Ջերմուկցիները պայքարում են հանուն իրենց իրավունքների, հանրահավաք Ջերմուկում

Ջերմուկցիները պայքարում են հանուն իրենց իրավունքների,  հանրահավաք Ջերմուկում

ԷկոԼուր

Մայիսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքում տեղի ունեցավ հանրահավաք՝ հանուն Ամուլսարի փրկության: Նույն օրը հարյուրավոր մեքենաներ Հայաստանի ամենատարբեր մարզերից ու Երևանից ավտոերթով ժամանեցին Ջերմուկ՝ ի աջակցություն Ամուլսարի պահապանների, ովքեր արդեն 11 ամիս է` փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհը՝ թույլ չտալով «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներին մոտենալ սարին:

«Ամուսլարը սար մնալու համար պայքարում են շատ մարդիկ՝ Ջերմուկ համայնքի բնակիչները, բնապահպանները և մարդիկ, ովքեր ոչ Ջերմուկից են և ոչ էլ բնապահպան, բայց ունեն խելք ու միտք և քաջ գիտակցում են, որ եթե կա հանք՝ ուրեմն վնասն անխուսափելի է:

2018 թ. հունիսի 22-ին Ջերմուկ համայնքի բնակիչները միահամուռ ասացին ոչ հանքարդյունաբերությանը: 11 ամսվա ընթացքում մենք կազմակերպեցինք ստորագրահավաք: Ջերմուկ համայնքի բնակիչը ցանկանում է ապրել էկոտնտեսական տարածքում և չի թույլատրում Ամուլսարում մետաղական հանքարդյունաբերություն: Այդ 3000 ստորագրությունները կենդանի պատնեշ են բոլոր այն կազմակերպությունների համար, ովքեր կցանկանան Ամուլսարում կամ որևէ այլ սարում հանքարդյունաբերություն հիմնել», - նշեց Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի պահպանության համար տարվող պայքարի մասնակից Ահարոն Արսենյանը:

Ամուլսարի պահպանության համար տարվող պայքարի մասնակից Ռիմա Սարգսյանը ասաց, թե այն, ինչ իրենց հրամցնում են Ամուլսարի ծրագրի անվան տակ, ուղղակի կարճաժամկետ օգուտ է, որը քչերին է պատկանում:

«Օգուտ է, որը պարունակում է մեծ ռիսկեր համայնքի հետագա զարգացման տեսանկյունից՝ մեզ թողնելով աղտոտված բնական միջավայր և խարխլված հեղինակություն Ջերմուկի համար, որն այս տարիների ընթացքում վերածվել է մեծ նշանակություն ունեցող առողջարանային և զբոսաշրջային կենտրոնի», - նշեց նա:

Ջերմուկի նախկին քաղաքապետ Ռուբիկ Մարկոսյանն իր ելույթում մատնաշեց մի քանի պատճառներ, թե ինչու են ջերմուկցիները դեմ այս ծրագրին:

«Դեմ ենք, որովհետև Ամուլսարի մետաղական հանքարդյունաբերությունն աղետալի է լինելու երկրի, Ջերմուկի հարակից համայնքների համար՝ այն դարձնելով աղետների ու ախտերի տարածք: Դեմ ենք, որովհետև հանքարդյունաբերությունը խափանելու է առողջարանային քաղաքի կենսակերպը, ինչը շուրջ 70 տարվա պատմություն ունի», - նշեց նա:

Բժիշկ Մկրտիչ Շամիլյանը, դիմելով ներկաներին, ասաց. «Ինչո՞ւ է պետք փոխել հանքային ջուրը ոսկիով, որը 1-1.5 տասնամյակ հետո կավարտվի: Դրանից հետո ի՞նչ է անելու մեր ժողովուրդը, թունավորված էս տարածքում չի կարող ապրել»:

Գնդեվազի բնակիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանը նշեց. «Մարդու իրավունքները չեն կարող ոտնահարվել, մենք պայքարել ենք մեր իրավունքների, արժանապատվության վերականգնման համար: Իմ կոչն է կառավարությանը՝ սա ձեր փորձաքարն է: Մեկ տարի առաջ հնչեցրել եք, որ ժողովուրդն է երկրի տերը, իշխանությունը մեզ է պատկանում: Մենք հավատացել ենք, և շարունակում ենք հավատալ և ամրապնդել մեր դիրքորոշումը՝ Ամուլսարը հանք չի դառնալու»:

Ջերմուկցիները նամակով իրենց դիրքորոշումը հղեցին ՀՀ վարչապետին, կառավարությանը, և Ազգային ժողովին: Նամակում նրանք նշում են, որ Ջերմուկ համայնքի պայքարը ոչ միայն հանուն բնապահպանության է, այլ նաև հանուն իրենց խախտված իրավունքների:

18:32 Մայիս 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news