Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արձագանքը ՀՀ բնապահպանության նախարարության հայտարարությանը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արձագանքը ՀՀ բնապահպանության նախարարության հայտարարությանը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Սույն թվականի նոյեմբերի 8-ին և 10-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություններ տարածեց, որոնցով ներկայացրեց պարզաբանումներ «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնում հրապարակված տեղեկատվությանը, որտեղ հրապարակվել էր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տրամադրած գրությունը՝ Ամուլսարում հայտնաբերված բույսի՝ ՀՀ կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակի» բուսատեսակը լինելու վերաբերյալ:

Հրապարակավ արված հայտարարություններում նշվել է, որ տեսչական մարմինը նախարարությանը չի տրամադրում Ամուլսարում իրականացված ստուգման փաթեթը:
Քանի որ այս հայտարարությունն արվեց մի քանի անգամ, մենք կարծում ենք, որ նշված հարցը մեծ կարևորություն է ներկայացնում ՀՀ բնապահպանության նախարարության համար, ուստի հարկենք համարում արձագանքել և հանրության համար այս հարցերի առնչությամբ ամբողջական հստակություն մտցնել:

1. Նախ պարզաբանենք, որ տեսչական մարմինը, լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան, ընդամենը տրամադրել է իր ձեռքի տակ եղած բոլոր իրականացված ուսումնասիրությունների արդյունքները որպես փաստական հանգամանքներ և չի արել հետևություններ, թե արդյո՞ք նշված բուսատեսակը հանդիսանում է կարմիրգրքային «Ոզնաթուփ մեխակի» բույսը, նյութի վերնագիրն ընտրված է լրատվամիջոցի կողմից: Այսպիսով, հրապարակվել են չորս եզրակացություններ՝ որոնցից երկուսը տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ երկու անկախ մասնագետների՝ Էլեոնորա Գաբրիելյանի և Իզաբելլա Արևշատյանի կարծիքներն էին Ամուլսարում հայտնաբերված բուսատեսակի պատկանելության վերաբերյալ: Այս հանգամանքը շատ կարևոր է պարզաբանել, քանի որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վարույթում են գտնվում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության ներկայացրած վարչական բողոքները, և բուսատեսակի պատկանելության վերաբերյալ արվող հետևությունը կարող է տեսչական մարմնի ղեկավարին բացարկելու հիմք հանդիսանալ:

2. Տեսչական մարմինն իր գործունեության ընթացքում տնտեսվարողներին տալիս է բազմաթիվ հանձնարարականներ, սակայն դրանց միայն մի մասն է, որոնք պահանջում են այլ գերատեսչությունների կողմից որոշակի գործողությունների կատարում, որոնց կապակցությամբ համապատասխան ակտն ընդունած պետական մարմինների ղեկավարներին ուղղվում են առաջարկություններ: Այդպիսիք էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին ուղղված միջնորդագիրը՝ Ազատեկի հանքավայրը շահագործող ընկերությանը տրված ընդերքօգտագործման թույլտվությունն անվավեր ճանաչելու վեաբերյալ, ՀՀ բնպահպանության նախարարին ուղղված գրություններն Ամուլսարի հանքավայրի ՇՄԱԳ դրական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կամ Ալավերդու ձուլարանին տրված թույլտվության ոչ իրավաչափ լինելու հարցերում: Այնուհանդերձ, օրենսդրությունը տեսչական մարմնին չի պարտավորեցնում միջնորդագրերի հետ միասին այդ գերատեսչություններին ներկայացնել նաև ստուգման փաթեթը, քանի որ այդ գերատեսչությունների հաջորդիվ իրականացվող քայլերը պետք է հիմնված լինեն ոչ թե ստուգման արդյունքների, այլ տվյալ գերատեսչության լիազորությունների շրջանակներում կատարվող անհրաժեշտ գործողությունների վրա՝ սեփական պատասխանատվությամբ: Տեսչական մարմինը չի կարող ուժը կորցրած կամ անվավեր ճանաչել այլ գերատեսչությունների ընդունած ակտերը (փորձաքննական եզրակացություն, ընդերքօգտագործման թույլտվություն և այլն), որոնց համար այդ մարմինները պատասխանատվություն են կրում, հակառակ դեպքում տեսչական մարմինն ինքը որոշում կընդուներ՝ առանց տվյալ գերատեսչություններին միջնորդագրեր ուղղելու: Հարկ է նշել, որ մինչ օրս որևէ գերատեսչություն տեսչական մարմնից չի պահանջել տրամադրելու ստուգման փաթեթն՝ այդ թվում Ալավերդու ձուլարանի շրջանակներում ներկայացված միջնորդության վերաբերյալ, որտեղ մատնանշված են թույլտվություններ տրամադրելիս ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից ոչ իրավաչափ գործողություններ կատարելու վերաբերյալ տվյալներ և արվել են առաջարկություններ իրավիճակից բխող քայլեր կատարելու անհրաժեշտության մասին:

3. նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդամների կողմից տրված եզրակացությունների որակը կամ դրանց հիման վրա նախարարության դիրքորոշումն ինչ-որ կերպ պայմանավորված էր տեսչական մարմնի կողմից Ամուլսարի հանքավայրի ստուգման փաթեթը նախարարին չտրամադրելու փաստի հետ: Այս կապակցությամբ հստակեցնենք, որ նախ ստուգման փաթեթը տրամադրելու վերաբերյալ նախարարության դիմումը ստացվել է սեպտեմբերի 29-ին, մինչդեռ Ամուլսարում ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանը արձակվել է սեպտեմբերի 3-ին, ուստի նշված փաթեթի տրամադրումն ուշացնելը որևէ կերպ չէր կարող ազդել նշված հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդամների կողմից տրված եզրակացությունների որակի կամ այնտեղ ընդգրկված անդամների կազմի ընտրության վրա: Բացի դրանից, «Էկոլուր»-ում հրապարակված մասնագիտական կարծիքները, որոնց համաձայն դա «Ոզնաթուփ մեխակի» բուսատեսակն է, տրամադրել են տեսչական ստուգման հետ որևէ առնչություն չունեցող մասնագետներ՝ ստուգման գործընթացից դուրս: Հայտնում ենք նաև, որ տեսչական մարմնի այն աշխատակիցը, որն ուշացրել էր պատասխանը ստացել է դիտողություն:

4. ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես ոլորտին առնչակից կառավարչական մարմին, դեռևս տեսչական ստուգման սկզբնական փուլից տեղեկացված է եղել ստուգման գործընթացների մասին իսկ արդյունքները հրապարակվել են ստուգման գործընթացից անմիջապես հետո: Ավելին, ստուգող խմբի կազմում ներգրավված է եղել ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը՝ ջրերի վրա ազդեցությունն ուսումնասիրելու հանձնարարականով: Հարկ է նշել, որ մինչ օրս նշված աշխատակիցն առանց որևէ հիմնավորման հրաժարվում է ստորագրել իր իսկ կազմած եզրակացությունը: Հարցը ոչ մի կերպ լուծում չի ստանում՝ չնայած տեսչական մարմնի ղեկավարի կողմից ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված բազմաթիվ գրությունների: Նշված եզրակացությունը դեռևս չի հրապարակվել և տեսչական մարմնի բացահայտած խախտումների հիմքով քրեական վարույթի մաս չի դարձել ստորագրված չլինելու պատճառով:

Մենք ՀՀ բնապահպանության նախարարությանը դիտարկում ենք որպես բնապահպանության ոլորտում իրականացվող քաղաքականության մշակման և իրագործման համար առանցքային կառույց և տեսչական մարմնի կարևոր գործընկեր պետական կառավարման ոլորտում: Մենք գտնում ենք նաև, որ հնարավոր տարաձայնությունները և դրանց հանրային քննարկումը ժողովրդավարական պետության բաղադրիչներից են և մղում են առողջ բանավեճի: Միևնույն ժամանակ համարում ենք, որ յուրաքանչյուր մարմին ինքնուրույն պետք է ընդունի իր լիազորությունների շրջանակներում ընկած որոշումները և ոչ թե փորձի սեփական խնդրահարույց որոշումները լեգիտիմացնել մեկ այլ մարմնի հեղինակությունն օգտագործելով:

Տեսչական մարմինը չէր կարող հանդուրժել, երբ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի Ամուլսար կատարած այցելությունից հետո հայտարարություն տարածվեց, որից բխում էր թե իբր տեսչական մարմինը ևս համաձայնել է առանձին մասնագետների կարծիքի հետ՝ Ամուլսարում նոր էկոլոգիական գործոնների բացակայության հարցում: Նմանապես, այս հայտարարությամբ ևս տպավորություն է ստեղծվում, թե տեսչական մարմինը ժամանակին չի տրամադրել ստուգման փաթեթը, որի պատճառով խնդիրներ են առաջացել նոր էկոլոգիական գործոններն ապացուցելու հարցում, ինչը հակասում է գործընթացների ընդհանուր տրամաբանությանը:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր աշխատանքը կատարում է բարեխղճորեն, պատվախնդրորեն՝ առանց սեթևեթանքի պատասխանատվություն ստանձնելով իր ընդունած որոշումների և կատարած գործողությունների համար և համագործակցում է նույն հանրային, միջազգային, պետական ու համայնքային բոլոր մարմինների, անհատ մասնագետների հետ՝ բնության պահպանության իր հիմնական առաքելության իրականացման ճանապարհին:

 

17:18 Նոյեմբեր 13, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news