Բնապահպանները դեմ են Դարբ գետից Ամուլսարի ծրագրի համար ջրառին

Բնապահպանները դեմ են Դարբ գետից Ամուլսարի ծրագրի համար ջրառին

ԷկոԼուր

Հոկտեմբերի 8-ին Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում տեղի ունեցավ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) նախագծի քննարկումը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Փիրումյանին ներկայացրեցին նախագծի առնչությամբ ունեցած առարկությունները։

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամներին մտահոգում է Արփա գետի ավազանում գետային հոսքի նվազման խնդիրը։

«Կանխատեսվող կլիմայի փոփոխության պայմաններում Արփայի ավազանում 2021 թ. գետային հոսքը կնվազի մոտ 4,6%-ով կամ 31,1 մլն մ3-ով, իսկ մինչև 2040 թ.՝ 17%-ով կամ 115,6 մլն մ3-ով։ Արդյո՞ք Արփայի վտակ Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը կազմելիս ջրառաջարկի կանխատեսվող փոփոխությունների այս ցուցանիշները հաշվի առնվել են», - հարցրեց ՀԲՃ անդամ Լևոն Գալստյանը։

Նախաձեռնության անդամները նաև նշեցին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի փոփոխված նախագծում և ՇՄԱԳ-ում (2016թ․) Դարբ գետից արդյունաբերական նպատակով ջրառ կատարելու մասին տվյալների բացակայությունը։

«Քանի որ գետից նախատեսվում է անվերադարձ վերցնել էական քանակությամբ ջուր, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ բնական միջավայրի, ջրի քանակի և որակի, էկոհամակարգերի ու մնացած ջրօգտագործողների վրա, կարծում ենք, որ կարիք կա ունենալու նաև ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եզրակացություն, որի պահանջը նշված է ՀՀ կառավարությանը 2003 թվականի մարտի 7-ի 218-Ն որոշման մեջ», - ասաց Լևոն Գալստյանը։

Առարկություններով հանդես եկավ նաև «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը։ Նրա խոսքով՝ Դարբ գետն ունի կարևոր էկոհամակարգային բնապահպանական նշանակություն, և այդ գետից արդյունաբերական նպատակով ջրօգտագործում չի թույլատրվում ՀՀ ջրային օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն։

Նազելի Վարդանյանը նաև հիշեցրեց, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշմամբ արգելվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարում գործունեություն իրականացնելը։ «Ընկերության գործունեությունը արգելվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 27.08.18թ. հ. 30-Ա որոշմամբ՝ մինչև նոր փորձաքննական եզրակացության ընդունումը: Հետևաբար, այդ ընկերությունն այս պահին չի կարող որևէ գործունեություն իրականացնել, և չի կարելի այս պայմաններում ջրօգտագործման տուլտվություն տալ», - հավելեց նա։

Նազելի Վարդանյանի կողմից ներկայացված առարկությունների փաստաթուղթը ստորագրել են նաև «Գոյ» բնապահպանա-իրավական, «Յանուս» իրավական, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ները և ջրային էկոհամակարգերի փորձագետ, տ.գ.թ. Քնարիկ Հովհաննիսյանը։

Էդգար Փիրումյանը, լսելով բոլոր կողմերին, նշեց, որ բոլոր առարկություններն իրենք պատրաստ են քննել և առաջարկեց դրանք համակարգ մուտքագրել հետագա ուսումնասիրության համար։

10:56 Հոկտեմբեր 09, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news