Հայտնաբերվել են ՀՀ օրենսդրության նոր խախտումներ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում

Հայտնաբերվել են ՀՀ օրենսդրության նոր խախտումներ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում

ԷկոԼուր

Հայտնաբերվել են ՀՀ օրենսդրության նոր խախտումներ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում: Այս խախտումների մասին նշեց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը  CEE Bankwatch NetWork-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Փորձաքննության ընթացքում ընդհանրապես չի գնահատվել մարդու առողջության վրա ազդեցությունը, նշեց Նազելի Վարդանյանը, - «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում նշված է, որ, փորձաքննության եզրակացություն տալիս, պետք է պարտադիր ստանալ բոլոր շահագրգիռ նախարարությունների կարծիքը: Մենք հարցում ենք արել առողջապահության նախարարությանը, որտեղից պատասխանել են, որ առողջապահության նախարարությանն ընդհանրապես չեն դիմել, եւ առողջապահության նախարարությունն այս ծրագրի վերաբերյալ կարծիք չի հայտնել: Դա նշանակում է, որ փորձաքննության ընթացքում ընդհանրապես չի գնահատվել մարդու առողջության վրա ազդեցությունը, եւ  փորձաքննությունը կատարվել է անօրինական»:

Ըստ Նազելի Վարդանյանի. «Ամուլսարի հանքավայրը հանրապետական, նախկինում միութենական նշանակություն ունեցող Ջերմուկ առողջարանից գտնվում է 7 կմ հեռավորության վրա: Ջերմուկի ու հանքային ջրերի պահպանության վերաբերյալՀՀ ջրային օրենսգրքում կան դրույթներ, որ չեն կարող հանքարդյունաբերություն կամ այլ տնտեսական գործունեություն իրականացնել այն աղբյուրների մոտ, որոնք պարունակում են հանքային ջուր, որպեսզի դրանք չաղտոտվեն, եւ պայթեցումների հետեւանքով այդ հավասարակշռությունը չկորի, աղբյուրները չկորցնենք: Այդ նպատակով սահմանված են հանքային ջրերի պահպանման  երեք սանիտարական գոտիներ:  3-րդ գոտին գտնվում է 50 կմ-ի վրա, իսկ Ամուլսարն ավելի մոտիկ: Փաստորեն, Ամուլսարի հանքավայրը հայտնվելու է 2-րդ գոտում, որտեղ ընդհանրապես որեւէ գործարան և տնտեսական գործունեություն,  որը վնաս կպատճառի բնությանը, արգելված է»:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի խախտում: «Բացի Ջերմուկից այդտեղ 3-4 կմ հեռավորության վրա գտնվում են 4-5 համայնքներ, այգիները գտնվում են ավելի մոտ, կան նույնիսկ այգիներ, որ հենց այդ տարածքի մեջ են գտնվում: Հանքարդյունահանման, պայթեցումների արդյունքում ամբողջ փոշին նստելու է այդ այգիների վրա եւ ոչ պիտանի է դարձնելու գյուղացիների արտադրած մթերքը: Դրանով խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքը (Գլուխ 9, հոդված 31), որտեղ նշված է, որ բնակավայրերում արգելված է հանքարդյունահանությունը»,- նշեց փորձագետ իրավաբանը:

Նազելի Վարդանյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ Ջերմուկն ու Սեւանա լճի ավազանի համայնքները չեն ճանաչվել ազդակիր համայնք.  « Ջերմուկը չի ճանաչվել ազդակիր համայնք, որն ամենամեծ համայնքն է այդ տարածքում, եւ Ջերմուկում չեն անցկացվել հանրային լսումներ, իսկ դա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ փորձաքննության մասին» օրենքի խախտում է: Եւ մեր քննարկումների ժամանակ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ մենք ճանաչել ենք ամբողջ մարզը ազդակիր համայնք, բայց օրենքը չի նախատեսում, որ ամբողջ մարզը ճանաչվի, կոնկրետ համանքը պետք է ճանաչվի: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի համաձայն` ազդակիր համայնք է համարվում այն համայնքը, որն իր վրա կրելու է տվյալ գործունեության բացասական ազդեցությունը: Եւ այս սահմանումից ելնելով` մենք կարծում ենք, որ ոչ միայն Ջերմուկը պետք է ներգրավվեր որպես ազդակիր համայնք, եւ անցկացվեին հանրային քննարկումները, այլ նաեւ Սեւանի ավազանի համայնքները, որովհետեւ նրանք ամեն դեպքում կրելու են իրենց վրա այդ վնասը. Արփայի ջուրը լցվելու է Սեւան»:

Նազելի Վարդանյանը թվարկեց նաեւ այլ օրենքների խախտումներ: «Սեւանա լճի մասին»  օրենքի խախտում:. « Ամուլսարի տարածքը գտնվում է Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարների միջեւ ընկած տարածքում: Հանքի համար ջուրը պետք է վերցվի Արփա գետից:  Կեչուտի, Սպանդարյանի ջրամբարները եւ Արփա գետը գտնվում են Սեւանա լճի ջրհավաք ավազանում:  Մենք ունենք «Սեւանա լճի մասին» օրենք, որտեղ նշված է, որ չի կարող կատարվել որեւէ արդյունահանություն, այնպիսի տնտեսական գործունեություն, որը բացասաբար կազդի Սեւանա լճի վրա: Հետեւաբար, այստեղ խախտվել է «Սեւանա լճի մասին» օրենքը, եւ առաջին անգամ, երբ որ դիմել են Սեւանա լճի հանձնաժողովին, նրանք բացասական եզրակացություն են տվել: Երկրորդ անգամ խեղաթյուրված են ներկայացվել տվյալները, եւ ստացել են որոշ հապավումներով դրական համաձայնություն հանձնաժողովի կողմից»:

ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի, «Կենդանական աշխարհի մասին»  եւ «Բուսական աշխարհի մասին» օրենքների խախտում:

«Խախտվում են «Կենդանական աշխարհի մասին»  եւ «Բուսական աշխարհի մասին» օրենքները, քանի որ այդ 2 օրենքներում գրված է, որ եթե տվյալ տարածքում կան Կարմիր գրքում գրանցված կենդանիներ կամ բուսական տեսակներ, ապա այդ տարածքներում արգելված է հանքարդյունահանումը: Խախտվում է նաեւ Ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածի նմանտիպ պահանջը… Ընդերքի մասին օրենսգրքում նշված է նաեւ, որ այն տարածքներում, որտեղ կան պատմամշակութային նշանակության կոթողներ, այդտեղ նույնպես արգելվում է հանքարդյունահանությունը: Մենք ունենք  ՀՀ մշակույթի նախարարությունից եւ այլ կազմակերպությունից ստացված տվյալներ,  որ այդտեղ կան դամբարանաքարեր, դաշտեր, որոնք պետության կողմից պահպանված են»:

12:42 Նոյեմբեր 03, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news