Ամալյա Կոստանյանի անվան 2018 թ-ի մրցանակը շնորհվեց «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությանը և Ամուլսարի պահապաններին

Ամալյա Կոստանյանի անվան 2018 թ-ի մրցանակը շնորհվեց «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությանը և Ամուլսարի պահապաններին

ԷկոԼուր

Սույն թվականի փետրվարի 4-ին Երևանի «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ Ամալյա Կոստանյանի անվան 2018 թ-ի մրցանակի հանձնման արարողությունը: Միջոցառումը կազմակերպել էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանը:

Առաջին մրցանակը շնորհվեց «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությանը՝ սկզբունքային գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար: Այս նախաձեռնությունն ակտիվ էր ոչ միայն ուսանողական շրջանում, այլ նաև Թավշյա հեղափոխության օրերին: Մրցանակը հանձնվեց քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին և Շուշան Հարությունյանին:

Ամալյա Կոստանյանի անվան 2018 թ-ի երկրորդ մրցանակը շնորհվեց Ամուլսարի պահապաններին՝ հանուն առողջ միջավայրում ապրելու հետևողական, խաղաղ պայքարի համար: Խոսքը Ջերմուկ համայնքի բնակիչների մասին է, ովքեր պայքարում են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ և ավելի քան 7 ամիս փակ են պահում հանք տանող ճանապարհները:

«Այս հեղինակավոր մրցանակը հանձնելով Ամուլսարի պահապաններին՝ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց: Նրանք ընտրեցին կյանքը և ոչ թե հանքը, և իրենց անզիջում պայքարով սոլիդարության ալիք բարձրացրեցին ինչպես ներհայաստանյան, այդպես էլ միջազգային հանրության շրջանում», - ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Մրցանակը հանձնվեց Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանին: «Ամուլսարի դեմ պայքարը միայն բնապահպանական չէ. բնակիչները պայքարում են իրենց իրավունքների համար, քանի որ հանքարդյունահանող ընկերությունն ընդհանրապես հաշվի չի առել տեղացի բնակիչների կարծիքը, որը եղել է բացասական: Վերջերս մենք իրականացրել ենք ստորագրահավաք, և 3000 բնակիչ ստորագրել են, որ դեմ են Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությանը: Հանքարդյունաբերող ընկերությունը շատ հաճախ մեզ վախեցնում է միջազգային դատարաններով, և այդ 3000 ստորագրությունը վկայում է, որ որևէ երկիր, որևէ դատարան իրավունք չունի դատելու մեր պայքարը: Ջերմուկն առողջարանային, հանքաջրաբուժական, հայտնի տուրիստական քաղաք է: Այդ երեք ուղղությունները գտնվում են հակադարձ համեմատության մեջ հանքարդյունաբերության հետ: Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռևս հունիսի 22-ին, երբ մենք՝ տեղացիներս, որոշել ենք, որ Ամուլսարը պետք է  սար մնա: Երբ մենք մտանք այս պայքարի մեջ, մեզանից առաջ կային շատ պայքարող ՀԿ-եր, բնապահպաններ, և մենք ուզում ենք այս մրցանակը հանձնել իրենց»,  - ասաց Ահարոն Արսենյանը:

Նշենք, որ Ամալյա Կոստանյանը եղել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հիմնադիրը: Նա կազմակերպության նախագահն էր մեկ տասնամյակ՝ մինչև 2010 թ-ը՝ իր հանկարծահաս մահը։



20:45 Փետրվար 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news