ԷկոԼուր
Ջերմուկ առողջարանը միայն 2016թ. մայիսին է ներառվել որպես Ամուլսարի ծրագրի ազդակիր համայնք, երբ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերությունը ներկայացրեց Ամուլսարի ծրագրի «Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում» (ԲՍԱԳ) փաստաթուղթը: Մինչ այդ «Գեոթիմ»-ը 2009 թվականից սկսած 4 անգամ փոփոխեց Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթուղթը, և ոչ մի տեղ Ջերմուկը ներառված չէր, չնայած որ 2012 թվականին Ջերմուկի ավագանին 11 ստորագրությամբ նամակով պահանջել էր արգելել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը: Նամակում մասնավորապես նշված էր. «Ամուլսարը գտնվում է տեկտոնական խզվածքի վրա և չկա որևէ երաշխիք, որ բաց հանքի շահագործման համար կատարվող պայթեցումները չեն ազդի երկրաշարժերի ակտիվության վրա բացասական իմաստով: Մեծ է հավանականությունը, որ կխախտվեն հանքային աղբյուրները սնող ընդերքի շերտերը, որի հետևանքով կարող են ցամաքել գործող աղբյուրները» (http://www.ecolur.org/hy/news/officials/aldermenvs-council-in-jermuk-demanding-minister-to-stop-project/3867/):
2013 թվականին Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ իրենց մտահոգությունները հայտնեցին Ջերմուկում գործող հյուրանոց-առողջարանների ղեկավարները` հայտարարելով. «Հանքարդյունաբերությունն ուղղակի անթույլատրելի է Ջերմուկի համար: Եթե շահագործեն հանքավայրը, Ջերմուկը որպես առողջարան կդադարի գոյություն ունենալ: Եթե իմանան, որ տարածքում ծանր մետաղների արտանետում կա, Ջերմուկ ոչ ոք չի գա» (http://www.lragir.am/index/arm/0/society/view/84185):
Իսկ Ջերմուկի բնակիչներ Վիկտորիա Գրիգորյանը և Մակեդոն Ալեքսանյանը դիմել էին դատարան Ջերմուկն Ամուլսարի ծրագրի ազդակիր համայնք ճանաչելու հայտով և մերժում ստացել. «Մենք պայքարել ենք, մի քանի անգամ դատարան ենք դիմել, անցել ենք բոլոր ատյանները, բայց այն ժամանակ Ջերմուկը չճանաչեցին ազդակիր համայնք, - ԷկոԼուրին ասաց Ջերմուկի բնակիչ Մակեդոն Ալեքսանյանը, - Ջերմուկը շատ բան ունի կորցնելու, մեր քաղաքը կկորչի: Ջերմուկի այցելուների հոսքը կարող է վերանալ: Իսկ Ամուլսարը շահագործվելու է, որովհետև դրա հետևում կանգնած են վերին ատյանները, բայց դա չի նշանակում, որ մենք չենք պայքարելու»:
Ի՞նչ փոխվեց Ջերմուկն Ամուլսարի ծրագրի ազդակիր համայնք ճանաչելուց հետո
Այն ռիսկերը, որոնք բարձրաձայնում էին Ջերմուկի բնակիչները, հիմնականում գնահատական չստացան ընկերության նոր ԲՍԱԳ-ում: Փոխարենը փաստաթղթում մանրամասնորեն նկարագրված է բնակչության դեմոգրաֆիական պատկերի փոփոխությունը, որը կարող է տեղի ունենալ մեծ թվով աշխատողների ներհոսքից:
