Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար պետք է ունենանք բոլոր երաշխիքները ռիսկերի կառավարման ու մնացած մտահոգությունների փարատման առումով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, հայտարարեց ՀՀ Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը «Ազատության» ռ/կ-ի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում։
«Ամուլսարի հետ կապված իրադարձությունները բովանդակային իմաստով մեծամասամբ գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության կառավարման տիրույթում։ Մի քանի օր առաջ ժամանակ էի խնդրել հանրությունից, որպեսզի լիարժեքորեն տիրապետեմ թեմային ու իմ կոմպետենտ գնահատականը տամ այս մասին ավելի ուշ։ Ցանկանում եմ երաշխավորել, որ ինչպես վարչապետն է անդրադարձել իր ասուլիսիներում, եթե հանքը շահագործվի, մենք պետք է ունենանք բոլոր երաշխիքները ռիսկերի կառավարման ու մնացած մտահոգությունների փարատման առումով, եթե այլ երաշխիքներ չլինեն, ուրեմն չպետք է շահագործվի: Մնացած մասով կխնդրեմ ժամանակ, որպեսզի ավելի մանրամասն խոսեմ փորձագիտական շրջանակների, այդ թվում՝ բնապահպանական շարժումների, նրանց ներկայացուցիչների հետ:
Ես հայտարարել եմ, որ աշխատելու եմ իրենց հետ բաց, շիտակ ու թափանցիկ, և չի կարող լինել մի մտահոգություն, որը հաշվի չառնվի, որևէ փաստարկ, որը քննարկելի չլինի։ Ես դա երաշխավորում եմ և՛ անձամբ, և՛ ի պաշտոնե»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով Ամուլսարում այսօր տեղի ունեցող լարված իրավիճակին, նախարարը նշեց, որ հետևում է այդ իրադարձություններին, սակայն հենց այս պահին միջամտելու իրավասություն իրենց գերատեսչությունը չունի․ «Այսրոպեական միջամտության որևէ լիազորություն մեր գերատեսչությունը չունի: Շրջակա միջավայրի նախարարի մանդատով օժտված անձը այս պահի գործընթացների վրա ներազդելու մանդատ չունի։ Գլոբալ տեսանկյունից՝ Ամուլսարի խնդիրը մեր իրավասության դաշտում է։ Այլ գերատսչություններ են ներգրավված այս գործընթացների մեջ: Վստահ եմ, որ պետական կառավարման մեր մյուս գործընկերները տիրապետում են իրավիճակին և գնահատականներ կհնչեցնեն: Ես հիմա զերծ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց, ես պարզապես հետևում եմ զարգացումներին, որպեսզի իմ գնահատականը լինի փաստարկված, հիմնավոր ու կոմպետենտ։ Եթե ես գնահատական հնչեցնեմ որպես երկրաբան, գուցե ձեզ դուր չգա։ Ոպես հանքարդյունաբերող ես չեմ կարող գնահատական հնչեցնել։ Ես պետք է գնահատական հնչեցնեմ որպես Շրջակա միջավայրի նախարար։ Ուզում եմ հավաստիացնել, որ ամեն ինչ օրենքի գերակայության շրջանակում պետք է արվի, որոշումները պետք է բխեն պետականության և քաղաքացու շահերից միաժամանակ, և ամենակարևորը՝ Ամուլսարի հարցի կարևորությունը բնավ չեմ նսեմացնում, բայց խնդրում եմ դրսևորել ողջամիտ վարք, զսպվածություն, համբերատար սպասել։ Քանի դեռ ես չեմ տիրապետում ամբողջական խորքային տվյալներին, փորձագիտական գնահատականներին, օբյեկտիվ փաստական հանգամանքներին, չեմ կարող այդ մասին խոսել»։
Ռոմանոս Պետրոսյանը նաև նշեց, որ որպես երկրաբան սրտի խորքում կուզեր, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում լիներ բացառապես պետական․ «Բայց մասնավոր սեփականությունը քաղաքացու անքակտելի իրավունքն է՝ երաշխավորված Սահմանադրությամբ: Ես չեմ կարող գնահատական հնչեցնել։ Այլ հարց է, երբ պետությունն իր թիկունքը լիարժեքորեն շտկի և խորամուխ լինի այն լիցենզիաների տրամադրմանը, հանքերի այն տոտալ առուվաճառքին, որ տեղի է ունեցել մինչև հեղափոխությունը ու դրա արդյունքում չեղարկի որոշակի հանքարդյունաբերական նպատակով տրված լիցենզիաներ: Դա, բնականաբար, արվելու է ժամանակի ընթացքում», - աաց նա:
Լուսանկարը` Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Օգոստոս 04, 2020 at 22:09