ԷկոԼուր
Այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ:
«Ես ուզում եմ խնդրել Ջերմուկ քաղաքի մեր սիրելի հայրենակիցներին, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները: Մյուս կողմից մենք չենք կարող հաշվի չառնել Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունները: Մենք չենք կարող անտեսել բնպահպանական ռիսկերը: Եթե հանքի շահագործումն անվտանգ է բնապահպանական և մյուս չափանիշներով, հանքը կարող է շահագործվել, եթե հանքի շահագործումն անվտանգ չէ բնապահպանական և մյուս չափանիշներով, հանքը չի կարող շահագործվել»,֊ ասաց ՀՀ վարչապետը:
Նա նշեց, որ «Լիդիանը» ամենաբարձր մակարդակով երաշխավորել է, որ հանքի շահագործումը լինելու է անվտանգ:
Ամուլսարի ծրագրի՝ նոր ՇՄԱԳ անցկացնելու վերաբերյալ վարչապետը նշեց. «Մեխանիզմ չկա, որ նախարարը վարչական որոշմամբ ասի, որ նոր ՇՄԱԳ պետք է իրականացվի»:
Փաշինյանը նաև հայտնեց, որ հանձնարարական է տվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ Ամուլսարում ստուգումներ սկսելու համար:
«Ուզում եմ, որ համոզված լինեք, որ ինչպես մնացած, այդպես էլ այս հարցում մենք որևէ կոռուպցիոն, որևէ ստվերային կամ անսկզբունք գործարքի չենք գնա», - եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Սեպտեմբեր 09, 2019 at 12:52