Ամուլսարի ծրագրի վերաբերյալ «CEE Bankwatch Network»-ի, Բուլղարիայի «Վայրի բնության բալկանյան միություն» ՀԿ-ի և ԷկոԼուրի գրությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը

Ամուլսարի ծրագրի վերաբերյալ «CEE Bankwatch Network»-ի, Բուլղարիայի «Վայրի բնության բալկանյան միություն» ՀԿ-ի  և ԷկոԼուրի գրությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրում նոր գործոնների հայտնաբերման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղարկված «էկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «CEE Bankwatch Network» եվրոպական միջազգային ցանցի և Բուլղարիայի «Վայրի բնության բալկանյան միություն» ՀԿ-ի գրությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին ԷկոԼուրը տեղեկացավ ՀՀ բնապահպանության նախարարության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Ջիլավյանի նամակից: Նամակում նշված է. «Ի կատարումն վարչապետի 2019թ. հունվարի 21-ի N 02/12.4/1419 հանձնարարականի հայտնում եմ, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի վերաբերյալ հարուցվել է թիվ 69104218 քրեական գործը, ինչի շրջանակում դիտարկվում են գրությամբ բարձրացված հարցերը:

Ձեր գրությունն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն»:



Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետին է ուղարկվել «CEE Bankwatch Network»-ի աջակցությամբ իրականացված «Make ICT Fair» ծրագրի շրջանակներում Բուլղարիայի Վայրի բնության բալկանյան միության գիտնականների կողմից պատրաստված «Ամուլսարի ոսկու ծրագրի «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում» (ԲՍԱԳ) փաստաթղթում նոր հանգամանքների մասին հաշվետվությունն» ուսումնասիրությունը և «Համայնքային փոխօգնություն» ՀԿ-ի ղեկավար, սոցիոլոգ Անահիտ Մկրտչյանի կողմից պատրաստված ««Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ սոցիալական հետևանքների գնահատականը ազդակիր համայնքների բնակչության կողմից» սոցիոլոգիական հետազոտությունը:
Բուլղարիայի Վայրի բնության բալկանյան միության հաշվետվության մեջ ներկայացված հիմնական եզրակացություններն են.
• Էմերալդ ցանցը և Բեռնի կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2008թ-ին, բավարար ուշադրության չեն արժանացել Ամուլսարի ԲՍԱԳ հաշվետության մեջ, և ԲՍԱԳ-ը տեղեկատվություն չի տրամադրել ՀՀ համապատասխան մարմիններին (Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն (ՇՄԱՓԿ) և ՀՀ բնապահպանության նախարարությանը) առ այն, որ այս ծրագիրն ուղղակիորեն ազդում է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում ստեղծված Էմերալդ ցանցի վրա, և հնարավոր են բացասական ազդեցություններ
• ԲՍԱԳ-ում բացակայում է Ամուլսարի ոսկու ծրագրի ազդեցությունների գնահատումը Էմերալդի տարածքների էկոլոգիական առանձնահատկությունների վրա
• Ամուլսարի ԲՍԱԳ-ում կիրառվում են մեթոդաբանություններ, որոնք չեն արտահայտում Բեռնի կոնվենցիայի դրույթները և անհամատեղելի են Բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքների (ԲՀՀՏ)` Էմերալդ ցանցի հետ
• ԲՍԱԳ-ում նաև չեն գնահատվել պաշտպանության ներքո գտնվող մի շարք ցեղատեսակների և բնակավայրերի վրա հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաև Արփա գետի հնարավոր աղտոտման ազդեցությունը և հնարավոր սպառնալիքները ջրային էկոհամակարգերի նկատմամբ:
Երկրորդ հաշվետվության` սոցիոլոգիական ուսումնասիրության հիմնական եզրակացությունն է. «Հանքի գործունեության ողջ ցիկլի սոցիալական ազդեցությունների շուրջ հարցման մասնակիցների շրջանում ձևավորված ծայրահեղ դրական և ծայրահեղ բացասական գնահատականները կրում են բնակչության ոչ բավարար տեղեկացվածության, հանքի աշխատանքների շարունակման մեջ ուղիղ անձնական շահ տեսնող փոքրաթիվ խմբի կողմից բացասական հետևանքների իսպառ հերքման և ողջ բնակչության շրջանում ստեղծված հուզական լարված դաշտի գերազդեցությունը: Այս ենթատեքստում կարևոր է հիշատակել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի 2018 նոյեմբերի 16–ին Երևանում ունեցած ելույթը: Նա նշել է, որ նախորդ տարիներին դժվարություններ են եղել համայնքների համար տեղեկատվության հասանելիության, հանրային քննարկումներին բնակչության իմաստավորված մասնակցության և հանքերի տրամադրման շուրջ համաձայնության գալու հարցերում: Հայաստանում բնական ռեսուրսների կառավարման հարցում մեծ անբավարարվածություն կա այն համայնքներում, որոնք ուղղակիորեն տուժում են հատկապես ջրի, կենցաղի կազմակերպման վրա դրանց ազդեցություններից, որոնք արդյունք են ազգային օրենսդրության շրջանցման: Հանքի ճանապարհն արգելափակած ակտիվիստների բողոքը վկայում է, որ կառավարությունը պետք է խորհրդակցի համայնքի անդամների հետ ինչպես հանքի սոցիալական և բնապահպանական ազդեցությունների, այնպես էլ օգուտների շուրջ: Որպես առաջին քայլ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն առաջարկեց իրականացնել այնպիսի խորհրդատվություն, որը կապահովի հանքային նախագծերի` բիզնես և մարդու իրավունքներն առաջնորդող սկզբունքներին համապատասխանությունը և կհարգի մարդու իրավունքներն ու Կայուն զարգացման նպատակները»:

14:32 Մարտ 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news