Ամուլսարի նոր ծրագրում ծախսերի կրճատումը կլինի էկոլոգիայի հաշվին, կարծում են Գնդեվազ գյուղի բնակիչները

Ամուլսարի նոր ծրագրում ծախսերի կրճատումը կլինի էկոլոգիայի հաշվին, կարծում են Գնդեվազ գյուղի բնակիչները

ԷկոԼուր

Գնդեվազ գյուղի բնակիչների կարծիքով՝ Ամուլսարի ոսկու բաց հանքավայրի շահագործման ծրագրում փոփոխություններն անարդյունավետ են և հետապնդում են մեկ նպատակ՝ ներգրավել ներդրողներին նախագծի ծախսերի կրճատման հաշվին: Նոր նախագիծը ներկայացված է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ  «Lydian International» ընկերության  դուստր «Գեոթիմ» ընկերության կողմից: 

«Մարտի 3-ին իրենք (Գեոթիմը) մեր գյուղում ներկայացրեցին այդ նոր նախագիծը: Այդ փոփոխություններն արդյունավետության, տեխնոլոգիական բարելավումների, էկոլոգիայի տեսանկյունից անիմաստ են: Աղացները տեղափոխել են ջրերի մոտ, Կեչուտի ջրամբարի մոտ, իսկ նախկինում նախատեսված էր դրանք տեղադրել ավելի վերև: Երբ մենք հարցրեցինք, ինչի համար է դա արվել, մեզ չբացատրեցին: Աղացներից մեկը նախագծից հանել են, և բացատրեցին, որ իրենց պետք չէ մանրացնել հանքաքարը մինչև 12 մմ չափսի, բավական է և 19 մմ: Ասացին, որ ցիանային լուծույթի կոնցենտրացիան կրկնակի անգամ նվազեցրել են: Ես կատակով ասացի՝ այդ դեպքում վերցրեք հանքաքարի գունդ և ջրեք ցիանիդով, կարող է էդպես ավելի արդյունավետ լինի...

Կրճատել են ճանապարհը, որով մեքենաներով հանքաքարը պետք է հանքավայրից հասցնեն աղացներ: Այդտեղից նյութը պետք է տեղափոխեն ցիանային ֆաբրիկա փոխադրամիջոցով: Հին նախագծով (2015) փոխադրամիջոցը պետք է դնեին պատվանդանների վրա, իսկ հիմա էժանացրել են, կդնեն ուղիղ գետնի վրա: Ես իրենց էդպես էլ ասեցի, այնպիսի տպավորություն է, որ ձեր նախագծում ամեն ինչ տեղի է ունենում մի փոքրիկ լաբորատորիայում: Իրականում խոսքը մեծ տարածքների մասին է: Ցիանային հարթակի համար վերցնում են 134 հեկտար, ևս 700 հեկտար զբաղեցնում են ճանապարհներով և փոխադրամիջոցներով, կամ լցակույտերով...Մեկ օրվա մեջ իրենք պատրաստվում են վերամշակել և տեղափոխել 350 տոննա հանքաքար երեք հերթափոխով, գրեթե ամբողջ տարվա ընթացքում: Տարվա մեծ մասն աշխատել բաց տարածքում՝ 3000 մետր բարձրությամբ սարի վրա, անհնար է, քանի որ անտանելի ցուրտ է, և ուժեղ քամիներ են լինում: Տարվա ցուրտ եղանակին գիշերն այնտեղ ընդհանրապես ոչ ոք չի կարող աշխատել: Իսկ իրենք հաշվում են տնտեսական օգուտները և ասում, որ կկրճատեն ծախսերը 100 միլիոն դոլարով: Միթե՞ հասկանալի չէ, որ ծախսերի կրճատումները կլինեն էկոլոգիայի հաշվին:

Պարզ օրինակ. ցիանային հարթակի տակ կան ստորգետնյա ջրային աղբյուրներ, Արփա գետի ավազանը: Ընկերությունը վստահեցնում է, որ կլինի փակ ցիկլ, և արտահոսքեր Արփա գետ չեն լինի: Դա անհեթեթություն է: Մեկ տարվա ընթացքում պետք է օգտագործեն 4 միլիոն տոննա ցիանային լուծույթ: Դա բաց հարթակ է, հասանելի ձյան, անձրևի համար: Ինչպե՞ս կարող են զրոյական արտահոսքեր լինել: Որտե՞ղ են լցնելու 100 միլիոն տոննա հեղուկը: Սրանք մեր հարցերն են: Ընկերությունը բացատրում է, որ կօգտագործեն սպունգեր, իսկ ցիանի համար կկառուցեն ավազաններ: Միևնույն է, դա առաջացնելու է արտահոսքերի մեծ ռիսկ: Ինչպե՞ս կարող են պահել արտահոսքերը պոլիէթիլենային ծածկույթով: ՇՄԱԳ-ում ասված է, որ նախատեսված է ավազանները պատել կավի 30 սմ շերտով, իսկ դրա վրա դնել 2 մմ պոլիէթիլենային թաղանթ: Նրանք դա անվանում են գեոմեմբրան և ասում են, որ ներքևում կմնան հորեր, որոնք նախատեսված են արտահոսքերի համար: Մենք կարծում ենք, որ եթե այդ  գեոմեմբրանի վրա լցվեն միլիոնավոր տոննա թափոններ, ինքը չի դիմանա, և ոչ մի հոր չի մնա»,- ասացին գնդեվազցիները:

14:47 Մայիս 05, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news