Ամուլսար. բարձր աստիճանի սպառնալիք ջրի լավ որակին և չափազանց ցածր ֆինանսական երաշխիք «Լիդիան»-ից

Ամուլսար. բարձր աստիճանի սպառնալիք ջրի լավ որակին և չափազանց ցածր ֆինանսական երաշխիք «Լիդիան»-ից

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը բարձր աստիճանի սպառնալիք է ջրի ներկայիս շատ լավ որակին: Այս մասին հայտարարեց ամերիկյան «Buka Environmental» ընկերության փորձագետ, դոկտեր Էնն Մաեստը` Անի հյուրանոցում կայացած հանրային հանդիպման ժամանակ:

Գիտնականը ուսումնասիրել է Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան» ընկերության փաստաթղթերն ու տվյալները և հանգել եզրակացության, որ թերագնահատվել է թթվային դրենաժի պոտենցիալի ռիսկը:

«Երբ նայում ենք ուսումնասիրված պաշարներին, տեսնում ենք, որ վերին հրաբխային ապարները շատ են խառնված ստորին ապարների հետ:  Ստորին ապարներում ավելի շատ սուլֆիդներ կան, հետևաբար լինելու է թթվային դրենաժ և ծանր մետաղների արտազատում: Վերին և ստորին ապարային շերտերը դժվար է լինելու տարանջատել, ինչի արդյունքում կմեծանա կույտային տարրալվացման հարթակում թթվային պոտենցիալը», - ասաց Էնն Մաեստը:

Էնն Մաեստ

Գիտնականի խոսքով` Ամուլսարում ավելի շատ են թթու արտադրող ապարները: Էնն Մաեստը նշում է, որ անորոշություն է առաջացնում «Լիդիան»-ի կիրառած երկրաքիմիական չափումների ու փորձարկումների մոտեցումը:

«Ես կարծում եմ, որ մտահոգություն առաջացնող աղտոտիչների հետ կապված թերագնահատում են անում: Ինչպես վերին, այնպես էլ ստորին ապարաշերտերի հիմնական աղտոտիչներից է մկնդեղը: Ստորին ապարաշերտերի նմուշներում փորձարկումների արդյունքներում մկնդեղի մակարդակը խմելու ջրի ստանդարտից բարձր է եղել: Կա վտանգ Սևանա լճի համար», - նշեց գիտնականը:

Վերլուծելով  «Լիդիան»-ի տվյալները` փորձագետը եկել է այն եզրահանգման, որ կոշտ թափոնների ու ապարների գրեթե բոլոր նմուշները թթու արտադրող են, արտազատելու են մետաղներ ու հավերժ մնալու են մակերևույթին:

Էնն Մաեստն առաջարկում է վերագնահատել երկրաքիմիական փորձարկումների ու չափումների արդյունքները, իրականացնել հավելյալ չափումներ, փորձարկումներ և հավաքել ավելի ներկայացուցչական նմուշներ, բացահայտել ամենաբարձր ռիսկի ճանապարհները և կազմել մեղմացման միջոցառումների նոր պլան, որը կանդրադառնա փորձարկումների արդյունքներին:

Իր ուսումնասիրություններն ու եզրակացությունը ներկայացրեց նաև կանադական «Clear Coast Consulting»-ի փորձագետ դոկտոր Անդրե Սոբոլևսկին: 

Նա հաստատեց, որ Ամուլսարի ծրագրում կա թթու և աղտոտված ջրի մեծ ռիսկ, և կա ռիսկ, որ դրանք բաց կթողնվեն մաքուր գետերի մեջ: Պիկային ժամանակաշրջանում խոռոչում առաջանալու է 110 լ/վրկ ջուր, կանխատեսվում է, որ հանքախոռոչներում ջուրն աղտոտված է լինելու: Անդրե Սոբոլևսկին գնահատել է «Լիդիան»-ի առաջարկած մեղմացնող գործողությունները:

