Դիմակայություն Ամուլսարում Լիդիան Արմենիայի բռնության պրովոկացիային. ՀԲՃ

Դիմակայություն Ամուլսարում Լիդիան Արմենիայի բռնության պրովոկացիային. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ

Այսօր՝ օգոստոսի 27-ի առավոտյան Վայք քաղաքից Լիդիան Արմենիա ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները, հնարավոր է նաև Լիդիան Արմենիային աջակցություն ցույց տվող այլ անձինք, մի քանի տասնյակ ավտոմեքենաների շարասյունով շարժվել են դեպի Ամուլսար։ Ամուլսարի պահպանության 1-ին կետի մոտ նրանք առճակատվել են տեղի բնակչությանն ու Ամուլսարի պահապաններին, ովքեր արդեն երկու ամիս է՝ հայտարարել են, որ դեմ են Ամուլսարում հանք շահագործելու ծրագրին և փակել են դեպի Ամուլսար տանող ճանապարհներն՝ իբրև իրենց իրավունքներն իրացնելու, բնության պահպանության մասին հոգ տանելու սահմանադրական պարտականությունը կատարելու գործողություն։

Լիդիան Արմենիայի տնօրինությունն ու աշխատակիցները հայտարարել են, թե Բնապահպանության և ընդերքի պետական տեսչական մարմնի որոշումը (տեսչական ակտը), որը պետք է հրապարակվեր այսօր ավելի ուշ, իրենց իրավունք է տալիս մտնել Ամուլսարի տարածք և աշխատել հանքարդյունաբերական ծրագրի վրա։ Ամուլսարի պահապանները բարձրաձայն ընթերցել են տեսչական մարմնի որոշումը, որտեղ ընդհանուր առմամբ ասված է՝

««Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքներով Ամուլսարում լուրջ խախտումներ են բացահայտվել։ [Որոշվել է] ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկել նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը: Տեսչական մարմնի ղեկավարը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու և սահմանված կարգով ընթացք տալու համար: «Եղեգնաձոր ՋՕ» ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Կեչուտ-Զառիթափ ոռոգման ջրագծից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին արտադրական նպատակներով ջրամատակարարման իրավաչափությունը պարզելու համար:

Խոշորացված Ջերմուկ քաղաքի համայնքապետարանի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Գնդեվազի գյուղապետի կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը Գնդեվազ համայնքի «Յոթ աղբյուր-Գնդեվազ» ջրատարից ջրի օգտագործման համար, ինչպես նաև շինարարության փուլում ոչ ստատիկ ջարդիչ կայանների տեղադրման համար թույլտվություն տրամադրելու իրավաչափությունը պարզելու նպատակով: ՀՀ վարչապետին ներկայացվել է զեկուցագիր՝ որպես կապալառու ընկերություններ Ամուլսարում շինարարական աշխատանքներ կատարած ընկերություններում տեսչական ստուգումներ իրականացնելու վերաբերյալ»:

Տեղեկանալով Լիդիան Արմենիա ընկերության առնչությամբ ընդունված որոշման մասնրամասներին՝ Ամուլսարի պահապաններն ու տեղի բնակչությունն առավել հաստատակամորեն են որոշել, որ անթույլատրելի է նման խախտումների պարագայում թույլ տալ ընկերության հանքարդյունաբերական գործունեությունը։ Տեղի են ունեցել ընդհարումներ, տարածք ներխուժելու ցանկություն ունեցող անձինք Ամուլսարի պահապանների վրա նետել են քարեր, ըստ ականատեսների՝ գործածել են գազային բալոնչիկներ։ Այնուհետև իրենց շարասյունով փակել են Ջերմուկի ճանապարհը։ Թեև ոստիկանությունը Լիդիան Արմենիայի աշխատակիցներին տվել էր 20 րոպե ժամանակ ավտոմեքենաները ճանապարհից հանելու և այն բացելու համար, տեղացիներն են ավտոմեքենաներից մի քանիսը հրելով ճանապարհային միջանցք բացել առողջական խնդիրների պատճառով ավտոմեքենաներում վատացած մարդկանց համար։

15։00-ի դրությամբ դեպի Ամուլսար տանող ճանապարհները շարունակում են հսկել Ամուլսարի պահապանները, Լիդիան Արմենիայի ղեկավարությունն ու աշխատակիցները հեռացել են տարածքից։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը Լիդիան Արմենիայի այսօրվա գործողությունները գնահատում է որպես բռնություն և պրովոկացիա։



20:10 Օգոստոս 27, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news