Պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից և լինենք ազնիվ. վարչապետը` Ամուլսարի հարցի մասին

Պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից և լինենք ազնիվ. վարչապետը` Ամուլսարի հարցի մասին

armenpress.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով որոշում կայացնելու համար անհրաժեշտ է համարում դե յուրե և դե ֆակտո ստանալ մեկ հարցի պատասխան. շահագործումն էկոլոգիական աղե՞տ է, թե ոչ: Նա կարևորում է այս հարցում մինչև վերջ ճշմարտության հետևից գնալը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետն այս մասին խոսեց Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Ամուլսարի հարցով կա վերջնական որոշում և որն է դա:

«Այս հարցում իմ ամենամեծ դժբախտությունն այն է, որ բոլորն արդեն ունեն իրենց տեսակետը` անկախ ամեն ինչից: Մի մասն ասում է, որ Ամուլսարը սար է` ինչ ուզում է լինի, աշխարհն էլ քանդվի, Ամուլսարը պետք է մնա սար, մյուս մասն ասում է` աշխարհը քանդվի` Ամուլսարը պետք է շահագործվի: Ես ուրիշ բան եմ ասում, ասում եմ, որ այս հարցում հայ հանրության ու միջազգային հանրության հետ պետք է լինենք ազնիվ, և պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից: Հիմա դա էկոլոգիական աղե՞տ է, թե աղետ չէ. այս հարցի պատասխանը պետք է ես դե յուրե և դե ֆակտո ստանամ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց` մարդիկ են լինելու, ովքեր արձագանքելու են, թե արդյոք պարզ չէ դա: Փաշինյանի կարծիքով` ոչ, պարզ չէ: 

«Այո, հասկանում ենք, որ խնդիրներ կան: Ես մեկ բան եմ ասում՝ պետք է ազնիվ լինենք: Սա շատ կարևոր հարց է` և տնտեսական, և էկոլոգիական, բոլոր առումներով: Ես երբեք չեմ դրել հանքը բացելու կամ չբացելու խնդիր: Ես ասել եմ, որ մինչև վերջ պետք է գնալ ճշմարտության հետևից: «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին էլ եմ ասել, որ եթե պարզվի, որ իսկապես այն ստանդարտներով, որ նրանք ասում են, հնարավոր է այդ շանքը շահագործել, ես նրանց կաջակցեմ, իսկ եթե հնարավոր չէ, բացառված է, որ ես աջակցեմ»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ իրեն ընդհանրապես այս հարցում անհանգստացնում է այն, որ մի մասն ասում է` այսպես է ու վերջ` պետք է բացվի, մյուս մասը` չպետք է բացվի: Փաշինյանը ոչ մի տեսակետն է կիսում, ոչ մյուսը: «Տեղեկացված որոշում է պետք կայացնել: Ես համաձայն չեմ, թե ում ճնշումն ուժեղ եղավ, կառավարությունը պետք է դրա տակ որոշում կայացնի: Ես երբեք ճնշման տակ չեմ գործել և չեմ գործի` անկախ ամեն ինչից: Իմ խնդիրը, դիրքորոշումը պարզ է` և հայ, և միջազգային հանրության հետ այս հարցում պետք է լինենք ազնիվ: Իսկ ազնիվ լինելու համար պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից»,-նշեց Փաշինյանը:

Նա նշեց` վերջնական որոշում դեռ չկա: Այս պահին Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու դե յուրե որևէ հիմք չունեն: «Կարող է կես ժամից պարզվի, որ այդ հիմքն ի հայտ է եկել, եթե պարզվի, ոչ մի շահագրգռություն չունենք, կփակենք: Բայց, եթե չկա, միայն այն պատճառով, որ կառավարության վրա ճնշում են գործադրում, չենք փակելու: Շատերն ասում են, թե կառավարությունը թույլ է տալիս հանքի շահագործումը: Հանքի շահագործումը վաղուց են թույլ տվել, եթե ունենք արգելելու հիմք և պատճառ, պետք է արգելենք, եթե չունենք, ինչի հիման վրա ենք արգելում, որոշումը պետք է լինի իրավական»,-եզրափակեց վարչապետը:

13:12 Սեպտեմբեր 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news