Ջերմուկն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարի. դատարանը որոշեց որպես երրորդ կողմ ներգրավվել բնապահպանական փորձաքննական կենտրոնին

Ջերմուկն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարի. դատարանը որոշեց որպես երրորդ կողմ ներգրավվել բնապահպանական փորձաքննական կենտրոնին

ԷկոԼուր

Սույն թվականի փետրվարի 4-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ նոր դատական գործով առաջին նիստը:

Հայցվորները՝ Ջերմուկ առողջարանի և Գնդեվազ գյուղի 19 բնակիչներ, դատի են տվել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին` պահանջով պարտավորեցնել նրան ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:

Դատական նիստին մասնակցում էին հայցվոր կողմի փաստաբան Նազելի Վարդանյանը, հայցվոր, Գնդեվազ գյուղի բնակիչ Թեհմինե Ենոքյանը, պատասխանող կողմի՝ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Երվանդ Մուրադյանը: Որպես երրորդ կողմ ներգրավված ՀՀ ֆինանսների նախարարությունից ներկայացուցիչ չկար: Դատական նիստը վարում էր դատավոր Արծրուն Միրզոյանը:

Փաստաբան Նազելի Վարդանյանը ներկայացրեց 3 գործոնները, որոնց հիման վրա կազմված է հայցը:

«19 քաղաքացուց 6-ը Ջերմուկի բնակիչ են, 13-ը՝ Գնդեվազի, որոնց գյուղի տարածքում նախատեսված է հանքարդյունաբերությունը, ինչի արդյունքում բնակիչներն արդեն կրում են թե առողջական և թե նյութական վնասներ: Նրանք կորցրել են իրենց այգիները, արոտավայրերը, աղտոտվել է իրենց հիմնական խմելու ջրի աղբյուրը: Մարդիկ շնչում են հանքարդյունահանման շինարարական աշխատանքներից առաջացած փոշին: Այս ամենի պատճառով բնակիչները ներկայացրել են դիմում բնապահպանության նախարարին, քանի որ ընկերության կողմից ոչ ճշգրիտ տվյալներ են ներկայացվել››, - ասաց Նազելի Վարդանյանը:

ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Երվանդ Մուրադյանը միջնորդություն ներկայացրեց՝ կասեցնելու գործի քննությունը: Որպես հիմնավորում նա մեջբերեց 2018 թ-ի հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ: Երվանդ Մուրադյանը միջնորդեց կասեցնել դատական գործի քննությունը, մինչև նշված քրեական գործով որոշում կկայացվի: Փաստաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ տվյալ քրեական գործն առնչություն չունի հայցվորների ներկայացրած նոր գործոնների և պահանջների հետ:

Դատարանը պատասխանող կողմից պահանջեց ներկայացնել քրեական գործ հարուցելու մասին որոշումը և փաստերը, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործը: Պատասխանողը դատարանից խնդրեց երկու շաբաթ ժամկետ:

Դատարանը որոշեց դատական գործով որպես երրորդ կողմ ներգրավվել ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ին: Կողմերից առարկություններ չհնչեցին:

Նոր դատական նիստը դատավորը նշանակեց երկու ամիս անց՝ ապրիլի 8-ին, ժամը 14:30-ին:



20:31 Փետրվար 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news