«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն Արփա գետից ջրառ իրականացնելու թույլտվություն կստանա՞

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն Արփա գետից ջրառ իրականացնելու թույլտվություն կստանա՞

ԷկոԼուր

Ս. թ. փետրվարի 5-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում տեղի ունեցավ քննարկում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ Արփա գետից ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագծի վերաբերյալ։ 

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝  Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Արփա գետից 11 լ/վրկ  ջրառի ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով:

Նախագծի համաձայն՝ ջրառը նախատեսվում է իրականացնել մինչև 5 տարի ժամկետով, ջրահեռացում չի նախատեսվում: «Բնապահպանական թողքը հաշվարկվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից, ինչը համապատասխանում է 2018 թ. Կառավարության համապատասխան  որոշմանը»,- նշեց գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Փիրումյանը: Ըստ նախագծի՝ այն տարբեր ամիսներին կտատանվի 0,57-1,02 խմ/վրկ-ի սահմաններում:

Այս նախագծի առնչությամբ որևէ գրավոր կամ բանավոր առաջարկություն, բողոք և դժգոհություն չէր ներկայացվել Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն: ԷկոԼուրի այն հարցին, թե արդյո՞ք դա կարող է հիմք հանդիսանալ ընկերության նախագծին հավանություն տալու համար, Փիրումյանը պատասխանեց. «Այո՛, այս փուլում, այո՛: Որպես հասարակական ծանուցում, այո՛:  Նշանակում է, որ հասարակական որևէ դժգոհություն տեղի չի ունեցել: Եթե որևէ հայտ, գրավոր կամ բանավոր դիմում, դժգոհություն տեղի չի ունենում, ինքը համարվում է հասծանուցված՝ դրական եզրույթով»: Այս քննարկմանը հաջորդելու են նախագծի վերաբերյալ հետագա քննարկումներ արդեն գործակալությունում: ԷկոԼուրի ճշտող հարցին, եթե հիմա որևէ բողոք կամ դիմում չլինի, կտրվի՞ այդ թույլտվությունը, Փիրումյանը դրական արձագանքեց:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դիմել էր Շրջակա միջավայրի նախարարություն՝ Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ՋԹ ստանալու համար: Սակայն Շրջակա միջավայրի նախարարի 2019 թ-ի հոկտեմբերի 25-ի 353Ա հրամանով մերժվեց ընկերության ներկայացրած նախագիծը: «Լիդիան»-ը հայտարարել էր, որ ապօրինի է համարում նախարարի հրամանը և մտադիր է դիմել Վարչական դատարան:

Փետրվար 05, 2020 at 18:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր