Ջերմուկի առողջարանները փակվում են

Ջերմուկի առողջարանները փակվում են

http://hraparak.am/?p=121364&l=am%2Fjermuki+aroxjaranery+pakvum+en

«Ջերմուկ-Մոսկվա» առողջարանը, որը քաղաքի ամենահին առողջարաններից է եւ ավելի հայտնի է որպես Ջերմուկի թիվ մեկ առողջարան, փակվում է։ Սեպտեմբերի 1-ից այլեւս ուղեգրեր չեն վաճառում եւ հանգստանալ կամ բուժվել ցանկացողներին առաջարկում են միայն օգոստոսի վերջին շաբաթվա համար տոմս գնել։ Առողջարանից դա պատճառաբանում են սկսված վերանորոգման աշխատանքներով։ «Սեպտեմբերի 1-ից մեզ մոտ վերանորոգում է սկսվում»,- ասացին։ Մեր տեղեկություններով, սակայն, թիվ մեկ առողջարանի տարածքը հատկացրել են «Գեոթիմ» ՓԲԸ-ին, որն իրականացնելու է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը, եւ սա միակ առողջարանը չէ տարածքում, որը շուտով կփակվի։ «Ջերմուկ-Մոսկվա»-ում այս մասին գերադասում են լռել։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ այն փակվել է, որովհետեւ այստեղ Ամուլսարի ոսկու ձեռնարկությունն է լինելու, պատասխանեցին․ «Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ինչ է լինելու այստեղ։ Առողջարանը խնդիրներ ունի, հիմա վերանորոգում ենք»։ Իսկ թե երբ է բացվելու, աշխատողը չգիտեր։ «Սեպտեմբերից փակվում է։ Մինչեւ երբ՝ հայտնի չէ»։ Փաստորեն, գիտնականները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, բնապահպանները ճիշտ էին, երբ զգուշացնում էին, որ ոսկու ձեռնարկությունը ոչնչացնելու է Ջերմուկ առողջարանային կենտրոնը։ Մինչդեռ դեռեւս 2012 թվականին, երբ Ամուլսարի նախագծի մասին դեռ նոր էին սկսվել վեճերը, «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ Ջերմուկը նախագծի ազդեցության գոտում չէ: Հիշեցնենք նաեւ, որ Ջերմուկի ավագանին ժամանակին բացասաբար էր գնահատել Ամուլսարի նախագիծը եւ նամակ էր ուղղել կառավարություն, որում գրված էր․ «Ջերմուկը որոշել է իր զարգացման ուղին, եւ նման հանքարդյունաբերական օբյեկտը չի կարող վատ ազդեցություն չթողնել Ջերմուկի բրենդի վրա»։

17:48 Օգոստոս 25, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news