Ըստ «Գեոթիմ»-ի հաշվետվության. «Ջերմուկը գտնվում է ոսկու և արծաթի հանքավայրից 10 կմ և Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքների ամենամոտ կետից 7 կմ հեռավորության վրա»: Նաև նշված է, որ Ջերմուկի աղբյուրները չեն սնվում Ամուլսարի հանքի տարածքից հոսող ստորերկրյա ջրերից, ինչը վկայում է այն մասին, որ Ամուլսարի շահագործումը չի ազդելու Ջերմուկի հանքային ջրերի որակի վրա:
Ընկերության փաստաթղթում նշված է. «Շինարարության 2 տարիների ընթացքում աշխատակազմը կներառի մոտ 1300 մարդ: Ոչ տեղացի աշխատողները կբնակեցվեն Ջերմուկի և շրջակա համայնքներում՝ հյուրանոցներում և վարձակալած բնակարաններում: Բացի այդ, նախատեսվում է 500-ից մինչև 920 աշխատողի ճամբարում բնակեցնելու տարբերակը, եթե տեղի հյուրանոցները զբաղեցված են զբոսաշրջիկներով» (http://geoteam.am/resources/geoteam/pdf/6b241ed07d6632226d3ea88cae566726.pdf):
ԷկոԼուրի զրուցակիցներից միայն մեկը կողմ արտահայտվեց հանքի բացմանը: «Եթե ես ունենայի աշխատանք, որը լիներ ամբողջ տարի, բնականաբար, շատ գոհ կլինեի: Տեղյակ եմ, որ Ջերմուկն Ամուլսարի հանքավայրի ազդակիր գոտում է: Ես դեմ չեմ հանքի շահագործմանը, որովհետև եթե մեր հանրապետությունում կան նման պաշարներ, դրանք, բնականաբար, պետք է արդյունահանվեն»,- ասաց Ջերմուկի բնակչուհին:
Վազգեն Գալստյան
Իսկ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանի կարծիքով՝ մեծ թվով աշխատակիցների բնակեցումը Ջերմուկում շատ բացասական կազդի քաղաքի զբոսաշրջության զարգացման վրա: «Եթե հյուրանոցներում տեղավորեն իրենց աշխատակիցներին, ապա կզրկվենք զբոսաշրջիկներից և կտուժեն այն մարդկիկ, ովքեր զբոսաշրջիկներին մատուցում են ծառայություններ` տաքսի ծառայություն, հուշանվերների, մթերքների, խոտաբույսերի վաճառք, խանութներ և հարակից այլ ծառայություններ: Հյուրանոցներն իրենց հերթին ունեն երաշխավորված հոսքեր, հարյուր տոկոսանոց զբաղվածություն են ապահովում:
Մենք հանդիպել ենք «Գեոթիմի» հետ և առաջարկել ապահովագրել հյուրանոցները հնարավոր կորուստներից: Սակայն նրանք մերժեցին այն պատճառաբանությամբ, որ իրենք բնապահպանական լուրջ փորձաքննություն են արել, և քանի որ բնապահպանական ռիսկերը զրո են, նշանակում է՝ տուրիզմի վրա ազդեցությունը զրո է, - ասաց Վազգեն Գալստյանը, - Ես մինչ այժմ ոչ մի քննարկման չեմ մասնակցել, որովհետև մինչ այժմ չի հայտարարվել քննարկման մասին: Ջերմուկ համայնքում քննարկում չի եղել, Ջերմուկի բնակիչները չեն մասնակցել որևէ հանրային քննարկման»:
Սյուզաննա Ավետիսյան
Սա հաստատեց նաև «Ջերմուկի երիտասարդական կենտրոնի» տնօրեն Սյուզաննա Ավետիսյանը. «Հանրային լսումների մասին ոչ մի հայտարարություն չի եղել: Ես ակտիվ հասարակական գործունեություն եմ ծավալում ու եթե ես չգիտեմ, բնակիչները չեն իմանա: Անցած անգամ հանրային լսման ժամանակ վերջին պահին ես իմացա, որ հանրային քննարկում է անցկացվելու: Այնտեղ ես բարձրաձայնեցի այդ հարցը, որ սա հանրային լսում չէ, որովհետև այստեղ չեն մասնակցում Ջերմուկ համայնքի բնակիչները», - ասաց նա:
Օգոստոս 05, 2016 at 11:17