Փորձագետ` մի խումբ մարդիկ Ամուլսարի ծրագրի հաշվին գումարներ են աշխատում Տորոնտոյի բորսայում

Փորձագետ` մի խումբ մարդիկ Ամուլսարի ծրագրի հաշվին գումարներ են աշխատում Տորոնտոյի բորսայում

ԷկոԼուր

Ամուլսարի ծրագիրը հանքավայրի աշխարհագրական դիրքի պատճառով բացասական ազդեցություն կունենա ամբողջ Հայաստանի բնակչության վրա, այլ ոչ թե ինչ-որ բնակավայրի: Այս մասին ասաց աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը: «Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է 3 կարեւոր ջրհավաք ավազանների մեջտեղում: Մեկը Որոտան գետի ավազանն է, որն, ըստ էության, սնում է ամբողջ Սյունիքի մարզը: Մյուսը Արփա գետն է, որի ավազանը սնում է ողջ Վայոց ձորի մարզը: Եւ երրորդը Սեւանա լիճն է, քանի որ այդտեղով անցնում են երկու թունելներ, որոնց միջոցով ջուր է տեղափոխվում Սեւան»,- ասաց Լեւոն Գալստյանը: Ըստ նրա` տարեկան 10 միլիոն տոննա հանքաքարի վերամշակման հետեւանքով կառաջանա 100 միլիոնից ավելի հանքաքարի մնացորդ` որպես պոչամբար: Բացի դրանից, կառաջանան 350 միլիոն տոննա դատարկ ապարներ: «Ինչքան էլ Լիդիանը պնդի, որ այնպես է անելու, որ ոչ մի կաթիլ ջուր չխառնվի դատարկ ապարներին, միևնույնն է, հանքավայրը բացելուց  հետո բոլոր ծանր մետաղները, որ կան հանքաքարի մեջ, լվացվելու են եւ տարբեր եղանակներով խառնվելու են մակերեւութային եւ ստորգետնյա ջրերին…

Լիդիանը Ամուլսարը ներկայացնում է որպես նոր հայտնաբերված հանքավայր: Իրականում, խորհրդային գիտնականների ուսումնասիրություններում Ամուլսարի հանքավայրը կոչվում է Կաքավասարի հանքավայր, որի ոսկու պաշարները գնահատվել են մոտ 20 տոննա: Այն ժամանակ հանքավայրը չի շահագործվել, որովհետեւ համարվել է տնտեսապես եւ էկոլոգիապես  անշահավետ տվյալ ժամանակաշրջանի գաղափարախոսությամբ:

...Ֆինանսական միջոցներ հայթհայթելու համար կատարվում են հետաքրքիր գործողություններ: Առաջին փուլում` 2009թ-ին, Ամուլսարի հանքավայրի պաշարները գնահատվել են մոտ 17 տոննա,   կես տարի հետո այդ պաշարները վերագնահատվել են եւ դարձել  56 տոննա, հիմա իրենք խոսում են 100 տոննայի մասին: Եւ սա հնարավորություն է տալիս որոշ մարդկանց գումարներ աշխատել Տորոնտոյի բորսայում: Երբ որ Լիդիանը մուտք գործեց բորսա, բաժնետոմսն արժեր 1 դոլլար, հետո կես տարվա մեջ գինն իջավ եւ դարձավ 20 ցենտ, այն հայտարարությունից հետո, որ Ամուլսարում այսքան ոսկի է հայտնաբերվել, բաժնետոմսի գինը բարձրացավ մինչեւ 3 դոլլար: Դրանից հետո 2 տարվա ընթացքում բաժնետոմսերի գներն իջան եւ դարձան 25 ցենտ»,- ասաց Լեւոն Գալստյանը:

17:23 Դեկտեմբեր 04, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news