«Գյուղացիներն անզոր են Ամուլսարի ծրագրի դեմ». գնդեվազցիներն անհանգստացած են, բայց այլևս չեն բողոքի

«Գյուղացիներն անզոր են Ամուլսարի ծրագրի դեմ». գնդեվազցիներն անհանգստացած են, բայց այլևս չեն բողոքի

Մարինե Խառատյան, http://www.tert.am/am/news/2016/08/24/amulsar/2113857

Բնապահպաններն ու Ամուլսարի հարևանությամբ բնակվող Գնդեվազ գյուղի և Ջերմուկ քաղաքի բնակիչները խիստ անհանգստացած են այս տարածքում հանքավայրի շահագործման առթիվ, սակայն բողոքի ակցիա այլևս չեն կազմակերպի:

Գնդեվազի բնակիչ, ակտիվիստ Կարեն Բարսեղյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած վտանգներին, գյուղացիներն արդեն հարմարվել են ծրագրի հետ, բողոքողներ էլ շատ չկան:

«Բոլորն էլ գիտակցում են, որ վտանգը կա, բայց գիտեն, որ ոչ մի բան չեն կարող անել, իրենք անզոր են ծրագրի դեմ: Ծրագիրն արդեն մեկնարկել է, ու որ բողոքեն էլ, հաստատ չեն դադարեցնի: Նախկինում շատ բողոքներ եղել են, սակայն գյուղացիները չհամախմբվեցին։ Հիմնականում դա էր պատճառը, որ էս ամեն ինչը շարունակվեց, եթե համախմբվեին, հնարավոր է, որ ինչ-որ բան լիներ»,-ասաց ակտիվիստը:

Մոտ երկու տարի առաջ Գնդեվազի բնակիչները բողոքի մեծ ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով հանքի շահագործման դեմ, քանի որ այն կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ տարածքի բնակչության առողջության համար:

Այդ բողոքը, սակայն, արդյունքներ չունեցավ:

Գնդեվազ գյուղի երիտասարդության մի մասն արդեն աշխատանքի է անցել հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերությունում:

««Գեոթիմը» ներկայացրել է ծրագիրը ու իրենց ներկայացրածով՝ ամեն ինչ համապատասխանում է ստանդարտներին: Գյուղի երիտասարդությունը հիմնականում «Գեոթիմում» է աշխատում, գյուղացիներն ասում են, եթե իրենց առողջությանը վտանգ չսպառնա, ինչքան պետք է, կմնան ու կաշխատեն: Մոտակա 5 տարում առողջությանը հաստատ չի սպառնա, հետո արդեն կերևա: Ընկերությունը գյուղացիներին չի մերժում, ուրիշ տեղերից էլ աշխատողներ կան»,- ասաց ակտիվիստը:

Գնդեվազի գյուղապետ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ գյուղում անհանգստություն կա նաև այն առթիվ, որ համայնքների խոշորացման ծրագրով իրենց գյուղը մի քանի գյուղերի հետ միանալու է Ջերմուկ համայնքին, ու ստացվում է, հանքի փոշին, վնասակար ազդեցությունները բաժին են հասնելու գնդեվազցիներին, իսկ գումարները տնօրինելու է Ջերմուկի քաղաքապետարանը:

«Մեր ժողովրդի անհանգստությունն այն է, որ հանքը շահագործվելու է, աղտոտվածությունն ազդելու է Գնդեվազի բնակչության վրա, բայց Ջերմուկ համայնքն է տնօրինելու ամբողջ գումարները: Հիմա մեր պահանջը խոշորացման դեմ է: Մտածում էինք, որ Գեոթիմի գումարներով կարելի է գյուղը զարգացնել, բայց պարզվում է, որ մենք հոկտեմբերի 2-ից ոչ մի լիազորություն էլ չենք ունենալու», ասաց գյուղապետը:

Ըստ նրա՝ հանքավայրի շահագործման առթիվ պարբերաբար քննարկումներ են կազմակերպվել գյուղում, սակայն անհանգիստ վիճակ է:

