Ամուլսարի ծրագրի փաստաթղթային փորձաքննության համար ՀՀ կառավարությունը ELARD-ին կվճարի ևս 54 հազար ԱՄՆ դոլար

Ամուլսարի ծրագրի փաստաթղթային փորձաքննության համար ՀՀ կառավարությունը ELARD-ին կվճարի ևս 54  հազար ԱՄՆ դոլար

ԷկոԼուր

Դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը որոշեց ևս 54.044 ԱՄՆ դոլար վճարել  Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությանը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ քրեական գործով նշանակված փաստաթղթային փորձաքննության իրականացման համար: Հիշեցնենք, որ մինչ այս, ELARD-ին իր աշխատանքի համար պետական բյուջեից վճարվել է 396.900 ԱՄՆ դոլար:

ELARD-ին նոր գումար վճարելը պայմանավորված է նրանով, որ ընկերությունը գրությամբ տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեին, որ Ամուլսարի ծրագրի համալիր փորձաքննության ընթացքում նախատեսված շուրջ 70 փաստաթղթի փոխարեն փորձագիտական խումբը ուսումնասիրել է շուրջ 150 փաստաթուղթ: Բացի այդ, փորձագետներին գնահատման համար տրամադրվել են տեխնիկական առաջադրանքից դուրս  մեծածավալ այլ տեղեկություններ նույնպես, որոնք հետազոտվել և ուսումնասիրվել են, պարզաբանման են ներկայացվել 12 լրացուցիչ հարցեր: Նաև, նախնական եզրակացությունը տրվել է պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ: 2019 թ-ի հունիսի 24-ից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ ընկերությունը ևս ներգրավվել է համալիր փորձաքննության կատարմանը, ինչը նույնպես ենթադրում է ELARD  փորձագիտական խմբի կողմից լրացուցիչ աշխատանքի իրականացում: Ընկերությունը խնդրել է պայմանագրով նախատեսվածից ավելի աշխատանք կատարելու դիմաց քննարկել 54.044 ԱՄՆ դոլար լրացուցիչ վճարման հնարավորությունը:

Լրացուցիչ գումարը ELARD-ին կհատկացվի ՀՀ 2019 թ-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Հիշեցնենք, որ լիբանանյան ընկերությունն իր փորձաքննության արդյունքում մի շարք բացթողումներ և խնդիրներ է հայտնաբերել Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունում: ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործը դեռ չի ավարտվել:

Լուսանկարը՝ www.elard-group.com կայքի

Դեկտեմբեր 19, 2019 at 14:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր