«Գեոթիմ»-ը Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի համաձայնեցմանը չի ներկայացրել Ամուլսարի հանքավայրի հարակից տարածքի ճառագայթային մոնիթորինգի ծրագիրը

«Գեոթիմ»-ը Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի համաձայնեցմանը չի ներկայացրել Ամուլսարի հանքավայրի հարակից տարածքի ճառագայթային մոնիթորինգի ծրագիրը

ԷկոԼուր

«Գեոթիմ» ՓԲԸ-ն ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի համաձայնեցմանը դեռևս չի ներկայացրել Ամուլսարի հանքավայրի հարակից տարածքի ճառագայթային մոնիթորինգի ծրագիրը, ծավալները և դրա վերաբերյալ տվյալներ, քանի որ Ամուլսարի հանքավայրը դեռևս շահագործման չի հանձնվել: Այսպիսի պատասխան է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից իր նամակին ստացել ԷկոԼուրի խմբագրությունը:

Հիշեցնենք, որ ԷկոԼուրը նամակով խնդրել էր տեղեկացնել, թե արդյոք «Գեոթիմ» ՓԲԸ-ի (ներկայումս` «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) կողմից իրականացվել է հանքավայրի հարակից տարածքի ճառագայթային մոնիթորինգ, ներկայացվել են կոմիտեին դրա վերաբերյալ տվյալները, և եթե այո, ապա ինչպիսին են արդյունքները:

Պատասխան նամակում գրված է, որ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի 2012թ. փետրվարի 17-ի N 11-Մ-7 գրությամբ «Գեոթիմ» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Ալոյանին ուղղված նամակում ներկայացված պահանջներն ուժի մեջ են և Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամանակ կոմիտեն կվերահսկի ներկայացված պահանջների կատարումը։
Կոմիտեից միաժամանակ տեղեկացնում են, որ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի 2011թ. սեպտեմբերի 22-ին Ամուլսարի հանքավայրի տարածքում իրականացրած ճառագայթային մոնիթորինգի հաշվետվության արդյունքներով Ճառագայթային մոնիթորինգի իրականացման տարածքներում ռադիոակտիվ աղտոտվածություն չի հայտնաբերվել։

Նամակում մասնավորապես գրված է.
«Ի լրումն վերոնշյալի, կից ներկայացվում է «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի 2011թ. սեպտեմբերի 22-ին Ամուլսարի հանքավայրի տարածքում իրականացրած ճառագայթային մոնիթորինգի հաշվետվությունը, որի արդյունքները հանդիսանում են հանքավայրի որոշակի տեղամասերի ճառագայթման «զրոյական» ֆոնի չափումներ (հանքավայրի որոշակի տեղամասերի ճառագայթային իրավիճակը հանքավայրի շահագործումից առաջ):

Եզրակացություն և առաջարկներ՝
• Ճառագայթային մոնիթորինգի իրականացման տարածքներում ռադիոակտիվ աղտոտվածություն չի հայտնաբերվել։
• Չափված դոզայի հզորության ֆոնային արժեքը չի գերազանցում 0.12 (Sv/h:
• Ճառագայթային մոնիթորինգի արդյունքում գամմա ճառագայթման առավելագույն դոզայի հզորության հատվածում նույնականացվել է Ra 226 ռադիոիզոտոպը:
• Շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի լրացուցիչ տվյալներ ստանալու համար անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր սպեկտրոմետրիկ հետազոտություններ՝ օգտագործելով համապատասխան տեխնիկական միջոցներ և մեթոդներ»:

18:09 Ապրիլ 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news