Ամուլսարի և Լիճքի ծրագրերի վերաբերյալ դատական նիստերը հետաձգվեցին

Ամուլսարի և Լիճքի ծրագրերի վերաբերյալ դատական նիստերը հետաձգվեցին

ԷկոԼուր

Ամուլսարի և Լիճքի հանքավայրերի վերաբերյալ փետրվարի 16-ին ՀՀ վարչական դատարանում նախատեսված դատական նիստերը հետաձգվեցին:

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկման պահանջով դատարան հայց են ներկայացրել Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ, «Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունները:
Դատական նիստին հայցվոր կողմից ներկայացել էին փաստաբան Հայկ Ալումյանը, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը և Գնդեվազ համայնքի բնակիչ Թեհմինե Ենոքյանը: Ներկա էր երրորդ կողմի՝ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչը: Պատասխանող կողմի՝ ՀՀ բնապահպանության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչները չէին ներկայացել դատական նիստին:

Դատական նիստը նախագահող դատավոր Կարեն Զարիկյանը հայտնեց, որ հայցվոր կողմից Գնդեվազ համայնքի բնակիչ Արթուր Մկրտչյանի պատշաճ ծանուցման վերաբերյալ դատարանը չունի պաշտոնական հավաստիք: Այսինքն, դատարանն ուղարկել է ծանուցագիր հայցվորին, բայց չի ստացել հետծանուցում: Իսկ փաստաբան Հայկ Ալումյանը լիազորված չէր հանդես գալու Արթուր Մկրտչյանի անունից:

«Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ պետք է պատշաճ ծանուցել բոլոր հայցվորներին և դրանից հետո շարունակել գործի քննությունը: Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը և հետաձգեց դատական նիստը: Ամուլսարի գործով նախնական դատական նիստը նշանակվեց ս.թ. մարտի 16-ին՝ ժամը 15:40-ին:

«Այս դատավարությունը շատ ծավալուն դատավարություն է: Մենք հայցը ներկայացրել ենք 2015 թվականին: Երկար ժամանակ տևեց, մինչև Վճռաբեկ դատարան հասավ՝ զուտ պարզելու համար՝ բնապահպանական փորձաքննությունը վարչական ակտ է, թե՝ ոչ: Վարչական դատարանը, Վարչական վերաքննիչ դատարանը, Վճռաբեկ դատարանը եկան այն եզրակացության, որ բնապահպանական փորձաքննությունը առանձին կարգով վիճարկման ենթակա չէ, որովհետև այն ընդամենը ապացույցներից մեկն է: Իսկ մենք հենց դա էինք վիճարկում, դրա համար էլ գործը ձգձգվեց: Բոլոր հայցվորների լիազորագրերի ժամկետներն արդեն լրացել էին: Մնացածը նոր լիազորագրեր տվեցին ինձ, իսկ Արթուր Մկրտչյանը իր լիազորագիրը չերկարաձգեց ու ինքն էլ չեկավ դատական նիստին», - պարզաբանեց փաստաբան Հայկ Ալումյանը:

Լիճքի գործով դատական նիստը հետաձգվեց՝ պատճառաբանությամբ, որ դեռևս հստակեցված չեն բոլոր կողմերի կարգավիճակները:

Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերն առ ոչինչ ճանաչելու պահանջով դատարան հայց է ներկայացրել «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն:

Դատական նիստին հայցվոր կողմից ներկա էին փաստաբան Հայկ Ալումյանը, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը: Պատասխանող կողմից ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Լևոն Գևորգյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Փիլոյանը:

Դատական նիստը նախագահող դատավոր Արման Դիլանյանը հայտնեց, որ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ: Որպես պատասխանող կողմ դատական ակտում նշվել է միայն ՀՀ բնապահպանության նախարարությունը, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը դուրս է մնացել:

ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց և նշեց, որ անհրաժեշտ է հետաձգել դատական նիստը, մինչև հստակեցվեն բոլոր կողմերի կարգավիճակները: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Մինչ դատական նիստը հետաձգելը, դատարանը որոշեց որպես երրորդ կողմ ներգրավվել «Թաթսթոուն» ՍՊԸ-ին:

Լիճքի գործով նախնական դատական նիստը նշանակվեց ս.թ. ապրիլի 18-ին՝ ժամը 12:10-ին:
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ Էներգետիկայի նախարարությունը տվել է լեռնահատկացման ակտ: Ընկերության հետ վերջնական պայմանագիրը կնքելուց հետո էներգետիկայի նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել լեռնահատկացման ակտում և ավելի քան երկու անգամ մեծացել է հանքի շահագործման տարածքը: «Ստացվում է, որ բոլոր գործընթացները՝ նախագիծ, հանրային քննարկում և այլն, անցել են առաջին լեռնահատկացման ակտի շրջանակներում: Իսկ երբ գործընթացն ավարտվել է, նախարարի ներքին հրամանով, առանց նախագծի փոփոխման, առանց հանրային քննարկումների ավելի քան երկու անգամ ավելացվել է այդ տարածքը: Սա մի փաստաթուղթ է, որը մենք վիճարկում ենք առոչնչության հիմքով», - ասաց Արթուր Գրիգորյանը:

18:41 Փետրվար 16, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news