Բնապահպան-ակտիվիստները «Ամերիաբանկ»-ին կոչ արեցին հրաժարվել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումից (Լուսանկաներ)

Բնապահպան-ակտիվիստները «Ամերիաբանկ»-ին կոչ արեցին հրաժարվել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումից (Լուսանկաներ)

ԷկոԼուր

Դեկտեմբերի 6-ին մի խումբ բնապահպան-ակտիվիստներ բողոքի ակցիա անցկացրեցին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակի դիմաց: Նրանք բանկին կոչ արեցին հրաժարվել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումից, իսկ հաճախորդներին՝ փակել իրենց հաշիվները «Ամերիաբանկ»ում:



«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն «Լիդիան Արմենիան» ընկերության (բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Lydian International Ltd» ընկերությանը) հետ կնքել է վարկային համաձայնագիր 24 միլիոն ԱՄՆ դոլլար վարկ տրամադրելու մասին: Այդ գումարները ծախսվելու են Ամուլսարի ծրագրի զարգացման՝ Ամուլսարի հանքավայրում ոսկու արդյունահանման և ցիանային ֆաբրիկայի կառուցման համար սարքավորումների ձեռքբերման նպատակով:

«Մենք հասկանում ենք, որ իրականում դա բիզնես է, բայց մյուս կողմից գիտենալով բանկի հիմնադիրների գաղափարախոսությունը, մեզ համար անհասկանալի է՝ ինչպես են այդ գաղափարախոսությամբ ուղղորդվող և Հայաստանում տարբեր էկոլոգիական, ուսումնական ծրագրեր իրականացնող մարդիկ հանկարծ որոշում կայացնում վարկ տրամադրել այսպիսի վտանգավոր ծրագրի համար: Մենք խնդրում և կոչ ենք անում բանկի հիմնադիրներին հետ կանգնել այդ որոշումից և կայացրած գործարքից: Եթե նրանք ճիշտ և բազմակողմանի ուսումնասիրեն այս ծրագրի խնդիրներն ու վտանգները, այլ ոչ թե միայն շահագործողի ներկայացրած տվյալները, ապա չեն գնա այդ քայլին», - ասաց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, ով «Ավրորա» մարդասիրական մրցանակի հիմնադիրներից է:

«Այստեղ նախևառաջ բանկի վարկանիշի հարցն է բարձրանում: Իրենք իրենց ներկայացնում են «կանաչ» բանկ, բանկի տնօրենների խորհրդի մեջ մարդիկ են, ովքեր սոցիալական պատասխանատվությանն ուղղված ծրագրեր են իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում: Սրանք, իմ կարծիքով, համատեղելի չեն», - ասաց հասարակական գործիչ Արփինե Գալֆայանը:
«Իրականում բոլոր ֆինանսավորողները կրում են նույն պատասխանատվությունը, ինչ որ այդ ընկերությունը, որը ուզում է շահույթ ստանալ: Իրենք մեր երկիրը դարձնում են ցիանիդով և թունավոր մետաղներով լի մի մեծ հանքափոս», - նշեց քաղաքացիական ակտիվիստ Աննա Շահնազարյանը:

«Իրենց ցիանիդի ոսկու կորզման ֆաբրիկան «էկոռումբ» է Հայաստանի գլխին՝ սահմանից 35 կմ հեռավորության վրա: Մի թեթև հրետանային համազարկ, և այդ ոսկու կորզման գործարանն իր ցիանիդի պահեստներով, տարեկան 1000 տոննա, կարող է լցվել Արփա գետը: Այնպիսի աղետ կլինի, որ այդ հատվածում ինչ շնչավոր էակ կա, ոչնչանալու է: Եվ թող իրենք չասեն, որ այդ ռիսկերը վերահսկելի են: Այդ տեսակ ռիսկերը վերահսկելի չեն», - շեշտեց բնապահպան Ապրես Զոհրաբյանը:

Բանկի ներկայացուցիչներից ոչ ոք դուրս չեկավ ցուցարարների մոտ, իսկ անվտանգության աշխատակիցը ԷկոԼուրին փոխանցեց, որ բոլոր հարցերը բանկին պետք է ուղղվեն միայն գրավոր տեսքով:

Բացի «Ամերիաբանկից», Ամուլսարի ծրագիրը ֆինանսավորում են նաև Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Այս տարվա սկզբին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը «Ամերիաբանկի» հետ բանկի կապիտալի բաժնեմասի գնման պայմանագիր է կնքել: Պայմանագրով ՎԶԵԲ-ը 40 մլն ԱՄՆ դոլլարի ներդրում է կատարում, որից 30 մլն ԱՄՆ դոլլարով ձեռք է բերում «Ամերիաբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի մոտ 20 տոկոսը, իսկ մնացած 10 մլն ԱՄՆ դոլլարը պետք է օգտագործվի կապիտալի հետագա ավելացման համար:

Ակցիայի մասնակիցները «Ամերիաբանկի» մոտից շարժվեցին դեպի Համաշխարհային բանկի գրասենյակ, ներկայացրեցին իրենց բողոք-պահանջը և հերթական անգամ կոչ արեցին դադարեցնել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումը:



Ակցիան ավարտվեց ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Այստեղ Լևոն Գալստյանը կառավարությանը փոխանցեց նամակ, որի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

18:52 Դեկտեմբեր 06, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news