան որևէ եզրակացության: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կառավարության նիստում ներկայացրեց փորձաքննության արդյունքների ամենակարևոր 3 կետերը ՝

1.Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա:

2.Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի ավազանի միջև որևէ կապ չկա: Սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որկոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանալճի ավազանի ծավալներում աննշան կլինի:

3.Ամենակարևոր հանգամանքը՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Դարբ, Որոտան, Արփա գետերի վրա, որը հնարավոր է լինի, սակայն եթե«Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող, առաջարկվող 16 մեղմման միջոց, այդ ռիսկերը կառավարելի կլինեն:

Մինչ այդ՝ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետ Յուրա Իվանյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց եզրակացության արդյունքները, որոնք չէին արտացոլում ELARD-ի եզրակացության մեջ նշված ռիսկերն ու վտանգները:

Այս կապակցությամբ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ քննիչը դուրս է եկել իր իրավասությունների սահմանից. «Նա իրավունք չուներ քրեական գործի շրջանակներում գնահատական տալ, թե Սևանի կամ Ջերմուկի վրա ազդեցություն կա, թե՝ չկա: Նա դրա մասնագետը չէ: Բացի այդ, առանց գործը կարճելու նա հայտարարեց, որ հետապնդում իրականացնելու հիմքեր չկան, ինչը նույնպես իր լիազորությունների սահմանից դուրս է: Դա նշանակում է, որ պետք է օր առաջ այդ քննիչին զրկել այդ քննությունն իրականացնելուց, որովհետև կանխակալ մոտեցումն արդեն առկա է»:

Միևնույն ժամանակ, իրավաբանը նշեց, որ ELARD-ի եզրակացությունը չի կարող կառավարության համար որոշում կայացնելու հիմք հանդիսանալ.«Այդ փորձաքննությունը նշանակվել է կոնկրետ քրեական գործով, որտեղ սահմանափակ հարցադրումներ են առաջադրվել և դա վերաբերում է անցյալին: Այսինքն, նոր երևան եկած հարցեր չկան և չէին էլ կարող լինել: Այդ նեղ քրեական գործի շրջանակներում կատարված գնահատումը փորձաքննություն չէ. ոչ մի նոր նմուշառում, անալիզներ կամ ուսումնասիրություններ ELARD-ը չի արել: Փաստաթղթում նշված է, որ իրենք հիմք են ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ը և բնապահպանական, սոցիալական հաշվետվությունը: Այնտեղ էլ շատ հարցերի հստակ պատասխան չեն տվել: Նոր փորձաքննություն չի արվել, միայն գնահատվել են այդ փաստաթղթերը: Եվ դա խոսում է այն մասին,որ փորձաքննության ներկայցված փասատթղթերը թերի են եղել: Այդ սահմանափակ նյութերով իրենք տվել են եզրակացություն: Ենթադրություններով արված եզրակցություն է: Ո՛չ փորձաքննությունն իրականացնող ELARD-ը, ո՛չ Բնապահապանության նախարարության փորձաքննության մարմինը հնարավորություն չեն ունեցել ճիշտ գնահատական տալու: Ճիշտ լուծումը ժողովրդի կամքը լսելն է, որովհետև Ջերմուկի բնակիչները իրավունք ունեն որոշելու, թե ինչ միջավայրում են ապրելու»,- ասաց Նազելի Վարդանյանը:

14:41 Օգոստոս 16, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news