Բողոքի ակցիա Ամուլսարի ծրագրի դեմ. բնապահպանները կառավարությանը նվիրեցին «70 տոննա ոսկի» (Լուսանկարներ)

Բողոքի ակցիա Ամուլսարի ծրագրի դեմ. բնապահպանները կառավարությանը նվիրեցին «70 տոննա ոսկի» (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Այսօր Հայկական բնապահպանական ճակատի անդամները Երևանի կենտրոնում բողոքի ակցիա անցկացրեցին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի դեմ: Բողոքի ակցիան մեկնարկեց Կասկադ համալիրի սկզբնամասից: Ակցիայի մասնակիցները, պաստառներից և թռուցիկներից զատ, իրենց հետ բերել էին մեծ ոսկեգույն գունդ, որը խորհրդանշում էր Ամուլսարի հանքավայրի ոսկին:

Նրանք կոչ էին անում անցորդներին միանալ բողոքի ակցիային, լուսանկարվել «ոսկե գնդի» հետ, տարածել լուսանկարները սոցիալական ցանցերում՝ օգտագործելով «#70_տոննա_ոսկի_ռումբ», «Ամուլսար#70 տոննա ոսկի», «No Mining In Amulsar» հեշթեգերը: Նպատակն էր բարձրացնել տեղեկատվածության մակարդակն Ամուլսարի ծրագրի ռիսկերի վերաբերյալ:
«70 տոննա ոսկին՝ օտարներին, թույնը՝ Հայաստանին: Սա ոսկու այն չափն է, որը պետք է հանվի Հայաստանի ընդերքից, իսկ թույնը թողնվի մեզ: Այս ծրագրով աղտոտվելու են Արփա, Որոտան գետերը, Սևանա լիճը…Ոչ Ամուլսարին», - հայտարարեց Ապրես Զոհրաբյանը:

ԷկոԼուրի հետ զրույցում բնապահպանը նշեց, որ Ամուլսարի ծրագիրը դեռ հնարավոր է կանգնեցնել, ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնց հիման վրա պետք է նշանակել Ամուլսարի ծրագրի նոր փորձաքննություն, որն էլ ցույց կտա իրական բնապահպանական վտանգները: Խոսքը միջազգային փորձագիտական ընկերությունների գնահատումն է, ըստ որի Ամուլսարի ծրագիրը չի կարելի սկսել http://ecolur.org/hy/news/amulsar/aef-according-to-international-acclaimed-experts-gold-project-in-amulsar-should-not-start-what-has-lydian-hidden-and-what-the-armenian-government-has-been-unaware-of/9344/:

Կոչեր հնչեցնելով և թռուցիկներ տարածելով՝ ակցիայի մասնակիցները Կասկադ համալիրից շարժվեցին դեպի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ, այնուհետև՝ Հյուսիսային պողոտա:

«Մենք ունենք խնդիր. մարդիկ տեղեկացված չեն, թե ինչ վտանգների առջև ենք կանգնելու Ամուլսարի ծրագրի իրականացման դեպքում: Մենք կորցնելու ենք մեր ջրերը, մաքուր տարածքները…սա բոլորիս խնդիրն է: Կոչ ենք անում չլինել անտարբեր, միանալ և փորձել կանգնեցնել այս ծրագիրը: Մենք նաև նպատակ ունենք, որ այն լուսաբանվի միջազգային մակարդակով, որպեսզի ֆինանսավորողներն էլ դադարեցնեն իրենց ֆինանսավորումը, ինչպես դադարեցրեց Միջազգային ֆինանսական կորպորացիան/IFC», - նշեց Անի Խաչատրյանը:

Ակցիայի վերջին կանգառը ՀՀ կառավարության շենքի մոտ էր: Հենց այստեղ էլ որոշեցին թողնել «ոսկե գունդը»` որպես նվեր Ամուլսարի ծրագրին աջակցող կառավարությանը:

«Ոսկու փայլին խաբնված կառավարությունը իրավունք չունի վտանգել մեր և ապագա սերունդների կյանքը: Ամուլսարը չպետք է դառնա ոսկու հանք», - ասաց Աննա Շահնազարյանը:

«Այս սիմվոլիկ «70 տոննա ոսկին» մենք նվեր ենք անում կառավարությանը, որպեսզի նա հիշի, որ ոսկին ուտելով չի կարող կշտանալ: Ջուրը, հողը և նրա տված բերքն ավելի կարևոր են, քան ոսկին: Ամուլսարի շահագործման ծրագիրն աղետ է լինելու Հայաստանի համար: Այս ոսկին թող կանգնի բոլոր նրանց կոկորդներին, ովքեր փորձում են ավիրել մեր բնությունը», - հայտարարեց ՀԲՃ-ի անդամ Լևոն Գալստյանը:

Բնապահպանները «ոսկե գունդ»-ը թողեցին Հանրապետության Հրապարակի օղակի մոտ: Կարճ ժամանակ անց ոստիկանները հեռացրեցին այն:

18:09 Սեպտեմբեր 20, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news