Ամուլսարի ոսկու ծրագիրը քաղաքական ծրագիր է

Ամուլսարի ոսկու ծրագիրը քաղաքական ծրագիր է

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը քաղաքական ծրագիր է, հայտարարեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը սույն թվականի օգոստոսի 24-ին՝ «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 19-ին՝ Վայոց ձորի մարզում, տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության մեկնարկի արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին քաղաքական վերնախավի առաջին դեմքերը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակների ղեկավարներ Լորա Բեյլին և Տերեսա Դաբան Սանչեսը: Ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

«Ամուլսարի ծրագիրը քաղաքական որոշում է, որը ոչ մի հիմնավորում չունի, որովհետև կայանում է ինչ-որ պայմանավորվածության հիման վրա, և մենք այստեղ կարող ենք ստույգ տեսնել՝ ովքեր են այդ խոշոր քաղաքական խաղացողները:  Իհարկե, դա Միջազգային ֆինանսական կորպորացիան  (IFC) է և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), որոնք «Lydian International» ընկերության բաժնետերերն են: Դա, իհարկե, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է, ով հիմա Մեծ Բրիտանիայում դեսպան է և մեծ դեր է խաղացել՝ որպես Ամուլսարի ծրագրի լոբբիստ: Շատերը հիշում են, երբ նրա անմիջական հրավերով այստեղ եկավ արքայազն Չարլզը և ուզում էր գնալ Ամուլսար: Բայց բողոքի ակցիաներ եղան, և նա չգնաց: Այժմ մենք ունենք այն, ինչ ունենք: Եվ եթե դա քաղաքական որոշում է, մենք պետք է նայենք այդ ծրագրի զարգացմանը որպես քաղաքական ծրագրի զարգացման», - ասաց Ինգա Զարաֆյանը:

Նա շեշտեց, որ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ որոշման կայացման ժամանակ հաշվի չեն առնվել  այն բոլոր բացասական կարծիքները, որոնք ներկայացրել էին ինչպես անկախ փորձագետները, միջազգային կազմակերպությունները, այնպես էլ Հայաստանի կառավարությանն առընթեր մարմինները:

«Ամուլսարի ծրագրին իր բացասական գնահատականը տվեց Հայաստանում WWF-ի գրասենյակը՝ ի դեմս տնօրեն Կարեն Մանվելյանի, CEE BankWatch եվրոպական խոշոր ցանցը, ԱՄՆ-ում Հայ ճարտարագետների ասոցիացիան:  Մենք ունենք կառավարությանն առընթեր մարմիններ, որոնք նույնպես տվել են բացասական եզրակացություններ: Դրանցից մեկը Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի 2012թ-ի եզրակացությունն է՝ երկրաբանական և սեյսմիկ ռիսկերի գնատականը, որտեղ գրված է, որ այս բացասական կարծիքը փոփոխման ենթակա չէ: Բայց մենք տեսանք, որ երկու տարի անց նրանք փոխել են իրենց կարծիքը և մեզ նույնիսկ չեն տրամադրել այդ հիմնավորումը, - ասաց Ինգա Զարաֆյանը, - Դեռ երեք տարի առաջ Ջերմուկի քաղաքապետը և ավագանու ամբողջ կազմը դիմել էին վարչապետին՝ խնդրելով թույլ չտալ Ամուլսարի ծրագիրը, քանի որ դա Ջերմուկի վերջը կլինի»:

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը թվարկեց Հայաստանի կառավարության կողմից ընդունված որոշումները, որոնք նպաստել են Ամուլսարի ծրագրի իրագործմանը:

«2011 թվականից սկսվեցին շատ հետաքրքիր գործընթացներ՝ կապված Ամուլսարի հետ: Երբ իրենք (ԷկոԼուր՝ «Lydian International» ընկերությունը) ունեցան ֆինանսավորման հայթայթման խնդիրներ, իրենց պետք էին ներդրողներ: Քանի որ ծրագիրն այդ պահին շահավետ չէր ոսկու գներով, ծախսերը բարձր էին՝ մոտավորապես 700 դոլար մեկ ունցիա ոսկու համար, արտասահմանյան ներդրողները չէին ուզում ներդրում կատարել ծրագրի մեջ: Այդ ժամանակ ՀՀ կառավարությունը մի որոշում  ընդունեց, որը վերաբերում էր բաց հանքերի շահագործման տեխնիկական նորմատիվներին: Փոփոխվում էր բեռնատարների ճանապարհների նորմատիվները: Այդ փոփոխության արդյունքում միայն Ամուլսարի ծրագրի ծախսերը նվազեցին 86 միլիոն դոլարով: Ամբողջ իրենց ծախսը մոտ 400 միլիոն դոլար է: Այսինքն, կառավարության միայն մեկ որոշումով մոտ 20 տոկոսով կրճատվեցին այդ ծախսերը:

Այդ ընթացքում եղավ որոշում, որով թույլատրվեց Կարմիր գրքում գրանցված բուսատեսակը տեղափոխել (ԷկոԼուր՝ Ամուլսարի հանքավայրի տարածքում հայտնաբերվել է ՀՀ բույսերի Կարմիր գրքում  գրանցված Մատնունի ծիրանավոր բույսը, որը այս որոշման շնորհիվ ընկերությունը տեղափոխել է Սևանի բուսաբանական այգի), որը էլի օրենքի խախտում էր:

Եվ երրորդ որոշումը, որով Սևանա լճի ջրհավաք ավազանի սխեմայի փոփոխություն կատարվեց: Սպանդարյանի ջրամբարից Կեչուտի ջրամբար գնացող Որոտան-Արփա թունելի հեռավորությունն այդ որոշմամբ այնպես փոփոխվեց, որպեսզի իրենց ցիանային վերամշակման ֆաբրիկան և հարթակն ընկնի Սևանի ավազանից դուրս», - ասաց Լևոն Գալստյանը:

Նա շեշտեց, որ Ամուլսարը նոր հայտնաբերված հանքավայր չէ, ինչպես պնդում է «Lydian International» ընկերությունը: Դա դեռևս 1961-63թթ. սովետական երկրաբանների կողմից ուսումնասիրված Կաքավասարի հանքավայրն է: «Ամուլսարի հանքավայրը միֆ է: Միֆը ստացվել է նրա համար, որպեսզի միջազգային կազմակերպությունները համարեն այն նոր հանքավայր Հայաստանի պատմության մեջ և սկսեն ներդրումներ անել այդ հանքավայրի մեջ, - ասաց Լևոն Գալստյանը, - ինձ համար մեծ հարց է՝ այդ 50-60 տոննա ոսկին իրենք կկարողանա՞ն արդյունահանել, կամ կա, թե չկա այդ ոսկին: Եվ այն ներդրողները, որոնք փող են դրել այդ ծրագրի մեջ, իմ կարծիքով, լուրջ խնդիրներ են ունենալու և Հայաստանի ժողովրդի, և նաև իրենց ներդրումների հետ...Ես կոչ եմ անում հատկապես Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ գյուղի բնակիչներին՝ անտարբեր չլինեն և ոտքի կանգնեն այս ծրագրի դեմ՝ ավելի կտրուկ և վճռական քայլեր իրականացնելով»:

Շարունակելի



18:11 Օգոստոս 25, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news