Նազելի Վարդանյանը բողոքարկելու է «Լիդիան Արմենիա»-ի օգտին կայացրած դատավճիռը

Նազելի Վարդանյանը բողոքարկելու է «Լիդիան Արմենիա»-ի օգտին կայացրած դատավճիռը

ԷկոԼուր 

ՀՀ առաջին ատյանի դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Նազելի Վարդանյանի:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատարանից պահանջել է պարտավորեցնել Նազելի Վարդանյանին հրապարակայնորեն հերքել «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 միլիոն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում… դա կաշառքի մի ձև՞ է, ուրիշ տարբերակ չկա՞...» արտահայտությունը:

Միևնույն ժամանակ, ընկերությունը պահանջել էր իրավաբանից բռնագանձել 1 միլիոն դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ընկերության գործարար համբավին էական վնաս հասցնելու համար:

Ըստ Datalex.am կայքի՝ 2020 թ. հունիսի 10-ին հրապարակված վճռով դատարանը պարտավորեցրել է Նազելի Վարդանյանին հրապարակայնորեն հերքել վերոնշյալ հայտարարությունը և հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 100 հազար դրամ բռնագանձել:

Այս գործով դատական վերջին նիստը տեղի է ունեցել մայիսի 19-ին: Նազելի Վարդանյանը չի կարողացել մասնակցել այդ նիստին՝ վատառողջ լինելու պատճառով: «Միջնորդութուն էի ներկայացրել դատարան՝ նշելով, որ վատառողջ լինելու պատճառով չեմ կարող մասնակցել դատական նիստին: Խնդրել էի հետաձգել դատական նիստը: Միջնորդութան մերժման մասին որոշում չեմ ստացել: Այսօր, փաստորեն, լրագրողներից եմ իմացել, որ առանց իմ ներկայության դատական նիստ է տեղի ունեցել, և կայացվել է վճիռ: Վճիռը նույնպես չեմ ստացել: Մինչ այդ առանց իմ մասնակցության և ծանուցման դատարանը անցել էր դատաքննության: Ես դրա մասին իմացել եմ նուjնպես լրագրողներից: Միջնորդել եմ, որ ինձ որպես պատասխանողի ծանուցեն ճիշտ հասցեով և վերսկսի նախնական նիստը: Որևէ որոշում, որ իմ այս միջնորդությունը նույնպես մերժվել է, չեմ ստացել: Այսպիսով, մասնակցել եմ միայն մեկ դատական նիստի, որի ընթացքում ինձ տրամադրել են գործի նյութերը և հնարավորություն չեն ստեղծել, որ ես իմ դիրքորոշումը հայտնեմ և իմ իրավունքները պաշտպանեմ դատարանում՝ խախտելով արդար դատաքննութան և դատական պաշտպանության ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիայով սահմանված իմ իրավունքները: Արդյունքում կայացվել է ակնհայտ անհիմն, անօրինական և կանխակալ վճիռ»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Նազելի Վարդանյանը:

Իրավաբանը պատրաստվում է դատարանի այս որոշումը բողոքարկել ՀՀ Վերաքննիչ դատարանում:

19:09 Հունիս 11, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news