«Թթվային ջուրը պարտադիր պետք է մաքրվի, որպեսզի չթափվի միջավայր: «Լիդիան»-ը առաջարկում է մաքրման պասիվ եղանակ, իսկ ես պնդում եմ, որ նման հանքի պարագայում անպայման պահանջվում է ակտիվ մաքրման եղանակ` կրով մաքրման համակարգ: «Լիդիան»-ն առաջարկում է թափոն հանդիսացող ապարները հետ լցնել բացահանքի խոռոչներում: Պատճառն այն է, որ հանքախոռոչի պատերին բացվելու են սուլֆիդային ապարներ, որոնք կարող են առաջացնել թթվային դրենաժ, և հանքախոռոչներն ապարներով հետ լցնելն այս ռիսկը նվազեցնելու լավագույն մեթոդն է:

Բայց ինչ խնդիր եմ բացահայտել այստեղ. երբ հանքախոռոչը բացվելու է, այն ջուրը, որը լցվելու է խոռոչի մեջ, կարիք է ունենալու դուրս բերվելու: Մենք կանխատեսում ենք, որ այս ջուրն արդեն աղտոտված է լինելու: «Լիդիան»-ն առաջարկում է ավելացուկային ջուրն այս հանքախոռոչից վերցնել և ցնցուղում իրականացնել հանքի տարածքում, որպեսզի հանքից առաջացած փոշին չեզոքացվի: Սակայն ձմռան ամիսներին կամ անձրևների ժամանակ  փոշի չկա: Ի՞նչ է անելու ընկերությունը: Նրանք չեն ներկայացրել որևէ գործողություն, որը կվերաբերի այս ավելցուկային ջրին: Մինչև հանքը շահագործելը պետք է նախատեսված լինեն միջոցառումները, և այս ջրերի մաքրման համար պետք է լինի համապատասխան կայան», - ասաց Անդրե Սոբոլևսկին:

Անդրե Սոբոլևսկի

Գիտնականը հայտնաբերել է նաև տարրալվացման հարթակի հետ կապված խնդիրներ, տոքսիկ թիոցիանատի առաջացման վտանգ:

«Ցիանային տարրալվացման հարթակում հանքանյութի հետ միասին լինելու են սուլֆիդային ապարներ, և ոսկին կորզելու ժամանակ այն լուծույթը, որը ցիանիդ է պարունակելու, կաթիլներով լցվելու է այդ ապարների վրա, և ցիանիդի միջոցով կորզվելու է ոսկին: Բայց սրանք պարունակելու են սուլֆիդային ապարներ, որոնք ռեակցիայի մեջ են մտնելու ցիանիդի հետ, և այս ռեակցիան առաջացնելու է մի միացություն, որը կոչվում է թիոցիանատ: Սա շատ թունավոր միացություն է: Թիոցիանատի կոնցենտրացիաները ավելի շատ են բարձրանում հանքի շահագործման և տարրալվացման հարթակի գործունեության ընթացքում: Ստացվում է, որ երբ իրենք ավարտեն ոսկու կորզումը, տարրալվացան հարթակում լինելու է լուծույթ, որտեղ շատ բարձր մակարդակի տոքսիկ թիոցիանատ է լինելու: Սա լուրջ խնդիր է», - նշեց փորձագետը:

Սոբոլևսկին նաև պնդեց, որ թերի է հանքի փակման ծրագիրը: Ըստ նրա` «Լիդիան»-ի առաջարկած ֆինանսական երաշխիքը չափազանց ցածր է, ռեկուլտիվացման ծախսերը բավարար չեն, և եթե ընկերությունը իր ծրագրում ձախողվի, այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են լինելու հանքը փակելու համար, մնալու են Հայաստանի ժողովրդի ուսերին:

«Կարևոր է հասկանալ, որոնք են հանքի փակման իրական ծախսերը: Տարրալվացման հարթակի փակումը համապատասխան եղանակով տևում է 20 տարի: Այդ տարիների ընթացքում ցիանիդն է չեզոքացվում: «Լիդիան»-ը չի նշել, թե այդ հարթակում առկա այլ աղտոտիչները ինչպես է չեզոքացնելու, օրինակ, հաստատ լինելու է ամոնիակ, նիտրատ, մկնդեղ, ծարիր, սնդիկ, սելեն և հավանական է նաև թիոսելենատ, հատկապես լինելու է թիոցիանատ, դրանք բարձր կոնցենտրացիաներով են լինելու: Ընկերությունը ցույց չի տվել` ինչպես է մաքրելու այս աղտոտիչները, իսկ այդ մաքրումը մեծ ծախսեր է պահանջում:

Ըստ «Լիդիան»-ի` հանքի տարածքի վերականգնումը կարժենա շուրջ 15 միլիոն դոլար: Նրանք ասում են, որ դատարկ ապարները պատիճավորվելու են, որպեսզի թթվային դրենաժը չթափվի բնական միջավայր: Բայց այս մեթոդը փորձարկված չէ, ընկերությունն ասում է, որ երբ սկսեն հանքարդյունահանումը, կիրականացնեն հետազոտություններ, որի ընթացքում կապացուցեն, որ այս մեթոդն արդյունավետ է: Բայց եթե հանկարծ պարզվի, որ այս մեթոդն արդյունավետ չէ, չկա որևէ այլ պլան և ստացվելու է, որ թթվային դրենաժը դուրս է թափվելու 200, 300, նույնիսկ 500 տարվա ընթացքում: Սա չափազանց մեծ ռիսկ է, և ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը և Հայաստանի ժողովուրդը պահանջեն, որպեսզի «Լիդիան»-ը ապացույց ներկայացնի, որ իսկապես ի վիճակի է լինելու կանխարգելել, որպեսզի բնական միջավայրի երկարատև դեգրադացիա տեղի չունենա», - ասաց Անդրե Սոբոլևսկին:

Նա հաշվարկել է` ինչ ծավալի ծախսեր են անհրաժեշտ լինելու հանքարդյունաբերական տարածքը աղտոտիչներից մաքրելու համար: «Թթվային դրենաժ մաքրող կայան կառուցելու համար պետք է 3-5 միլիոն դոլար, շահագործման ծախսերը` 0.6-0.9 միլիոն դոլար/տարեկան: Այսպիսի մաքրման գործողություն պետք է իրականացնել 200-ից 500 տարի: Եթե հաշվենք, որ ջրերի մաքրումն անհրաժեշտ է լինելու շուրջ 200 տարի, ապա ընդհանուր ծախսը թթվային դրենաժ մաքրելու կլինի 125-180 միլիոն դոլար: Սա միայն  թթվային դրենաժն ու մի քանի աղտոտիչները մաքրելու համար: Տարրալվացման հարթակում թիոցիանատ է լինելու, և դա նույնպես պահանջում է մաքրում: Միայն թիոցիանատի մաքրման կայան կառուցելու համար անհրաժեշտ է լինելու 1.5 միլիոն դոլար նախնական, ընթացքում` 0.4 միլիոն դոլար/տարեկան: 10 տարվա կտրվածքով գրեթե 10 միլիոն դոլար: Իրենք չեն հաշվարկել սա փակման միջոցառումների շրջանակում: «Լիդիան»-ը առաջարկում է առանձնացնել 34 միլիոն դոլար,  որպեսզի հանքի փակումն իրականացվի, իսկ ես հաշվարկել եմ, որ ռեկուլտիվացիայի և վերականգնման համար 15 միլիոն դոլար է պահանջվելու, 140 միլիոն դոլար` կրով մաքրման կայանի համար, 10 միլիոն դոլար` թիոցիանատից մաքրելու կայանը կառուցելու և գործարկելու համար: Մինիմում անհրաժեշտ է լինելու 165 միլիոն դոլար, որպեսզի հանքը փակելուց հետո տարածքը ռեկուլտիվացվի: Եթե հանկարծ ընկերութունը ձախողվի, Հայաստանի կառավարությունը չի ունենալու 165, այլ ունենալու է ընդամենը 34 միլիոն դոլար: Սա լինելու է  Հայաստանի ժողովրդի ուսերին նստած ծախս: «Լիդիան»-ի ֆինանսական երաշխիքները չափազանց ցածր են և պետք է վերագնահատվեն», - ասաց Սոբոլևսկին:

Նշենք, որ միջազգային գիտնականները ուսումնասիրել են Ամուլսարի ծրագիրը ամերիկաբնակ քիմիական/բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանի նախաձեռնությամբ:

19:09 Հունիս 21, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news