Միջազգային կազմակերպությունները կաջակցեն Ամուլսարի հարցում ընդդեմ ներդրումային արբիտրաժի․ ՀԲՃ

Միջազգային կազմակերպությունները կաջակցեն Ամուլսարի հարցում ընդդեմ ներդրումային արբիտրաժի․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ

Մի շարք միջազգային կազմակերպություններ կապվել են Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնության հետ և հայտնել իրենց պատրաստակամությունն աջակցելու Ամուլսարի հարցում ներդրումային արբիտրաժի դեմ պայքարում։ Եթե Լիդիան ընկերությունն այնուամենայնիվ որոշի դիմել ներդրումային վեճերի լուծման կենտրոն, հայաստանյան պայքարին կմիանա ներդրումային անարդար պայմանագրերի ու կորպորատիվ դատարանների դեմ պայքարող կազմակերպությունների համաշխարհային ցանցը։

Մեզ հետ համագործակցության ցանկություն հայտնած «Գլոբալ արդարություն» (Global Justice) կազմակերպության գործունեության ուղղություններից մեկը ներդրումային ու առևտրի անարդար պայմանագրերի և դրանց հիման վրա գործող կորպորատիվ արբիտրաժային կենտրոնների դեմ պայքարն է։ Առևտրի ու ներդրումների մասին միջպետական պայմանագրերը ստեղծված են բիզնեսին ահռելի ու անհավասար ուժ տալու և իրենց շահույթին դիպչող որոշումների դեպքում պետություններին դատի տալու համար։ Այդպիսի որոշումներից կարող են լինել, օրինակ, նվազագույն աշխատավարձի մասին օրենքի ընդունումը, բնապահպանական նորմերի սահմանումը կամ կիրարկումը, ավերիչ գործունեության արգելումը և այլն։ Այս համակարգը (ներդրող-պետություն վեճերի կարգավորում) թույլ է տալիս, որ կորպորացիաները պետություններին դատի տան ոչ թե ներպետական ու միջազգայնորեն ընդունված դատարաններում, այլ բացառապես կորպորատիվ համարվող՝ ներդրումային վեճերի կարգավորման կենտրոններում, որտեղ արբիտրները վեճը հանրային շահի, բնապահպանական կարիքների և մարդու իրավունքների տեսանկյունից դիտարկելու և հավասարակշռելու պարտավորություն չունեն։

«Գլոբալ արդարություն» կազմակերպությունը պայքարում է, որպեսզի բացառապես գլոբալ ներդրողների համար ստեղծված այս էլիտար իրավական համակարգը՝ կորպորատիվ արբիտրաժները, դադարեն գոյություն ունենալ, և միջազգային մակարդակում հավասար պայմաններ հաստատվեն երկրների ու ժողովուրդների միջև, իսկ կորպորացիաները չունենան պետությունների նկատմամբ անհավասար ուժի հնարավորություն։

«Որևէ պետության ժողովուրդ չպետք է կորպորացիաներին միլիոնավոր դոլարներ «փոխհատուցի» մարդկանց ու Երկիր մոլորակը պաշտպանելուն միտված և ժողովրդավարական եղանակներով ընդունված որոշումների համար», պնդում է կազմակերպությունը։ Մասնավորապես Միացյալ Թագավորությունում կազմակերպությունը պայքարում է, որպեսզի այդ երկրի կառավարությունն առևտրի ու ներդրումային պայմանագրերից հանի կորպորատիվ դատարանների մասին դրույթները և որևէ նոր պայմանագրում նման համակարգ չնախատեսի։

Նույն ուղղությամբ պայքար է մղում նաև «Պատերազմ կարիքի դեմ» (War on Want) բրիտանական կազմակերպությունը։ Ներդրումային դատարանների միջոցով կորպորացիաների թալանի դեմ պայքարը տվել է բազմաթիվ դրական արդյունքներ․ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը, Հնդկաստանը, Էկվադորը, Թանզանիան, Ինդոնեզիան, Նոր Զելանդիան միջոցներ են ձեռնարկել ներդրումային պայմանագրերը վերանայելու, սահմանափակելու կամ չեղարկելու ուղղությամբ։ Նույն կերպ Եվրոպայում ԵՄ-ԱՄՆ (TTIP) և ԵՄ-Կանադա (CETA) առևտրի և ներդրումների մասին տրանսատլանտյան գաղտնի պայմանագրերի դեմ հզոր շարժումն ու դրանց չընդունումը ցույց է տալիս, որ համաշխարհային պայքարն ընդդեմ բիզնեսի սանձարձակ իշխանության հնարավոր է և արդյունավետ։

Հայկական բնապահպանական ճակատը կհամագործակցի նաև Ռումինիայում Ռոշիա Մոնտանա հանքի շուրջ այժմ ներդրումային դատարանում ընթացող գործին հետևող հասարակական կազմակերպությունների հետ։

Դեռևս 2018թ․ ամռանը մենք անդրադարձել էինք ներդրումային դատարանների խնդրին։ Առաջարկում ենք լսել Բուն-TV-ի հետ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Աննա Շահնազարյանի զրույցը՝ ներդրումային դատարանների և միջազգային տնտեսական հարաբերությունների մասին ։

 

 

11:59 Ապրիլ 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news