«Ամուլսարն առանց հանքի, Նիկոլ հուպ տուր, Լիդիանին կուլ տուր». ակցիա կառավարության շենքի դիմաց

«Ամուլսարն առանց հանքի, Նիկոլ հուպ տուր, Լիդիանին կուլ տուր». ակցիա կառավարության շենքի դիմաց

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի դեմ պայքարող քաղաքացիները սեպտեմբերի 6-ին ակցիա անցկացրեցին կառավարության շենքի դիմաց: Ակցիայի հայտարարված նպատակը` «պայթեցնել հանքերի հետ կապված միֆերն ու վախերը, աջակցել կառավարությանը` հաստատել քաղաքացիների կամքը և տեսչական մարմնի ընդունած որոշումը` կրկին փորձաքննության ենթարկել Ամուլսարի ծրագիրը»:

Ակցիային մասնակցում էին Վայոց ձորի մարզից Ջերմուկ համայնքի բնակիչները, Գեղարքունիքի մարզից Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչները, բնապահպաններն ու քաղաքացիական ակտիվիստները: Նրանք իրենց հետ բերել էին խորհրդանշական փուչիկներ` կանաչ և կարմիր գույների:

«Պատասխանատու հանքարդյունաբերություն», «Արբիտրաժային դատարաններ», «Տնտեսական աճ», «Միջազգային ստանդարտներ» հասկացությունները ցուցարարները համարեցին միֆեր և «պայթեցրեցին» դրանք կարմիր փուչիկներով: Փոխարենը հղեցին «Խիստ տեսչություն», «Խիստ վերահսկողություն», «Գլոբալ արդարադատություն», «Ջուր», «Բնապահպանական օրենքներ» ուղերձները:

Ցուցարարները վանկարկեցին` «Ամուլսարն առանց հանքի, Նիկոլ հուպ տուր, Լիդիանին կուլ տուր: Կանաչ, մաքուր, Հայաստան»:

«Մենք` Ջերմուկի բնակիչներս, շուրջ 80 օր հսկում ենք Ամուլսարի ճանապարհները, որ ոչ մի գործ այնտեղ չանեն: Մենք ուզում ենք պահպանել մեր քաղաքը, մեր ջրերը, մեր սերունդը: Չպետք է թողնենք, որ այդ ծրագիրն իրականացվի: Մինչև վերջ էլ կանգնելու ենք, մինչև հասնենք մեր նպատակին», - ասաց Ջերմուկ համայնքի բնակիչ Էդմոնդ Աղաբեկյանը:

«Ամուլսարն ամենախոշոր հանքավայրն է, որ բացվելու է Հայաստանի կենտրոնում: Այդ ազդեցությունը տարածվելու է բոլոր ուղղություններով` Վայոց ձոր, Սևան, Սյունիքի մարզ, Արփա, Որոտան գետերի ավազաններ: Ով է 50 և ավելի տարիներ վտանգները կառավարելու ու վերացնելու, համապատասխան կայաններ տեղադրելու և սպասարկելու ջրերը մաքրելու համար և արդյո՞ք դա տեխնիկապես և այլ առումներով հնարավոր է», - ասաց Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը:

Ցուցարարները նշեցին, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ իրականացնելիս Ամուլսարի տարածքում խախտումներին զուգահեռ հայտնաբերել է Կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակ» բուսատեսակ և «Ապոլո» տեսակի թիթեռ: «Եթե «Ապոլո» թիթեռն Ամուլսարի տարածքում իսկապես գոյություն ունի, ուրեմն ՀՀ օրենսդրությունն իմպերատիվ կերպով արգելում է այդ տարածքում որևէ հանքարդյուբերական գործունեություն իրականացնել», - նշեց Լևոն Գալստյանը:

«Ապոլո» թիթեռի կերպարանքով ակցիան մասնակցում էր բնապահպան Մարիամ Սուխուդյանը, ով տևական ժամանակ դուրս էր եկել ակտիվ փողոցային պայքարներից: Այսօր նա Ամուլսարի պահապանների կողքին էր:

«Տարիներ առաջ այս պայքարը սկսեցին բնապահպանները, բայց հիմա, երբ արդեն տեսնում ես այդ հասուն գիտակցությունը հենց տեղի բնակչության մոտ` թե կրթվածությամբ, թե նվիրվածությամբ, այդ շարժումը սկսում է քաշել: Ինձ վրա շատ ազդեց այն փաստը, որ տեղի բնակիչներն են ոտքի կանգնել ու պայքարում: Կարծես Ջերմուկի բնությունն արտատպված է նրանց մեջ:
Հանքավայրն անհամատեղելի է Ջերմուկ առողջարանի հետ: Ջերմուկն առողջարանային գոտուց հանքային մեռյալ քաղաքի է փոխակերպվելու: Անհնարին է, որ այդ երկուսն իրար հետ գոյատևեն և իրար վրա չազդեն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, երբ եկել էր Ջերմուկ, ասաց, որ իմ օրոք լիներ, ես թույլ չէի տա», - ասաց Մարիամ Սուխուդյանը:

«Եկել ենք ուղերձ հղելու կառավարությանը, որ ինքը համարձակորեն պաշտպանի Հայաստանի օրենսդրությունը, չտրվի միջազգային ճնշումներին», - նշեց Հայկական բնապահպանական ճակատի անդամ Աննա Շահնազարյանը:

Գեղարքունիքի մարզից «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանն ասաց. «Ամուլսարը սպառնում է նաև Սևանին, և մենք` Սևանի բնակիչներս, պահանջում ենք Ամուլսարի հանքի շահագործման դադարեցում:

Եթե Ամուլսարի ոսկին ժամանակի ընթացքում այլևս չենք ունենա, Սևանը, ճիշտ պաշտպանելու դեպքում, միշտ կունենանք: Մենք մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացնենք Սևանի փրկության համար»:

Ամուլսարի ծրագրին ազդակիր Գնդեվազի գյուղի բնակիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանը կոչ արեց բոլորին սեպտեմբերի 7-ին` 10:30-ին, Վարչական դատարանում մասնակցել Ամուլսարի գործով դատական նիստին:

Սեպտեմբեր 06, 2018 at 18:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր