Ամուլսար տանող ճանապարհները չեն բացվելու․ Ջերմուկում տեղի ունեցած քննարկման միաձայն որոշումը

Ամուլսար տանող ճանապարհները չեն բացվելու․ Ջերմուկում տեղի ունեցած քննարկման միաձայն որոշումը

ԷկոԼուր

Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Ջերմուկում տեղի ունեցած՝ Ամուլսարի վերաբերյալ բաց քննարկման մասնակիցները միաձայն մերժեցին ոստիկանության պահանջը՝ բացել Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհը, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունը ձմեռացնի Ամուլսարի տարածքում գտնվող գույքը։ Քննարկման մասնակիցները միակարծիք էին, որ չպետք է թույլատրել «Լիդիան Արմենիային» մտնել Ամուլսարի տարածք։

Ջերմուկի բնակիչ, «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանը, դիմելով ներկաներին, ասաց․ «Մեր տեղեկություններով, Ամուլսարի տարածքում մնացել է միայն «Լիդիան Արմենիա»  ընկերությանը պատկանող տեխնիկան։ Նախորդ տարի իրականացվել են ձմեռացման աշխատանքներ։ Եվ հիմա մենք չենք տեսնում նոր ձմեռացման ինաստ։ Լսել եմ կարծիքներ, որ «Լիդիանը» ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել արբիտրաժ։ Մինչ այս պահը նրանք չունեն ոչ մի իրավասություն, քանի որ ոչ մի գործողություն չեն կատարել Ամուլսարի տարածքում։ Գուցե սա հարմար պատրվակ է, որպեսզի այդ դուստր կազմակերպությունները որոշ չափով ներդրում ունենան, և դա իրավական հիմք ստեղծի արբիտրաժում հանդես գալու համար»։ 

Բունիաթյանը հավելեց, որ իրենք այսօր հավաքվել են բոլորի կարծիքը լսելու և համատեղ որոշում կայացնելու նպատակով։  «Այստեղ թող ժողովուրդն արտահայտի իր դիրքորոշումը, և տեսնենք, թե կառավարությունն ինչպես է վերաբերվում այդ դիրքորոշմանը»,- ասաց նա։

Ելույթներով հանդես եկան Գնդեվազի բնակիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանը, լրագրող, իրավապաշտպան Արման Ղարիբյանը, «Համահայկական ազգային համաձայնություն» նախաձեռնության անդամներ Աշոտ Աշոտյանը և Հրայր Աղինյանը, Ջերմուկի նախկին քաղաքապետ Ռուբեն Մարկոսյանը, «Սասնա ծռեր» համահայկական շարժման անդամներ Գևորգ Սաֆարյանը և Վարուժան Ավետիսյանը, Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամներ Լևոն Գալստյանը և Անի Խաչատրյանը, Ջերմուկի բնակիչ Արթուր Առաքելյանը, «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներ Տիգրան Արեգունին և Հայկազ Հարությունյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը, Երևանի բնակիչ Արսինե Նավասարդյանը և այլոք։ 

Լուսանկարը՝ Թեհմինե Ենոքյանի



17:25 Դեկտեմբեր 15, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news