Մայիսին պատրաստ կլինեն Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության նախնական արդյունքները

Մայիսին պատրաստ կլինեն Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության նախնական արդյունքները

ԷկոԼուր

Գործադիրի փետրվարի 21-ի որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քննչական կոմիտեին կհատկացվի 396.900 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի քրեական գործի շրջանակներում նշանակված փորձաքննությունների ծառայություն ձեռք բերելու համար:

Ամուլսարի հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննման, ինչպես նաև հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը պարզելու համար քրեական գործով նշանակված է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննություն: Այդ փորձաքննութան անցկացման համար պայմանագիր կկնքվի «Earth link & Advanced Resources Development» (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ:
ՀՀ վարչապետը հարց ուղղեց Քննչական կոմտեի նախագահ Հայկ Գրիգորյանին. «Պարոն Գրիգորյան, մենք այստեղ ուշացնա՞նք էլի, թե նորմալ ժամանակացույցով ենք գնում առաջ: Մենք խնդիր էինք դրել, որ մինչև գարուն այս հարցերի պատասխանները ունենանք, հիմա ի՞նչ տեմպով ենք առաջ գնում»:

«Նման գործընթացները սովորաբար տևում են 6-ից 8 ամիս: Բնապահպանության նախարարության գործընկերների հետ մենք այդ գործընթացները հնարավորինս արագացրել ենք, քանի որ կային մի շարք ընթացակարգեր, որոնք շրջանցել անհնար էր: Նախապատրաստական գործընթացը մենք հաղթահարել ենք 4 ամսում, իսկ փորձաքննության վերջնական եզրակացությունը ELARD կազմակերպությունը պատրաստվում է ներկայացնել 12-16 շաբաթների` 3-4 ամիսների ընթացքում: Սակայն յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ իրենք ընթացիկ հաշվետվություն են ներկայացնելու: Մայիսին պատրաստակամություն են հայտնել նախնական արդյունքները մեզ ներկայացնել»,- պատասխանեց Քննչական կոմտեի նախագահը:

Սույն հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

14:28 Փետրվար 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news