ՄԱԿ-ի հատուկ զեկուցող. Հայաստանի կառավարությունը պետք է Ամուլսարի հարցը մանրամասնորեն քննարկի համայնքների հետ

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող. Հայաստանի կառավարությունը պետք է Ամուլսարի հարցը մանրամասնորեն քննարկի համայնքների հետ

ԷկոԼուր

Ամուլսարի հարցը պետք է խորը ուսումնասիրվի, և Հայաստանի կառավարությունը պետք է այն մանրամասնորեն քննարկի համայնքների հետ: Այս մասին ասաց ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլենը՝ նոյեմբերի 16-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Ասուլիսը նվիրված էր Հայաստանում խաղաղ հավաքների և միություններ կազմելու ազատությանը:

Հայաստան իր այցի ժամանակ Կլեման Նյալեցոսի Վուլենն այցելել է Վայոց ձորի մարզ և այնտեղ հանդիպել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի դեմ պայքարող քաղաքացիներին: Ի պատասխան ԷկոԼուրի հարցի՝ ինչպես եք գնահատում իրավիճակն Ամուլսարի տարածքում, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն ասաց. «Ինձ համար չափազանց կաևոր էր տեսնել, թե ինչ վիճակում են գտնվում տեղում բողոք իրականացնողները: Իրենցից ես լսել եմ մի շարք մտահոգություններ, նաև նամակով ստացել ենք բողոքներ սպառնալիքների վերաբերյալ, բայց իմ այցի ժամանակ ես նման բան չեմ տեսել: Ես տեսել եմ, որ բողոքողները խաղաղ ճանապարհով փակել են հանքավայր տանող մուտքերը: Ես հիմա որևէ կոնկրետ դիրքից չեմ կարող խոսել, դրա համար խորը ուսումնասիրություն է պետք: Իմ կարծիքով՝ նման դեպքերում կառավարությունը պետք է իրական խորհրդատվություններ անցկացնի համայնքների հետ, որպեսզի այդպիսի ծրագրերը համապատասխանեն մարդու իրավունքների սկզբունքներին»:

Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերությունը ստացել է 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով արագ փոխառության կանխավճար, որը, ինչպես «Լիդիան»-նն է նշում, գործածվելու է «ընկերության կողմից որոշակի տեսակի ծախսեր կատարելու համար, քանի դեռ ընկերությունը շարունակում է իր աշխատանքը Ամուլսարի ոսկու հանքի ապօրինի շրջափակումը վերացնելու ուղղությամբ»: ԷկոԼուրի հարցին ի պատասխան՝ արդյոք սա ճնշում և սպառնալիք չէ Հայաստանի կառավարության և Ամուլսարում բողոքի ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը նշեց. «Մի կողմից սա կարող է լինել վնաս, եթե այդտեղ կա վնաս, մյուս կողմից՝ իրավունքի խախտում: Բայց պետք է ուսումնասիրել՝ հասկանալու համար՝ ինչ է դա նշանակում, կա արդյոք իրավունքի խախտում»:

Անդադառնալով հայաստանյան հետհեղափոխական իրավիճակին` Կլեման Նյալեցոսի Վուլենը նշեց, որ Հայաստանը ժողովրդավարական անցում է ապրում խորհրդարանական ընտրություններից առաջ: Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը պետք է ճանաչվի որպես նոր հնարավորություն, դատական համակարգը լինի անկախ, որպեսզի մարդիկ վստահեն դրան: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը պահպանում է հեղափոխության արժեքը:

Կլեման Նյալեցոսի Վուլենը հայտնեց, որ իր այցի ժամանակ պատրաստված վերջնական զեկույցը, իրավիճակի գնահատումն ու առաջարկությունները պատրաստ կլինեն 2019 թ-ի հունիսին:

14:44 Նոյեմբեր 16, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news