«Էնպես չի, որ համայնքը ուզում է, որ էդ հանքը շահագործվի, ուղղակի առաջարկում են նաև պայմաններ համայնքի բնակչությանը՝ ապահովագրել հողերը, անասունները, նման առաջարկներ է եղել: Մտավախություն կա ցիանիդի հարթակի հետ կապված, որը շատ մոտ է լինելու մեր համայնքին: Մենք էդ հարցը բազմիցս բնապահպանների հետ բարձրացրել ենք մինչև կառավարություն: Մի մասը լուծումներ ունեցել է, մի մասը՝ դեռ չէ, մի մասին չեն էլ կարողացել պատասխանել, բայց մենք չենք ուզում, որովհետև շատ մոտ է լինելու ցիանիդի հարթակը գյուղին»,- ասաց գյուղապետը՝ հավելելով. «Դա միայն մեր համայնքին չի վերաբերում, ընդհանուր Վայոց ձորին ու Ջերմուկին է վերաբերում: Բոլորն էլ անհանգստացած են: Ո՞նց կարող են մարդկանց համոզել, որ վնաս չի լինելու, եթե բաց հանք է ու գործելու է ցիանիդի հարթակով»:

Ըստ բնապահպանների՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը վտանգավոր է հատկապես նրանով, որ ընկերությունը պատրաստվում է նատրիումի ցիանիդով կույտային տարալվացման եղանակով ոսկու և արծաթի կորզման գործընթաց կազմակերպել, իսկ նատրիումի ցիանիդը չափազանց ուժեղ և արագ գործող թունավոր նյութ է, որը մարդու օրգանիզմ ներթափանցելու դեպքում 2-4 ժամվա ընթացքում առաջացնում է տանջալից մահ: Օֆշորային գոտում գրանցված Lydian International Limited ընկերությանը պատկանող «Գեոթիմ» ՓԲԸ-ն հենց այս խիստ թունավոր նյութի օգնությամբ է նախատեսում իրականացնել ոսկու կորզումը, ամբողջ Վայոց ձորի մարզը սնուցող Արփա գետից ընդամենը 1 կմ հեռավորության վրա, իսկ մոտակա բնակավայրեր Գնդեվազ գյուղից` 1,2 կմ և Ջերմուկ առողջարանային քաղաքից 7,6 կմ հեռավորությունների վրա:

Բնապահպան Լևոն Գալստյանն անթույլատրելի է համարում Ամուլսարի հանքի շահագործումը:

«Դա ներդրում չէ, դա ընդերքի թալանի շարունակության մի մասն է՝ անվերահսկելի ու տարածաշրջանի համար վտանգավոր ռիսկերով: Ոչ մի անկախ մասնագետ չգիտեմ Հայաստանում, որ ասել է, որ այդ հանքավայրը թույլատրելի է, բայց կառավարությունը ոչ մի ուշադրություն չդարձրեց: Իր տված բնապահպանական վնասը շատ ավելին է լինելու, քանի հանքավայրի օգուտն ու ներդրումները»,-ասաց բնապահպանը:

«Գեոթիմին» ուղղված բաց նամակում տարածաշրջանի բնակիչները մասնավորապես գրել են. «Դուք նշում եք, որ Ամուլսարի ծրագիրը դրական ազդեցություն կունենա հարակից համայքների համար, հանձինս Գնդեվազի, ընդունենք՝ բնակչության 20%-ն իրենց և հարազատների առողջության գնով կաշխատեն հանքում՝ զրկվելով գյուղատնտեսությամբ զբաղվելուց:

Խնդրում ենք՝ պարզաբանեք, թե 13 տարի անց, երբ դուք հեռանաք այստեղից, ինչո՞վ պետք է զբաղվեն Գնդեվազում, Կեչուտում. հողագործությունը բացառվում է, անասնապահությունը բացառվում է, բանվորական աշխատատեղեր չեն լինի: Գնդեվազ գյուղը ստիպված կլինի տեղահանվել: Ինչպե՞ս եք պատկերացնում Ջերմուկ առողջարանային քաղաքի ապագան»:

14:48 Օգոստոս 25, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news