Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն անթույլատրելի է. Մարատ Գրիգորյան

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն անթույլատրելի է. Մարատ Գրիգորյան

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն անթույլատրելի է: Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ում չեն ուսումնասիրվել տարածքի սողանքային դաշտի մեծ ռիսկերը և Որոտան-Արփա ջրատարի վրա ազդեցությունը: Այս մասին հայտարարեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը՝ ԵՊՀ կայուն զարգացման կենտրոնում՝ «Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված ռիսկերը» թեմայով քննարկման ժամանակ:

«Ամուլսարի տարածքում կա սողանքային դաշտ, Սարավան-Գորայք ճանապարհը տեղաշարժվել է, ամբողջությամբ դեֆորմացիայի է ենթարկվել: Ամեն տարի այնտեղ աշխատանքներ են անցկացվում, թույլ մակերեսային դրենաժ է կատարվում, այդ ջրերը հեռացվում են, որպեսզի սողանքային երևույթները մեղմացվեն: Այնտեղ կա խորը սողանք-հոսք, որը խիստ վտանգավոր է հետագա զարգացման համար: Դա կոչվում է սողանքային դաշտ: Ցավալի է, որ ՇՄԱԳ-ում ընդհանրապես չի խոսվում այդ սողանքային դաշտի մասին: Խոսվում է միայն այն սողանքների մասին, որոնք կարող են առաջանալ հանքավայրի շահագործման ժամանակ, որոնք ոչ մի կապ չունեն այդ սողանքային դաշտի հետ: Ընկերության գործադիր տնօրենը (Հայկ Ալոյան) ասում է, որ այնտեղ սողանքային դաշտ չկա, երբ այդ սողանքային դաշտը գրանցված է և կադաստրում նստած է որպես սողանքային դաշտ: Այն ընդգրկում է Երևան-Մեղրի ճանապարհը: Սողանքների վերևի մասն ընդգրկում է իրենց օգտագործման տարածքները: Պայթեցումները, հորատման աշխատանքները, տրանսպորտի տեղաշարժերը, թթվային ջրերի առաջացումը, այս բոլորը կակտիվացնեն սողանքային երևույթները: Եթե այդ տարածքում սողանքային երևույթներն ակտիվանան, վտանգի կենթարկվի այն միակ ճանապարհը, որը Հայաստանը կապում է Իրանի հետ: Եթե այդպիսի բան տեղի ունենա, մենք տասնյակ միլիոներ պետք է ծախսենք նոր ճանապարհ կառուցելու կամ այս սողանքների դեմ պայքարելու համար», - ասաց Մարատ Գրիգորյանը:

Գիտնականը նշեց, որ գնահատված չէ ծրագրի ազդեցությունը Որոտան-Արփա թունելի վրա, ինչը ևս իր հերթին մեծ ռիսկ է և կրկին կարող է ֆինանսական բեռ ստեղծել պետության համար:

«Հանքավայրից մոտ 2.5 կմ հեռավորության վրա անցնում է Որոտան-Արփա ջրատարը: Աշխարհի քիչ երկրներ կարող են իրենց թույլ տալ այսպիսի հզոր կառույց ունենալու: Հսկայական ծախսեր են կատարվել ժամանակին այդ 21 կմ հատվածը կառուցելու համար, և այսօրվա դրությամբ ոչ մի կաթիլ ջուր թունելով չի գնում, փակ է, բայց տարեկան 6 միլիոն խմ ջուր է դուրս գալիս թունելից: Այսինքն, ջրատարը դարձել է որպես ցամաքուրդ: Ամբողջ այդ տարածքի ջրերը, որոնք ձևավորվում են Ամուլսարի տարածքում, մի մասը նաև լցվում են այդ թունել և գնում են Կեչուտ:Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրերի քիմիական կազմը խիստ փոփոխվում է: Բացառված է, որ այն ջրերը, որոնք ձևավորվում են այդ տարածքում, չլցվեն այդ թունելը: Չկա բացատրություն, թե ինչ հետևանքներ կլինեն ջրատարի վրա: Իսկ ինչ է նշանակում ջրատարի քայքայումը. այն շահույթը, որը պետք է պետությունը ստանա Ամուլսարի շահագործման հետևանքով, մոտ 500 միլիոն դոլար են հաշվում, տարեկան մոտ 50 միլիոն դոլար, չնչին գումար է այն աշխատանքների դիմաց, որոնք կպահանջվեն Որոտան-Արփա ջրատարը պահպանելու համար», - ասաց Մարատ Գրիգորյանը:

«Եթե Ամուլսարի ծրագրից Հայաստանը ստանում է 500 միլիոն դոլար շահույթ, ընկերությունը 2 միլիարդ դոլարից ավելի շահույթ է ստանալու: Այդպիսի գործարք աշխարհում չեք գտնի, դա ուղղակի թալան է, որի դեմը պետք է առնել: Ինձ չի հետաքրքրում որևէ մեկի շահը, ինձ հետաքրքրում է այն մեծ վտանգը, որը սպառնում է մեր երկրին նման հանքավայրի շահագործման դեպքում», - ասաց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանը:

Նա ընդգծեց, որ ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնն առաջարկություններ կներկայացնի ՀՀ կառավարությանը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ:

 

16:45 Սեպտեմբեր 24, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news