Վարչապետ Կարեն Կարապետյանը Ամուլսարի ծրագրի մասին` բնապահպանական նորմերի խախտում չենք ունենալու

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ամուլսարի ծրագրի մասին` բնապահպանական նորմերի խախտում չենք ունենալու

ԷկոԼուր

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Ազգային ժողովում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի մասին կարծիք հայտնեց, որ բնապահպանական նորմերի խախտում չենք ունենալու: Հարցը բարձրացրեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: «Ես կցանկանայի իմանալ Ձեր դիրքորոշումն Ամուլսարի հանքի շահագործման մասին, քանի որ Դուք գիտեք, որ մենք կանգնած ենք այնպիսի խնդիրների առջև, ինչպիսիք են Ամուլսարի ռիսկերն ու վտանգները Որոտան և Արփա թունելի, Սևանա լճի համար, Վայոց ձորի և Ջերմուկի միջավայրի ոչնչացումը, հանքը Ջերմուկից հեռու է ընդամենը 10 կմ: Վստահ եմ՝ Դուք տեղյակ եք, որ այս մասին բնապահպանական 19 կազմակերպություն ստորագրահավաք է կազմակերպել և բազմաթիվ անգամ ահազանգել, պահանջել գործընթացի դադարեցում, հիմնավորել, որ նախագիծը բնապահպանական հիմնավոր գնահատում չի անցել: Նաև Դուք մեջբերեցիք զբոսաշրջության առաջնահերթ լինելը: Այս դեպքում չե՞ք տեսնում բախում հանքարդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում»,- հարցրեց պատգամավորը:

Ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց. «Ինչ վերաբերում է կոմերցիոն շահերին և բնապահպանական հարցերին, ամբողջ աշխարհն առնչվում է դրանց հետ, և ամբողջ աշխարհում հանքարդյունաբերությունը զարգանում է` բնապահպանության նորմերը պահպանելով: Ես կարծում եմ, որ մենք այստեղ բնապահպանական ճգնաժամ, բնապահպանական նորմերի խախտում չենք ունենալու, որովհետև միջազգային փորձագետների գնահատականներով մենք ներկայացնում ենք: Սա մեկ:
Երկրորդը, մենք դարձել ենք EITI ակումբի անդամ, որը վերաբերում է հանքարդյունաբերությանը, և մենք որոշակի պարտավորություններ ենք վերցրել՝ այդ թվում բնապահպանական նորմերի հետ կապված:
Երրորդը, ներդրողն իր վրա է վերցրել բեռ, որպեսզի բացի նրանից, ինչ-որ բնապահպանական նորմերը պահանջում են, կատարի, որոշակի քայլեր անի այն ուղղությամբ, որպեսզի բնապահպանները, ՀԿ-երը, բնակչությունը համապատասխան դժգոհության կամ կասկածների տեղ չունենան: Ես կարծում եմ, որ մենք այստեղ չլուծվող, բնակչին, մեզ բոլորիս էկոլոգիայի տեսակետից չբավարարող լուծումներ չենք ունենալու»:

Շաքե Իսայանը հիշեցրեց վարչապետին բնապահպանների ահազանգը, որ Ամուլսարի շահագործմամբ կոչնչանան Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրները:
«Մենք ձեզ ամբողջ նյութերը կներկայացնենք, խնդրում եմ, գնահատեք այն: Եթե բաց տեսնեք, մեզ տեղյակ պահեք», - արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

20:35 Հունիս 23, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news