«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տալիս ՀՀ քաղաքացիներին

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տալիս ՀՀ քաղաքացիներին

ԷկոԼուր

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը Հայաստանում իրականացնում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը, դատի է տալիս ՀՀ քաղաքացիներին: Ընկերությունը 2018 թ-ի սեպտեմբերի 4-ին 28 քաղաքացու դեմ հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ընկերությունը պահանջում է պատասխանողներից բռնագանձել պատճառած վնասների լրիվ հատուցում՝ հաշվարկված 2018 թ-ի հունիսի 22-ից մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժի մեջ մտնելը: Պատասխանողներն են՝ Մուշեղ Աղաջանյանը, Գարիկ Առաքելյանը, Ահարոն Արսենյանը, Շիրակ Բունիաթյանը, Վազգեն Գալստյանը, Արթուր Գրիգորյանը, Միսակ Գրիգորյանը, Վահե Դավթյանը, Եղիշե Եղիշյանը, Թեհմինե Ենոքյանը, Տիգրան Զաքարյանը, Արմեն Խաչատրյանը, Բորիս Խաչատրյանը, Արման Կարապետյանը, Դավիթ Հարությունյանը, Սասուն Հարությունյանը, Ասքանազ Հովհաննիսյանը, Վանիկ Հովհաննիսյանը, Գագիկ Հովսեփյանը, Ռոման Ղազարյանը, Շառլ Մաթևոսյանը, Տիգրան Մանուկյանը, Սահակ Մինասյանը, Կոստան Մկրտչյանը, Միհրդատ Ներսիսյանը, Արգիշտի Ստեփանյանը, Գագրիկ Ստեփանյանը և Արամ Օհանյանը:

Դատարանը վերադարձրել է հայցադիմումը՝ նշելով, որ հայցադիմումով խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ հայցադիմումի բովանդակությանը ներկայացվող պահանջները: Հայցադիմումում չի նշվել դատարան դիմելու օրվա դրությամբ պահանջվող գումարի (պատճառած վնասի) չափը և հաշվարկը, չի հիմնավորվել դատարան դիմելու օրվա դրությամբ պատճառած վնասի չափը հաշվարկելու անհնարինությունը: Հայցը թվով 28 պատասխանողի դեմ է, սակայն չի նշվել յուրաքանչյուր պատասխանողին ուղղված պահանջը:

Դատարանի գրության մեջ նշված է, որ հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու և եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված կհամարվի սկզբնական ներկայացնելու օրը:

Պատասխանողներից Գնդեվազի գյուղի բնակիչ Թեհմինե Ենոքյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ նոր գրություն դատարանից չի ստացել:

 

Նա նշեց, որ բացի այս ընդհանուր հայցից իր դեմ ներկայացված է ևս մեկ առանձին հայց: «Լիդիան Արմենիա»-ի իրավախորհրդատու՝ «Ֆիդելիթի Քոնսալթինգ» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Մելքումյանն է հայցադիմում ներկայացրել կրկին ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ «հրապարակային ելույթի ընթացքում ընկերության գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 1.000.000 ՀՀ դրամ փոխհատուցման գումար բռնագանձելու, զրպարտություն համարվող տվյալները նույն վայրում հրապարակային ելույթի և ֆեյսբուքյան անձնական էջով ուղիղ հեռարձակման միջոցով հերքել պարտավորեցնելու պահանջով»: Դատարանը վերադարձրել է հայցադիմումը՝ նշելով, որ հայցադիմումը ստորագրված է ստորագրելու լիազորություն չունեցող անձի կողմից: Չի ներկայացվել որևէ պատշաճ ապացույց, որ Արմեն Մելքումյանը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից է:

Թեհմինե Ենքոյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ընկերությունն իր ելույթի որ մասն է համարում համարում գործարար համբավն արատավորող:

Եվս մեկ հայցադիմում «Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի: Հայցադիմումը ներկայացրել են Արմեն Մելքումյանը և «Ֆիդելիթի Քոնսալթինգ» ՓԲԸ-ի փաստաբան Ելենա Կասպարովան՝ մեղադրելով բնապահպանին զրպարտության մեջ:

Հայցադիմումում նշված է, որ Լևոն Գալստյանը 2018 թ-ի հուլիսի 13-ին civilnet.am էլեկտրոնային կայքին տրված հարցազրույցում, իր անձնական ֆեյսբուքյան և ՀԲՃ ֆեյսբուքյան էջում «ներկայացրել է ընկերության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, ընկերության գործարար համբավն արատավորող մի շարք փաստացի տվյալներ»: Հայցվորը պահանջում է Լևոն Գալստյանից հերքում նույն կայքի և ֆեյսբուքյան էջերի միջոցով: Որպես երրորդ կողմ հանդես է գալիս Սիվիլիթաս հիմնադրամը: Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ:

Լևոն Գալստյանը պատասխան է ուղարկել դատարանին և կողմերին՝ նշելով, որ հայցն ամբողջովին անհիմն է և անօրինական:

«Ես համոզված եմ՝ ոչ մի զրպարտություն չկա: Սա հերթական միջոցն է ինչ-որ ձևով վախեցնել հանքարդյունաբերության դեմ Հայաստանում պայքարող քաղաքացիներին: Բնական է, որ դա մեր գաղափարների և գործունեության վրա չի կարող ազդել: Մենք գիտենք, որ մեր գրածներն ու ասածները ճշմարտություն են, և սա ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել քաղաքացիներին պայքարելու իրենց իրավունքների համար: Դատարանը չպետք է ընդուներ այդ հայցադիմումը, որովհետև այնտեղ զրպարտության հիմքեր չկային ներկայացված», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Լևոն Գալստյանը:

Հիշեցնենք, որ արդեն 4 ամիս է` Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածք տանող ճանապարհները փակ են ծրագրի դեմ պայքարող քաղաքացիների կողմից, շինարարությունը՝ դադարեցված:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքներով ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ծրագրին տրված փորձաքննական եզրակացությունը: Տեսչական մարմինը ծրագրի տարածքում հայտնաբերել է կարմիրգրքյան թիթեռ: Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված է քրեական գործ՝ «Լիդիան Արմենիա»-ի կողմից Ամուլսարի հանքավայրից օգտակար հանածոների առերևույթ ապօրինի արդյունահանման փաստի առթիվ:

19:26 Հոկտեմբեր 15, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news