

ԷկոԼուր
Սեպտեմբերի 20-ին վաղ առավոտից Ջերմուկ քաղաքում դասադուլ և գործադուլ է՝ հանուն Ամուլսարի և Ջերմուկ ջրաբուժական առողջարանային քաղաքի փրկության: Այսպիսով տեղացիներն իրենց բողոքն են արտահայտում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքի շահագործման դեմ: Գործադուլին են միացել Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ բնակավայրերի դպրոցների աշակերտները, առողջարանային ու ռեստորանային համալիրների, տարբեր հաստատությունների աշխատակիցներ:
Այսօր աշակերտները դպրոց են ներկայացել առանց պայուսակների ու դասագրքերի՝ փոխարենն իրենց հետո բերելով դրոշներ և «Ամուլսար» գրությամբ պաստառներ:
Ուսուցիչների ուղեկցությամբ երեխաները բողոքի ակցիային միանալու կոչերով, «Լիդիան հեռացիր», «Ամուլսարը սար է» վանկարկումներով քայլերթով շարժվել են դեպի Արցախյան զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տարածք, որտեղ նախատեսվում է մեծ հանրահավաք անցկացնել: Դպրոցականների քայլերթին զուգահեռ Ջերմուկում այս պահին նաև ավտոերթ է իրականացվում, որի մասնակիցները նույնպես շարժվում են դեպի հուշարձանի տարածք: Քայլերթին են միացել նաև Ջերմուկ քաղաքի տարբեր հիմնարկների աշխատակիցներ:
Աշակերտներին ուղեկցող մեծահասակներից մեկն ուղիղ եթերով խոսելիս նշեց, որ դասադուլ անելու ցանկությունը երեխաներինն է. «Նրանք նույնպես ցանկանում են մասնակցել Ամուլսարի համար պայքարին, և այս կերպ իրենց ձայնը հասցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:
Ավելի մանրամասն՝ Factor.am-ի տեսանյութում:
Լուսանկարը. Factor.am
Սեպտեմբեր 20, 2019 at 11:56