Ջերմուկ խոշրացված համայնքի բնակիչները ստորագրահավաք են սկսել Ջերմուկը էկո-տնտեսական տարածք դարձնելու համար

Ջերմուկ խոշրացված համայնքի բնակիչները ստորագրահավաք են սկսել  Ջերմուկը էկո-տնտեսական տարածք դարձնելու համար

Տաթևիկ Ենոքյան￿` ԷկոԼուրի համար

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու նպատակով արդեն մի քանի օր է Ջերմուկում և այսօրվանից Երևանում հանրագրի ստորագրահավաք է անցկացվում: Ստորագրահավաքն ուղղված է Ամուլսարի ծրագրի իրականացման դեմ:

Ինչպես հայտնեց Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը, արդեն ստորագրահավաքին մեծ թվով մարդիկ են մասնակցել: «Հանրագիրը ներկայացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարություն, նաև Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարին»,- ասաց Լևոն Գալստյանը:

Ստորագրահավաքին կարող են մասնակցել Ջերմուկ, Կեչուտ, Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում գրանցված 14 տարեկանից բարձր քաղաքացիները։

«Քանի որ այդ բնակավայրերի բնակիչների մի ստվար զանգված ապրում կամ սովորում է Երևանում, որոշվեց նրանց համար նույնպես հնարավորություն ստեղծել մասնակցել իրենց համայնքի ճակատագրի հետ առնչվող այս գործընթացին»,- ասաց Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը։

Երևանում ստորագրահավաքը կշարունակվի նաև նոյեմբերի 23-ին` ժամը 14։30-19։00 Ավետիք Իսահակյանի արձանի մոտ:

Հիշեցնենք, որ արդեն 5 ամիս է` խոշորացված Ջերմուկ համայնքի բնակիչները և բնապահպան ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքներ տանող ճանապարհները և պահանջում են չշահագործել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը:

19:27 Նոյեմբեր 22, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news