‹‹Լիդիան››-ն ընդդեմ տեսչական մարմնի գործը մտավ դատաքննության փուլ

‹‹Լիդիան››-ն ընդդեմ տեսչական մարմնի գործը մտավ դատաքննության փուլ

ԷկոԼուր

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դատական գործը նախաքննության փուլից մտավ դատաքննության փուլ: Որոշումը կայացրեց Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը՝ ս.թ. մարտի 18-ին տեղի ունեցած նախնական դատական նիստի ժամանակ: Կողմերից նիստին ներկա էր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի փաստաբան Սայադ Բադալյանը: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ներկայացուցիչ չկար:

Նշենք, որ Ամուլսարի ոսկու ծրագրի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն 2018թ-ի նոյեմբերի 23-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ պահանջով անվավեր ճանաչել «Որոշակի գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 27.08.2018թ-ի թիվ 30-Ա որոշումը:

Տեսչական մարմինը Ամուլսարի հանքավայրի տարածքում հայտնաբերել է Կարմիր գրքում գրանցված «Ապոլոն» տեսակի թիթեռ, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակի» տեսակի բույս: Նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա տեսչական մարմինը բնապահպանության նախարարությանն առաջարկել է ուժը կորցրած ճանաչել ծրագրին տրված պետական փորձաքննական եզրակացությունը: Նախարարությունը իր հերթին 1 օրվա ընթացքում անցկացրեց սեփական ուսումնասիրությունը և չհայտնաբերեց հանքավայրի տարածքում նշված բուսատեսակը ու կենդանատեսակի բնադրավայրը:

«Լիդիան Արմենիա»-ի փաստաբան Սայադ Բադալյանը բնապահպանության նախարարության եզրակացությունը մեջբերեց որպես հայցի հիմքերից մեկը: Նրա խոսքով մեկ այլ հիմք է հանդիսանում «շահերի բախումը որոշումը կայացրած տեսչական մարմնի ղեկավարի հետ»: Խոսքը պաշտոնանկ եղած Արթուր Գրիգորյանի մասին է: Սայադ Բադալյանը հիշատակեց Վարչական դատարանում արդեն մի քանի տարի քննվող դատական գործը, որով Գրիգորյանի ղեկավարած ՀԿ-ն հանդիսանում էր հայցվոր և պահանջում էր չեղյալ ճանաչել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը: 2017 թ-ի օգոստոսի 30-ին կազմակերպությունը դուրս մնաց դատական գործընթացից: Թե ինչպես են իրար հետ կապված երկու դատական գործերը, ընկերության փաստաբանը չկարողացավ հիմնավորել: Ասաց, որ իրենք դա համարում են «շահերի բախում»:

Դատավոր Արգիշտի Ղազարյանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստի օրվա մասին կողմերին լրացուցիչ կտեղեկացվի:

16:10 Մարտ 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news