Բնապահպանության և էներգետիկայի նախարարություններն Ամուլսարի հարցում հակասում են միմյանց

Բնապահպանության և էներգետիկայի նախարարություններն Ամուլսարի հարցում հակասում են միմյանց

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ պատասխանատու պետական մարմիները հայտնում են հակասական տեղեկություններ:

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նշել էր, որ ներկայումս միջազգային փորձագետները ուսումնասիրում են Ամուլսարի ծրագրի ռիսկերը, և որ ուսումնասիրությունները կտևեն 2-3 ամիս:

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն էլ հայտնեց, որ Ամուլսարի ծրագիրն ուսումնասիրող միջազգային ընկերության վերջնական ընտրությունը դեռևս արված չէ: «Նախաորակավորում է իրականացվել, նախաորակավորման ընթացքում կան արդեն հայտեր, վերջնական ընտրությունը դեռևս արված չէ», - նշեց Էրիկ Գրիգորյանը:

Ի պատասխան ԷկոԼուրի հարցի՝ ինչ սկզբունքով պետք է ընտրվի միջազգային ընկերությունը, կոնկրետ ինչ ուսումնասիրություններ են իրականացվելու և հանրությունը ինչ մասնակցություն է ունենալու այդ գործընթացում, Էրիկ Գրիգորյանն ասաց. «Նախաորակավորման տեղեկատվությունը օնլայն հարթակում տեղադրված է, ամբողջությամբ գրված է՝ ինչ սկզբունքով է ընտրվելու միջազգային կազմակերպությունը, բավական խիստ պայմաններ են դրված, և շրջանակը ներառելու է ջրային ռեսուրսներ, կենսաբազմազանություն, երկրաբանություն և օդ: Այսինքն, հիմնական բնապահպանական ազդեցությունները»:

Բնապահպանության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել, որ ՀՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում է Ամուլսարի գոտու մակերևութային ջրերի, գետերի հատակային նստվածքների և հողերի նմուշառման և իզոտոպային լաբորատոր փորձաքննություններ: Այս մասով Էրիկ Գրիգորյանը նշեց, որ փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն, հնարավոր է` կարիք լինի լրացուցիչ աշխատանքների:

Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել Ամուլսարի հանքի տարածքում, հայտնաբերել էր կարմիրգրքյան նոր տեսակներ և առաջարկել բնապահպանության նախարարությանը  նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթին տրված դրական եզրակացությունը: Բնապահպանության նախարարությունն էլ իր հերթին լրացուցիչ ուսումնասիրություն էր իրականացրել մեկ օրվա ընթացքում և հայտարարել, որ հանքի տարածքում կարմիրգրքյան տեսակներ չկան:

Ամուլսարի ծրագրի՝ կենսաբազմազանության վրա ազդեցության վերաբերյալ 5 նոր հանգամանք է բացահայտվել Վայրի բնության բալկանյան միության փորձագետների կողմից:

18:45 Նոյեմբեր 23, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news