«Լիդիան Արմենիա»-ն ընդդեմ բնապահպան Լևոն Գալստյանի. դատական նիստը հետաձգվել է ընկերության առաջարկով

«Լիդիան Արմենիա»-ն ընդդեմ բնապահպան Լևոն Գալստյանի. դատական նիստը հետաձգվել է ընկերության առաջարկով

ԷկոԼուր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ս.թ. դեկտեմբերի 21-ին պետք է քններ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի դեմ ներկայացված հայցը: Սակայն հայցվորի առաջարկով դատական նիստը հետաձգվել է:

Ըստ պատասխանող Լևոն Գալստյանի, նիստը հետաձգվել է, քանի որ «Լիդիան»-ի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատարանին այն մասին, որ հայցվոր կողմը ցանկանում է հստակեցնել հայցը և առաջարկել է հետաձգել նիստը: Դատավորը բավարարել է միջնորդությունը:

Իր հերթին պատասխանող կողմի փաստաբան Մարիամ Մկրտիչյանը կողմերին է փոխանցել իրենց դիրքորոշումը՝ կապված հայցի առարկայի և պահանջների հետ:

Հայցի համաձայն՝ Լևոն Գալստյանը 2018 թ-ի հուլիսի 13-ին civilnet.am էլեկտրոնային կայքին տրված հարցազրույցում, իր անձնական ֆեյսբուքյան և ՀԲՃ ֆեյսբուքյան էջում «ներկայացրել է ընկերության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, ընկերության գործարար համբավն արատավորող մի շարք փաստացի տվյալներ»: Ընկերությունը բնապահպանից պահանջում է հերքում և 1.000.000 դրամ:

ԷկոԼուրի հետ զրույցում Լևոն Գալստյանն ասաց, որ չի ընդունում մեղադրանքը և կարծում է, որ դա իրեն ճնշելու մեթոդ է:

Նշենք, որ բացի Գալստյանից, «Լիդիան»-ը 28 քաղաքացու դեմ հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:   

Լևոն Գալստյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2019 թ-ի հունվարի 25-ին՝ 10:30-ին:

16:52 Դեկտեմբեր 21, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news