Հանրությունը մեղադրում է, պատգամավորները՝ պարզաբանում, թե ինչու է արգելվել Ջերմուկում Ամուլսարի հարցով քննարկման լուսաբանումը

Հանրությունը մեղադրում է, պատգամավորները՝ պարզաբանում, թե ինչու է արգելվել Ջերմուկում Ամուլսարի հարցով քննարկման լուսաբանումը

ԷկոԼուր

Նոյեմբերի 17-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում պաշտոնյաները Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի վերաբերյալ քննարկում են անցկացրել, որը փակ է եղել լուսաբանման համար: Հանդիպման մասին տեղեկատվությունն արագ տարածվեց, և ֆեյսբուք սոցիալական ցանցում Ամուլսարի հարցով մտահոգ քաղաքացիները մեղադրանքներ հնչեցրեցին, մասնավորապես նշելով, որ նմանատիպ փակ հանդիպումները նպատակ ունեն տեղացիներին համոզելու բացել Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները:

«Արդեն տևական ժամանակ է, ինչ տեղացիներին համոզում են, որ Ամուլսար տանող ճանապարհները բացեն։

Հիշեցնեմ, որ Ամուլսարի խնդրով հարուցված քրեական գործը տապալվեց, Իվանյան-Գրիգորյան քննիչ և նախկին բնապահպանության նախարարի ազգակցական կապի բացահայտման պատճառով։ Ավելին, ապօրինի ընդերքօգտագործման փաստի առիթով հարուցված քրեական գործից էլ ոչ մի նորություն չկա։

«ELARD»-ն էլ բազմաթիվ թերություններ բացահայտեց և տեսակոնֆերանսով ներկայացրեց։ Բայց ոչ ուրանի պաշարների մասին տեղեկատվությունը հիմք դարձավ, ոչ «ELARD»-ի բացահայտումները, ոչ էլ նախարարության 13 կետից բաղկացած գրությունը։Հիմա հարցերի հարցը՝ ինչու է փակ այս քննարկումը, ոչ նախապես հայտարարվել է, ոչ էլ այս պահին թույլ են տալիս հեռարձակել», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր լրագրող Թեհմինե Ենոքյանը։

«Ջերմուկում Ամուլսարի խնդրով հանդիպումը սկսվել է, բայց քննարկման կազմակերպիչները պնդել են, որ ուղիղ հեռարձակում և նկարահանում չպետք է լինի։ Հասկանալի չէ, թե ինչո՞ւ։ Գուցե կազմակերպիչները բացատրեն պատճառները», - գրել էր Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը:

«Այս պահին Ջերմուկում Աժ «Իմ քայլը» պատգամավորական խմբի, կառավարության անդամների հանդիպումն է Ջերմուկ համայքի բնակիչների հետ Ամուլսարի թեմայով: Արգելվել է հանդիպման ուղիղ հեռարձակումը: Հիմա սա «օրենքով գողերի» սխոդկա է, թե հատուկ ծառայության օպերատիվ հավաք, որ խոչընդոտվել է հեռարձակումը», - գրել էր բնապահպան Ապրես Զոհրաբյանը:

Ի պատասխան մեղադրանքների՝ հանդիպմանը ներկա պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Մերի Գալստյանը, Մարիա Կարապետյանը իրենց ֆեյսբուքյան էջերում տարածել են նույնաբովանդակ պարզաբանում, որում նշված է.

«Սիրելի ընկերներ, այո, այսօր հանդիպել ենք Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ։
Հանդիպմանը ներկա են եղել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, Քննչական կոմիտեի պետի տեղակալ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը, Բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Վիգեն Անանյանը և պատգամավորներ Մերի Գալստյանը, Միքայել Զոլյանը, Տիգրան Ուլիխանյանը, Մարիա Կարապետյանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ջերմուկ և Գնդեվազ համայնքների շուրջ 130 բնակիչներ։ Հանդիպման կազմակերպչական հարցերում աջակցության խնդրանքով նախորդ օրը դիմել էինք Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին՝ խնդրելով նաև, որ հրավիրվեն մեր առանձնացրած թիրախային խմբերի ներկայացուցիչները՝ ավագանու անդամներ, առողջարանային, հյուրանոցային, հյուրատնային, զբոսաշրջային ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, բժշկական և կրթական հաստատությունների ղեկավարներ, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիների ցանցերի և նախաձեռնությունների ներկայացուցիչներ։ Խնդրանքի մաս էր կազմում նաև բազմաձայնության ապահովումը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց ներկայությամբ ապահովեցին այդ բազմաձայնությունը։

Հանդիպումը կազմակերպել էինք համայնքի մակարդակով իրազեկմամբ՝ առավել արդյունավետ քննարկում ապահովելու նպատակով։ Փաստացի ցանկացած մարդ ազատ ելումուտ ուներ դահլիճ։ Հանդիպումը նախատեսել էինք նաև չլուսաբանվող և չտեսաձայնագրվող, սակայն, իհարկե, առանց բովանդակության մասին հանրային խոսելու սահմանափակման։

Հանդիպման նպատակն էր համայնքի բնակիչների ներկա և ներկայացուցչական հատվածին պատմել Կառավարության իրականացված և ձեռնարկվող քայլերը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների հանգուցալուծելու ուղղությամբ։ Հանդիպման նպատակն էր նաև լսել քաղաքացիների հարցերը և հնարավոր մտահոգությունները։
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 14-ին մենք հանդիպել էինք նաև դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ և Գնդեվազ համայնքների մի խումբ բնակիչների հետ՝ նույնպես քննարկելու ստեղծված իրավիճակը, Կառավարության կողմից իրականացված և ձեռնարկվող քայլերը, մտքեր փոխանակելու լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։
Թեև ընդհանուր գծերով մեր խոսակցության բովանդակության մասին հանրությունը արդեն իսկ գիտի, այդ մասին հաջորդիվ կրկին մանրամասն կխոսենք։ Պարզապես այդ խոսակցության սիրտը իհարկե գտնվում է Ջերմուկ, Գնդեվազ և հարակից համայնքներում, և դրանով են պայմանավորված մեր ինտենսիվ շփումները համայնքի բնակիչների հետ»:

Իսկ Միքայել Զոլյանը նշել է. «Մեր այսօրվա այցի մասին Ջերմուկ: Հասկանալի է, որ քաղաքացիներից շատերի մոտ կա անվստահություն մեր նկատմամբ։ Ի վերջո, մարդիկ տասնամյակներով որևէ լավ բան չեն տեսել ո՛չ պատգամավորներից, ո՛չ գործադիրից։ Ավելին, պետք է ընդունենք, որ Ամուլսարի հարցում արդեն նոր իշխանության օրոք կա խնդիր` ապահովելու իշխանության և հանրության արդյունավետ երկխոսությունը։ Անձամբ ինձ համար այդ և նման հանդիպումների նպատակը հենց այդ է. օգնել, որ բնակիչները և կառավարությունը միմյանց լսեն։ Հուսով եմ, ինչ-որ չափով դա հաջողվեց, չնայած դեռ շատ գործ կա անելու»։

Լուսանկարը վերցված է Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջից:

15:48 Նոյեմբեր 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news